Ըստ նախագահի՝ հանրությանը պետք է բացատրել գազի գնի ձևավորման մեխանիզմը

Ըստ նախագահի՝ հանրությանը պետք է բացատրել գազի գնի ձևավորման մեխանիզմը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 28-ին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ իր ուրախությունն է հայտնել այն առթիվ, որ գազի գնի հարցով Ազգային ժողովում հանձնաժողով է ստեղծվել. «Այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»,- նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հավելել է. «Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է նախագահը:

Մարտի 26-ին էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանում գազի գնի բարձրացումը կարող է ազդել Հայաստանին տրամադրվող գազի սակագնի վրա, հայտատարել է, որ Ռուսաստանն առայժմ Հայաստանին չի տեղեկացրել գազի գնի նոր բարձրացման մասին: Այնուամենայնիվ, նախարարը թանկացումները չի բացառել, բայց նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում առայժմ չկա. «Երբ ինչ-որ բան ստանանք, այդ ժամանակ կասենք: Պետք է հասկանանք, թե ինչ թանկացման մասին է խոսքն ու ինչ ենք կարող անել»

Փետրվարի 26-ին Ազգային ժողովում կողմ էին քվեարկել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կոալիցիոն ուժերի (ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի) առաջարկին:

Փետրվարի 24-ին ներկայացնելով նախագիծը, Դավիթ Հարությունյանը նշել էր, որ հանձնաժողովը կուսումնասիրի բնական գազի ջերմատվությունը` հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, գազի դիմաց կուտակված պարտքն է. «Հանձնաժողովի նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է, այլ շատ ավելի լուրջ է՝ պարտքի ձևավորման օրինականության հարցը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»:

«Քննարկման կդրվի նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությանն օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը՝ լինի դա ռուսական կամ այլ երկրի արտադրության՝ ինչպիսին են կանխատեսումները, ինչ հնարավորություններ կան և ինչ սահմանափակումներ»,- ավելացրել էր պատգամավորը:

Ըստ Հարությունյանի՝ հանձնաժողովում ուսումնասիրման կդրվեն նաև ոչ թե միայն Հայաստան մատակարարվող գազի խնդիրը, այլև Հայաստանի հնարավորությունները՝ իբրև տարանցիկ երկիր օգտագործվելու՝ ինչպիսի իրավիճակում ենք, ինչ հնարավորություններ կան, որոնք են այդ հնարավորություններից սկզբունքորեն տեսանելի ապագայում հետագայում իրագործելի, ինչ արգելքներ կան, որ խանգարում են դրա իրականացմանը: Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։

Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը: Փետրվարի 3-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով խորհրդարանում գազային հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ կներգրավվեն տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու կուսումնասիրվի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, ինչպես նաև կպարզի գազի մեծածախ ու մանրածախ սակագնի տարբերության պատճառը: Ավելի ուշ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը:

2013-ի հուլիսի 7–ից Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ են գործում, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն:

Photo: President.am
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---