ՀԷՑ-ին տուգանեցին 5 մլն դրամով․ Եվս մեկ քայլ դեպի սնանկացո՞ւմ

ՀԷՑ-ին տուգանեցին 5 մլն դրամով․ Եվս մեկ քայլ դեպի սնանկացո՞ւմ

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 16-ի նիստում 5 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսականան կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։

Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է։ Դեռևս փետրվարի 26-ին, օրինակ, Yerkir.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով Էլցանցերը մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, որը կապված է վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ։ Մոտ 935․000 սպառողի սպասարկող այդ ընկերությունը կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ընկերությունը, սակայն չէր մեկնաբանել սնանկացման մասին լուրերը։

Նշենք, որ վերջին անգամ էլէներգիան թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

Սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ին էլ, որպես կանոն, «օգնության ձեռք կմեկնի» արտասահմանյան ներդրումային մի ծրագիր և, ձեռք բերելով էլէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հնարավորություն կստանա բարձրացնելու սակագինը, գրել էր կայքը՝ հավելելով, որ ներկայումս այս ընկերությունով հետաքրքրվում է ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը մի քանի ամիս առաջ հայտարարել էր Հայաստանում 500․000․000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին:

ՀԾԿՀ-ն՝ ուսումնասիրելով ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2013-ի օգոստոս-նոյեմբեր ամիսների արդյունքներով լրացված ցուցանիշները, արձանագրել էր, որ սպառված էլէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել հատուկ հաշիվներում (հաշիվներում հավաքագրվող գումարը նախատեսված է միայն արտադրող կայանների առջև ստանձնած պարտավորությունների ֆինանսավորման համար)։

Ընկերության հատուկ հաշիվներում առկա էր միջոցների անբավարարություն, արդյունքում ընկերությունն էլէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն արել է պարբերական ուշացումներով, գրում է «Սիվիլնեթ»-ը։

Թեև ընկերությունը ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի պահանջների խախտումը պայմանավորել է այդ ժամանակահատվածում ծանր ֆինանսական վիճակով, հանձնաժողովը, այնուհանդերձ, տուգանել է 5 մլն-ով։ Մինչև այդ, նիստին Սազոնովը նշել է, որ ընդունում են, թե ֆորմալ առումով խախտել են կանոնակարգը, սակայն մյուս կողմից պետք է հաշվի առնել ընկերությունում ստեղծված վիճակը և ավելի մեղմ վերաբերվել։ Ըստ նրա՝ ընկերությունը արդեն ամբողջովին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները արտադրող կայանների առջև։ Նրա խոսքով, կանոնների խախտումը պայմանավորված է եղել նրանով, որ էլէներգիա արտադրող կայանների օգտին վճարման ծավալները շեշտակիորեն ավելին էին, քան դրվել էր սակագնի հաշվարկի հիմքում: Բացի այդ, ընկերությունը կուտակել է հսկայական վարկային պարտավորություններ։

Սազոնովը նշել է նաև, որ վերջին երկու տարիներինընկերության մարժային (իրացման գնի և ինքնարժեքի տարբերություն) վնասը կազմել է 25 մլրդ դրամ։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին ասել է, թե Հանձնաժողովը հասկանում է, որ ընկերության համար վիճակը ֆորսմաժորային էր՝ Հայկական ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքները նախատեսվածից երկար իրականացնելու արդյունքում ՀԷՑ-ը գնել է ավելի թանկ էլէներգիա ջէկերից, բայց ընկերությունը տուգանվում է ոչ թե վճարումներն ուշացնելու, այլ ֆինանսական կարգապահության համար։

«Հատուկ հաշիվներում պետք են երաշխիքային գումարներ, որոնք ընկերությունը չի համալրել»,- ասել է Նազարյանը։

Նրա խոսքով, ՀԷՑ-ը շատ լավի գիտի էլէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդոլոգիան, և ՀԾԿՀ-ն չի աշխատում երկակի ստանդարտներով։ Սակագնային ռիսկերը դրված են ընկերության վրա, և կարող է՝ մեկ տարում սակագնի հիմքում դրված պայմանները լինեն հօգուտ ընկերություն, իսկ մեկ այլ տարում՝ ի վնաս ընկերության։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 11 մասնաճյուղ ունի, այն ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատոր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---