ԵՄ-ն ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համար ևս 77.5 մլն եվրո է հատկացրել. Կիրականացվի 8 համաձայնագիր

ԵՄ-ն ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համար ևս 77.5 մլն եվրո է հատկացրել. Կիրականացվի 8 համաձայնագիր

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ մոտ 77,5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

«Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել գործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով: Մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտների և պետական կառավարման մարմինների կատարելագործման, և թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով:

Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցությունը Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործակցության առանցքային բաղադրիչներից է: Անցած տարեվերջին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքվեց տարբեր ոլորտների աջակցության վերաբերյալ 8 համաձայնագիր:

Ներկայում իրականացման փուլում են գտնվում Եվրոպական միության աջակցության շրջանակում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև ակնկալում ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել այս գործիքի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները», - ողջույնի խոսքում ասել է վարչապետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է՝ Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: «Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»,- ասել է նա և հավելել, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է:

Համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ գործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Տրայան Հրիսթեան նշել է, որ երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր գործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում:

Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ գործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագիր նույնպես համաձայնեցվել է՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5,5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և Եվրոպական միության՝ երկկողմ գործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---