Սիրիահայ գործարարները բիզնեսը չկորցնելու համար դիմել են Կառավարությանը

Սիրիահայ գործարարները բիզնեսը չկորցնելու համար դիմել են Կառավարությանը

PanARMENIAN.Net - Սիրիահայ գործարարները բիզնեսը չկորցնելու համար աջակցություն են խնդրում Կառավարությունից՝ հայտարարելով, թե հակառակ դեպքում ստիպված կլինեն դադարեցնել հայրենիքում սկսած գործն ու շատերի նման համալրել անգործների շարքերը։

«Ես 28 հոգանոց աշխատող խումբ ունեմ։ Պատկերացնում եք՝ դու 5 միլիոն ունես, ինչքա՞ն կհերիքի աշխատավարձը 28 հոգու համար... հոսանք, գազ, աշխատավարձ, վարձ, հումք... ինչքա՞ն կհերիքի։ Այսօր մինիմալ աշխատավարձը Երևանում 80 հազար է»,- ասել է սիրիահայ գործարարներից մեկը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սիրիական ճգնաժամի պատճառով անցած 4 տարիներին Հայաստան տեղափոխված հայերից շուրջ 70-ին կառավարությունն արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրել։ Կառավարության այս օգնությունից գոհ լինելով՝ հիմա էլ խնդրում են վեց ամսով սառեցնել տոկոսադրույքների վճարումը՝ սկսած գործը մինչև վերջ հասցնելու համար.- «Եթե մեզ վեց ամիս դադար տան, էլի հունի մեջ կմտնենք»։

Կառավարությունը առայժմ կարծես մտադիր չէ դրական արձագանքել։ Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն ասել է, որ կառավարությունն անգամ իր հնարավորություններից ավելին է արել սիրիահայերի համար։

«Արդեն քանի տարի է խոսում ենք, թե ինչ արտոնություններ և աջակցություն է տրվել նրանց, գլխավոր հարցերը լուծված են՝ առողջապահական, կրթական և այլն, բայց գլխավոր խնդիրներից մեկը մնում է նրանց աշխատանքի տեղավորման, արտադրական գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծելու հարցը, որի համար մեր կառավարությունը գնաց այդ քայլին և բավականին մատչելի գնով հնարավորություն ստեղծեց, որ նրանք ստանան վարկեր»,- ասել է նա։

Սիրիայում մոտ 4 տարի ճգնաժամային իրավիճակ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125.000 մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5.000-ը Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---