Երվանդ Զախարյանը վստահ է` Իրանը չի կարող Հայաստանին ավելի էժան գազ վաճառել

Երվանդ Զախարյանը վստահ է` Իրանը չի կարող Հայաստանին ավելի էժան գազ վաճառել

PanARMENIAN.Net - Հայտարարություններն այն մասին, որ Իրանը Հայաստանին ավելի էժան գազ մատակարարելու հնարավորություն ունի չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

«Այսօր Հայաստանը ստանում է տարածաշրջանում ամենաէժան, ամենացածր սակագնով գազը սահմանին։ Իրանական գազն այն սակագնով, որով մենք ներկայումս գնում ենք, բացառվում է։ Նման բանակցություններ Իրանի հետ չեն տարվել՝ հաշվի առնելով, որ դրանք ավելորդ կլինեն։ Մենք ունենք համապատասխան երկարաժամկետ պայմանագիր գազ մատակարարողի հետ և ղեկավարվում ենք այդ պայմանագրերով»,- ասաց նախարարը։

Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։«Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասներից. ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ՝ դոլարի հարաբերակցությամբ, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսն արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից։ Մեր դիտարկումներով՝ սահմանին գազի գնի նվազումը մեծ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու համար: Դա նշանակում է, որ սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ», - ասել է Սարդարյանը, գրում է «Ազատություն»-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---