Երևանում շրջանցիկ նոր ճանապարհներ կկառուցվեն. Շիրակի փողոցը կերկարացվի

Երևանում շրջանցիկ նոր ճանապարհներ կկառուցվեն. Շիրակի փողոցը կերկարացվի

PanARMENIAN.Net - Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական ծրագրի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։

Լիցքի մեջ կկառուցվի 2 թունելային ուղեանց՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա, իսկ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։

Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-ի ամռանը:

Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը 2011-ի մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ:

Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը` $60 մլն արժողությամբ, հատկացվել է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր, շրջանցիկ ճանապարհներ Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը, նոր ճանապարհ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում:

«Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող այս ծրագիրն այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը: Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից», - ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի հեռակա նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասն իրար կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալն է:

Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ, որը հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատի խճուղու վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի փողոցի երկարացումը կկազմեն Երևանի արևմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երևանի կենտրոնական փողոցները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---