Տնտեսվարողների մոտ գերատեսչական ստուգումները կարող են հասցվել նվազագույնի

Տնտեսվարողների մոտ գերատեսչական ստուգումները կարող են հասցվել նվազագույնի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության հուլիսի 23-ի նիստում գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015-ի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը և հաջորդ նիստին համապատասխան առաջարկ ներկայացնել: Ըստ վարչապետի՝ ստուգումների հնարավոր կասեցման նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելը` հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը:

«Կարծում եմ՝ պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, և այս իրավիճակում ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնի հասցնելու բոլոր ստուգումները»,- ասել է Աբրահամյանը:

Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շահերը համակողմանիորեն պաշտպանելու նպատակով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009-ին որոշել է.

2009-ի հունիսի 1-ից «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, նախորդող տարվա արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ (այսուհետ՝ սույն որոշման իմաստով` փոքր և միջին ձեռնարկություններ` ՓՄՁ) ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում,

2. անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ,

3. ՓՄՁ-ի ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա,

4. ՓՄՁ-ի սուբյեկտը լուծարելիս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---