ՀԲ. $40 մլն՝ ՀՀ գյուղական ճանապարհների բարելավմանը

ՀԲ. $40 մլն՝ ՀՀ գյուղական ճանապարհների բարելավմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $40 մլն արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Դրան ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $45 մլն, որից $5 մլն-ը ներդնում է ՀՀ կառավարությունը: Համաշխարհային բանկը տրամադրում է ՎԶՄԲ վարկ $40 մլն-ի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար: Այն նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը:

Չնայած 2009-ից գործարկված Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման նախորդծրագրի մեկնարկից հետո դրական տեղաշարժերին (աշխատատեղերի ստեղծում, ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 40%-ով)՝ ՀՀ-ում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում: Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայերի առևտուրն օպտիմալ ծավալների չի հասնում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է:

Համաշխարհային բանկի տրամադրած $101.6 մլն ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ վերակառուցվել է 433 կմ ճանապարհ:

Առաջարկված լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ վերակառուցվող ճանապարհների հատվածները կկազմեն 360 կմ, որից 73 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտված են:

«Ինչպես հիմնական ծրագրի իրականացման, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը», - ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին՝ հավելելով, որ գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու դրանց պահպանումը խիստ կարևոր են, որպեսզի գյուղատնտեսական առևտուրը զարգանա և դրանով իսկ խթանվի հետագա տնտեսական աճն ու տեղերում աշխատատեղերի ստեղծումը:

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումն ուղղվում է երկու բաղադրիչի: Առաջինն օգնում է կենսական նշանակության ճանապարհների բարելավմանը, որի ներքո 155 կմ ճանապարհ է վերակառուցվում տարբեր մարզերում՝ վերակառուցման ու պահպանության մեկտեղված պայմանագրեր կնքելու միջոցով, ինչն արդեն փորձարկված է: Ներմուծվում է արտակարգ իրավիճակներին արձագանքման նոր ենթաբաղադրիչ որպես նախազգուշական միջոց, որը ՀՀ կառավարությանն ու ՀԲ-ին թույլ կտա տարերային կամ տեխնածին աղետների դեպքում վարկային ֆինանսավորումն արագ կերպով ուղղել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը:

Երկրորդ բաղադրիչով, որն ուղղված է ինստիտուցիոնալ կամ կառուցակարգային ամրապնդմանը, կֆինանսավորվեն.

- սոցիալական մոնիտորինգի և ազդեցության գնահատման ուսումնասիրության պատրաստումը,

- կենսական նշանակության ճանապարհային ցանցի ռազմավարական զարգացման ծրագրի մշակումը,

- կենսական նշանակության ճանապարհային ցանցի մասին տվյալների հավաքագրումը Ճանապարհային ակտիվների կառավարման RAMS համակարգի համար,

- ճանապարհային անվտանգության գործողությունների նոր ծրագրի մշակումը և ընտրված միջոցառումների ապահովումը/իրականացումը,

- արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ճանապարհային օղակին ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը,

- ասֆալտի քիմիական բաղադրության փորձաքննության համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը,

- ճանապարհային անվտանգության նշանների տեղակայումը:

«Գյուղացիական տնտեսությունները ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները վերակառուցված ճանապարհների միջոցով կկարողանան իրենց ապրանքը շուկա հասցնել ավելի հեշտ ու ավելի էժան: Ծրագրի ներքո նաև կշարունակվի օժանդակությունը «Անվտանգ գյուղ» ծրագրին, որով ճանապարհային անվտանգության փոքր նախագծեր ու համայնքային իրազեկման աշխատանքներ կիրականացվեն: Թեպետ սկզբնական ծրագրով նախատեսվում էր 4 այդպիսի ձեռնարկ իրագործել, սակայն այս պահի դրությամբ արդեն իրականացվել են 13-ը», -- ասել է ՀԲ-ի ծրագրային թիմի ղեկավար Մարիո Կարոլինա Մոնսալվեն:

Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են ճանապարհային 7 տարբեր հատված 5 մարզում, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց: Առաջին յոթ հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ. դրանք վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնցից օգտվողների ընդհանուր թիվը 183.446 է:

1992-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993-ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցի կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է $2.158.730 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---