Կալիֆորնիայի Գոլդեն Սթեյթ բանկն ու Ամերիաբանկը կգործակցեն. Ներդրումներ ներգրավելու հնարավորություն կա

Կալիֆորնիայի Գոլդեն Սթեյթ բանկն ու Ամերիաբանկը կգործակցեն. Ներդրումներ ներգրավելու հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Գոլդեն Սթեյթ բանկը և Ամերիաբանկը հայտարարել են գործակցության հուշագրի ստորագրման մասին, որի նպատակն է նպաստել երկու հեղինակավոր հաստատության միջև սերտ գործակցությանը և հնարավորություն տալ երկու բանկի ներկա և ապագա հաճախորդներին օգտվելու մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից:

Այսուհետ հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձինք, որոնք ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիայում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:

Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ գործակցության առաջին փորձն է, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք, մյուս կողմից, հնարավորություն կստանան Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, և օգտվել բանկի բազմաթիվ այլպրոդուկտներից և ծառայություններից (հաշիվների հեռահար բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում և այլն):

«Մենք շատ լավ ծանոթ ենք Հայաստանի բանկային համակարգին և բարձր ենք գնահատում այն, ինչպես նաև սերտ հարաբերություններ ունենք բանկային ոլորտում Լոս Անջելեսի ամերիկահայ գործարար համայնքի հետ: Ոգեշնչված ենք Հայաստանի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ բարձր համբավ ունեցող Ամերիաբանկի հետ գործակցության հեռանկարով, և ուրախ, որ կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել միջնորդության ծառայություններ և առավել դյուրին դարձնել նրանց համար Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես վարելու գործընթացը: Դա, անկասկած, կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Միաժամանակ, այս գործակցությունը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին հասանելիություն ստանալ սպասարկման այն ոլորտներին և շուկաներին, որտեղ գործում է Գոլդեն Սթեյթ բանկը», − նշեց Գոլդեն Սթեյթ բանկի գործադիր տնօրեն Թոմ Բայինգթոնը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին նշեց. «Բարձր եմ գնահատում Գոլդեն Սթեյթ բանկի հետ այս նոր գործակցությունը, որը հնարավորություն է տալիս մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, երկուստեք ընդլայնել և խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները»:

Հանեսյանը հավելեց, որ այս ծրագիրը կնպաստի երկու երկրի միջև գործակցության ընդլայնմանը, հատկապես, Սփյուռքի հետ նոր գործարար կապերի հաստատմանը:

«Այս համագործակցությունը նախաձեռնել ենք հիմնական 3 պատճառով. առաջինը՝ գործակցություն ենք հաստատում Հայաստանի ամենախոշոր և հարգված բանկերից մեկի հետ, երկրորդը՝ մեր հաճախորդների համար նոր հնարավորություններ կստեղծվեն, երրորդը՝ նոր էջ է բացվում հայ-ամերիկյան բանկային գործակցության համար, սա առաջին նմանատիպ կապն է հայկական և ամերիկյան բանկերի միջև:

Այս գործակցությունը նաև գործնական մեծ ներուժ ունի: Հայաստանի քաղաքացիները Ամերիաբանկի ուղղորդմամբ կօգտվեն Կալիֆորնիայի շուկայի ծառայություններից, իսկ նահանգի բազմամարդ հայ համայնքի միջոցները կբերվեն Հայաստան, ինչու չէ՝ նաև ներդումների գծով, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Սա ռազմավարական արժեք ներկայացնող գործակցություն է», - նշեց «Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը։

Պատասխանելով ներդրումների ներգրավման մասին հարցին, նա նկատեց, որ հեշտ չէ Հայաստանի շուկային համար ներդրումներ գրավել, կան որոշակի դժվարություններ, որոնք կարող են լուծում ստանալ հենց այս գործակցության շնորհիվ:

«Բացի տեխնիկական խնդիրներից, վստահության պակաս կա, այս մասով խնդիրը լուծվում է. եթե Կալիֆորնիայում հաստատված, կշիռ ունեցող բանկը երաշխավորի, ապա վստահություն կստեղծվի՝ ներառյալ ներդրումների մասով», - պարզաբանեց Հովսեփյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք գործակցության թիրախում Կալիֆորնիայի միայն հայկական համայնքն է, «Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահն ընդգծեց, որ առաջին հերթին համատեղ գործունեությունը նախատեսված է այդ համայնքի համար, սակայն ոչ մեկին չեն սահմանափակում և պատրաստ են գործակցել ցանկացած գործարարի, հաճախորդի հետ:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ Ամերիաբանկը բավականին երկար ժամանակ ուսումնասիրում էր ամերիկյան շուկայի հնարավորությունները:

«Կարծում ենք, որ այս գործակցության արդյունքում մեր գործառույթները, ծառայություններն ավելի հասանելի կդառնան Կալիֆորնիայի համայնքի համար: Լինելու են գործակցության ինչպես հստակ ուղղություններ, որոնց մասին արդեն պատկերացումներ ունենք, այնպես էլ զարգացման հեռանկարային հնարավորություններ: Գործակցության շրջանակում լինելու են միջբանկային գործարքներ, հաճախորդների ուղղորդում, ծառայությունների առաջարկներ:

Ծավալուն ծրագիր ենք կազմել, կփորձենք իրականացնել: 5 տարի առաջ բացել ենք Ամերրիա ընկերությունների խմբի ներկայացուցչությունը Կալիֆորմիայում, իսկ այս գործակցությունը մեկ այլ հնարավորություն է: Փոխադարձ շահ և վստահություն կա», - նշեց Ջրբաշյանը:

Նա հավելեց, որ Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենավճարունակն է, բանկային ծառայությունների պահանջարկի տեսակետից ամենամեծ շուկաներից մեկը:

Գոլդեն Սթեյթ Բենքորփը Գոլդեն Սթեյթ բանկի մայր ընկերությունն է: Գոլդեն Սթեյթ բանկը Կալիֆորնիա նահանգում գործող բանկ է, որը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպասարկելով գործարար, առևտրային և մասնագիտական հատվածները: Բանկը բավարարում է իր կորպորատիվ հաճախորդների ֆինանսական կարիքները՝ տրամադրելով վարկեր շրջանառու միջոցների, սարքավորման, բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման համար, ինչպես նաև հաշվարկադրամարկղային ծառայությունների լայն տեսականի ու ավանդային պորդուկտներ ընկերությունների և նրանց սեփականատերերի համար: Գոլդեն Սթեյթ բանկը մատուցում է ծառայություններ Գլենդելում տեղակայված գլխամասի և մասնաճյուղի ու Ափլենդում գործող տարածքային գրասենյակի և մասնաճյուղի միջոցով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Այն նաև խոշորագույն հարկատու բանկն է Հայաստանում: 1992 թ-ից ի վեր, երբ ստեղծվեց անկախ Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը, Ամերիաբանկն առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները և վարկային պորտֆելը հատել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---