ՀՀ-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը 1.1 մլրդ եվրոյի 158 ծրագիր է ներառում

ՀՀ-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը 1.1 մլրդ եվրոյի 158 ծրագիր է ներառում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի երկկողմ գործընկերության փաթեթը ներառում է մոտ 1.1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ ավելացնելով, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղությունն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարևոր են, հաղորդում են կառավարությունից:

ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը:

Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար:

Իր հերթին, Սումա Չակրաբարտին ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը և շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է մեր երկրում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի «քանակի և որակի» նոր օրակարգ և պատրաստ է շարունակել իր օժանդակությունը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահի խոսքով, առանց ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ երկկողմ համագործակցության զարգացումը չէր լինի և սա լավ ուղերձ է ներդրողների, այդ թվում՝ միջազգային հանրության համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---