«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել

«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել

PanARMENIAN.Net - «Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել: ԱՄՆ դեմոկրատներին չի հաջողվել ուժի մեջ թողնել ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի En+, ալյումին արտադրող UC Rusal («Ռուսալ») և «Եվրոսիբէներգո» ԲԲԸ դեմ գործող պատժամիջոցները: Հանրապետականների մեծ մասը հավանություն է տվել սահմանափակումները չեղարկող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանին:

UC Rusal («Ռուսալ») Ընկերությունը Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկությունն է։ Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի:

Սպիտակ տան ծրագիրը դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 57 սենատոր, 42-ը դեմ է եղել: Բանաձևի ընդունման համար պահանջվում էր 60 ձայն: Հանրապետականները, որոնք հիմնականում հակված են սատարելու Թրամփի նախաձեռնություններին, փոքր առավելություն ունեն պալատում՝ 53 տեղ դեմոկրատների 47-ի դիմաց, գրում է BBC-ին:

«Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից: Որպեսզի ծրագիրը չեղարկվի և ընկերությունների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մնան, այն դատապարտող բանաձևը պետք է անցնի Կոնգրեսի երկու պալատով: Ստորին պալատում, որտեղ քվեարկություն դեռ չի եղել, ի տարբերություն Սենատի, մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք հիմնականում կողմ են ՌԴ դեմ պատժամիջոցներին և կասկածանքով են վերաբերվում դրանք թուլացնելու բոլոր փորձերին:

2018 թվականի ապրիլից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։

Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրել էին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---