2009-ին Ամերիաբանկի հաճախորդների բազան ավելացել է 57%-ով

2009-ին Ամերիաբանկի հաճախորդների բազան ավելացել է 57%-ով

PanARMENIAN.Net -
Ամերիաբանկը շարունակում է իր դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայում, ինչի մասին վկայում է օրեցօր մեծացող հաճախորդների բազան: Ամերիաբանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, բանկի հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 57 %-ով եւ արդեն տարեվերջին հաճախորդների քանակը կազմել է 13 114, ընդ որում, իրավաբանական անձանց թվաքանակի աճը կազմել է 66.9%, ֆիզիկական անձանց աճը` 55.3%:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առաջին 100 խոշոր հարկատուներից 31-ը Ամերիաբանկի ակտիվ հաճախորդներն են:



Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգում հաճախորդների բազան աճել է ընդամենը 11.9%-ով, իսկ իրավաբանական անձանց թվաքանակը`16.0%-ով, ֆիզիկական անձանցը` 11.7%-ով: Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն մշակել է նաեւ ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների լայն տեսականի, որը շարունակ համալրվում է նորամուծություններով:



Բանկի կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներն օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթից զեղչված սակագներով: Եվ այս ամենը նպաստել է ֆիզիկական անձանց թվաքանակի աճին, որոնք կազմում են Բանկի հաճախորդների 89.4%-ը: Ամերիաբանկի բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է 79.7%-ով, ընդ որում, իրավաբանական անձանց գծով աճը կազմել է 67.9 %, ֆիզիկական անձանց գծով` 82.2 %, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում բանկային հաշիվների քանակական աճը կազմել է ընդամենը 11.3%, իրավաբանական անձանց բանկային հաշիվների գծով` 11.0%, ֆիզիկական անձանց գծով` 11.4%:



«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:



Բանկը երկու մասնաճյուղ ունի Երեւանում, մեկը` Քաջարանում եւ մեկը ԼՂՀ-ում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---