Հայաստանում էքստրեմալ զբոսաշրջության զարգացման նախադրյալներ կան

PanARMENIAN.Net - «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) հասարակական կազմակերպությունը 2008թ.-ից իրականացնում է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, պատմական և բնության ժառանգության նշանավոր վայրերի, ինչպես նաև հասարակությանը պատմամշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնող մշակութային օջախների` թանգարանների ճանաչելիության աստիճանի բարձրացմանը միտված երկարատև նախագիծ:

Կազմակերպության այս տարվա ծրագիրը բացառիկ է նրանով, որ ի լրումն Հայաստանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու և հյուրընկալ դարձնելու ջանքերի` Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ արդեն բացվել է «Բարի գալուստ» ցուցանակը կրող հանգստի կենտրոն` Հայաստանով անցնող Մետաքսի պատմական ճանապարհին:

Բնության և մշակութային հուշարձանների պահպանությունը անբաժանելի են միմյանցից: Իսկ բնության հատուկ տարածքների պահպանությունը բնապահպանական քաղաքականության հատուկ բաղադրիչ է, որը պահանջում է հետևողական, շարունակական և գործնական քայլեր` ուղղված այդ տարածքների ոչ միայն պահպանության բարելավմանն` այլ նաև հասարակության կողմից ճանաչմանը:

Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթություն ճանաչված տուրիզմը ենթադրում է ոչ միայն մշակութային տուրիզմ` հենված պատմամշակութային հուշարձանների վրա, այլև հավասարապես կարող է վերաբերել նաև բնական պաշարների ու բնության հուշարձանների վրա հենվող էկոտուրիզմին, ինչպես նաև գիտաճանաչողական տուրիզմին:

Այս համատեքստում էլ ԱՄԱՓ-ն իր այս տարվա մշակութային ծրագրերում ներառել է բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրումը Տավուշի մարզի Կիրանց ու Սամսոնի ձորերում: Թեև դժվարանցանելի, բայց հարուստ բնական ու պատմամշակութային ժառանգությամբ, այս տեղանքները ուշագրավ ու գայթակղիչ են ինչպես ռելիեֆի, անկրկնելի լանդշաֆտի, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության, այնպես էլ պահպանված հին գյուղատեղիների, ամրոցների, վանքերի ու եկեղեցիների ավերակների տեղաբաշխվածության առումներով:

Կիրանց գետակի ձախափնյա բլրակին գտնվող Առաքելոց (13-14դդ.), Դեղձնուտի (12-13դդ.) և Սամսոնի (12-13դդ.) վանքերը, Բերդաքար ամրոցը (12-13դդ.), Սրանոցի կամուրջը հիրավի նոր, էքստրեմալ տուրիզմի զարգացման նախադրյալներ կարող են դառնալ:

Կիրանց և Սամսոնի ձորերի մասին տեղեկացնող բազմալեզու վահանակների բացումը կնշանավորվի հատուկ միջոցառմամբ` 2010թ. հունիսի 18-ին, Տավուշի մարզի Իջևանի ենթաշրջանի Աճարկուտ գյուղում, Կիրանց ձոր տանող արգելափակոցի մոտ:

ԱՄԱՓ-ի ծրագիրն իրականացվում է «ՎիվաՍել –ՄՏՍ»-ի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, Նորվեգիայի արտգործնախարարության հովանավորությամբ:

Ծրագրի գործընկերներն են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն (ԻԿՕՄՕՍ/Հայաստան), Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, տեղերում ` տարածքային և տեղական կառավարման մարմինները: Այս մասին հաղորդում է AMAP հասարակական-մշակութային կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---