Տիգրան Սարգսյանն ու Մոհամմադ Նահավանդիանը քննարկել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը ողջունել է կառավարության ղեկավարը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի մասնավոր հատվածների միջև կապերի ակտիվացումը ու առևտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մոհամմադ Նահավանդիանը հրավիրել է Տիգրան Սարգսյանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---