Տիգրան Սարգսյանն ու Դանիել Յոհանեսը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 3-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության զարգաց¬ման և ոռոգման ոլորտի կառույցների հզորացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Իր հերթին Դանիել Յոհանեսը նշել է, որ Հայաստան է ժամանել ծրագրի իրագործման արդյունքում արձանագրված առաջընթացին ծանոթանալու նպատակով և շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է վերականգնված ջրանցքներ, հանդիպել շահառու ֆերմերներին, ովքեր դրական և արդյունավետ են գնահատել ծրագրի ընթացքը` նշելով, որ այն իրենց հնարավորություն է ընձեռել ավելացնել իրենց եկամուտները:

Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում անդրադարձել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությանը: Որպես ծրագրի կարևոր բաղադրիչներ` նա առանձնացրել է նոր մոտեցումների կիրառումը, կրթական բաղադրիչի առկայությունը, կայունությունը և ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը:

Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաև ծրագրի փակմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում կողմերը շեշտել են ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման կարևորությունը: Արծարծվել է նաև չնախատեսված աշխատանքների ֆինան¬սական ապահովման պահուստային գումարը տեխնիկական նպատակով օգտագործելու հարցը:

Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամներին ծրագրի իրականացման, ինչպես նաև Հայաստանում աշխատած թիմին և ծրագրում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ցուցաբերած օժանդակության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---