Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել (թարմացված)

Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի ուշ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը, գրում է Panorama.am-ը:

ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել, սպանության կասկածանքով ձերբակալվել է Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Հունիսի 24-ին շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում էր ստացել Արմեն Ավետիսյանը, որն ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» էր եղել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել էր, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել:

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածումզ (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը՝ ձերբակալվել, մյուսները դիմել էին փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

Հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---