Մոսուլի ողբերգությունը նման է Հայոց ցեղասպանությանը. Իսլամիստ զինյալները «քրիստոնյաների որսի» են դուրս եկել

Մոսուլի ողբերգությունը նման է Հայոց ցեղասպանությանը. Իսլամիստ զինյալները «քրիստոնյաների որսի» են դուրս եկել

PanARMENIAN.Net - Մինչև 2003-ը` ԱՄՆ-ի կողմից Իրաքում սկսված պատերազմը, երկրում 1,5 մլն քրիստոնյա էր ապրում: Դրանցից 200 հազարը բնակվում էին Մոսուլում, որտեղ այժմ անգամ մեկ քրիստոնյա չի մնացել: Քրդական «Ֆըրաթ» գործակալությունն անդրադարձել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հարձակումից և մահվան սպառնալիքից փախած քրիստոնյաների խնդրին` գրելով, որ հազարավոր տարիներ Մոսուլում և դրա շրջակայքում բնակված հայ,ասորի,եզդի փոքրամասնությունները սպառնալիքի տակ լքել են իրենց տները և ապաստան գտել Իրաքի քրդական մասում:Այժմ, ենթադրվում է, որ Իրաքում 300.000 քրիստոնյա է մնացել:

Աշխարհում ճնշումների ենթարկված քրիստոնյա ժողովուրդների հարցերով ուսումնասիրություններ իրականացրած «Միջազգային հանրությունը՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության խոսնակն այժմ Մոսուլում տեղի ունեցողը նմանեցրել է 1915-ի Հայոց ցեղասպանությանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը հունիսից գրավել է Մոսուլն ու այնտեղ էթնիկ զտում է իրականացնում: Անցյալ շաբաթ իսլամիստ ծայրահեղականները հրկիզել են տարածաշրջանի ամենահին եկեղեցիներից մեկը համարվող ասորի-կաթոլիկների 1800-ամյա եկեղեցին, իսկ քաղաքում բնակվող քրիստոնյաներին և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչներին սպառնացել են սպանել:

Նա նշել է, որ քրիստոնյաները 100 տարի է՝ նման ողբերգության ականատես չէին եղել և երախտագիտություն է հայտնել նրանց պաշտպանության տակ առած քրդերին և Հորդանանին:Կազմակերպության ներկայացուցիչը նաև նշել է, որ Սադամ Հուսեյնի պաշտոնավարման տարիներին քրիստոնյաներն ավելի ապահով էին: Նա ընդգծել է, որ եթե քրդական հատվածներում քրիստոնյաների համար վրանային ճամբարներ չկառուցվեին՝ ողբերգությունը շատ ավելի խորը կլիներ:

Բաղդադից ընտրված քրիստոնյա խորհրդարանական Ջոնադամ Քաննան իսլամիստ ահաբեկիչների հարձակումները «էթնիկ զտում» է որակում, իսկ քրիտոնյա ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգվում են, որ հարձակումներ կարող են իրականացվել շրջանում ամենամեծաթիվ քրիստոնյաներն ունեցող երկրի՝ Լիբանանի ուղղությամբ:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապը կիրակի աղոթել էր Իրաքի քրիստոնյաների, իսլամիստների հարձակումների հետևանքով մահացածների և սպառնալիքի տակ ապրողների համար:

Ո՛չ Թուրքիան, ո՛չ Կատարը և ո՛չ Սաուդյան Արաբիան որևէ կերպ չեն արձագանքել, ինչը քրիստոնեական շրջանակների քննադատությանն է արժանացել, քանի որ վերջին երեք օրերի ընթացքում Մոսուլից իրական գաղթ է տեղի ունենում, «Ֆըրաթին» հղումով գրում է Tert.am-ը:

Բաղդադում ասորիների հոգևոր առաջնորդը հայտարարել է, թե այդ շրջաններում անգամ մեկ քրիստոնյա չի մնացել, իսկ իսլամիստ զինյալները «քրիստոնյաների որսի» են դուրս եկել: Քրիստոնյաների փախուստից մի քանի օր առաջ նրանց տների վրա նշաններ են արվել, և ասորի առաջնորդը կոչ է անում միջազգային հանրությանն ու, հատկապես, իսլամական աշխարհին արձագանքել տեղի ունեցողին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---