Արցախում հակառակորդը փորձել է հարձակվել մարտական հենակետի վրա․ 2 զոհ ունենք (թարմացված)

Արցախում հակառակորդը փորձել է հարձակվել մարտական հենակետի վրա․ 2 զոհ ունենք (թարմացված)

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության, դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել է ՊԲ երկու զինծառայող՝ 1994-ի ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։

Մինչև այդ, օգոստոսի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա), Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիվերսիոն հետախուզական ներթափանցման վերջին փորձերը հակառակորդը ձեռնարկել էր հուլիսի 26-ին՝ շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով, բայց ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ էին շպրտվել ելման դիրքեր:

Գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Լևոնի Բադասյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով, ևս 2 հոգի վիրավորվել էին։

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը ձեռնարկել էր հուլիսի 10-ին։ Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---