Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար

Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար

PanARMENIAN.Net - Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում «1915» ֆիլմի համար, որի ռեժիսորներն ու սցենարիցտները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են: Ֆիլմի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, դա կլինի Թանկյանի դեբյուտը որպես ֆիլմի կոմպոզիտոր: Ըստ IMDB-ի, այն մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին՝ ԱՄՆ-ում, իսկ առայժմ պոստ-փրոդաքշնի փուլում է:

«1915»-ը գեղարվեստական ֆիլմ է, որտեղ թե հոգեկան ցնցումներ կան, թե խորություն, թե անորոշություն, բայցև այն պատկերավոր և ժամանակակից է, ինչը հազվագյուտ երևույթ է այսօրվա ֆիլմերում: Հաճույք եմ ստանում դրա համար երաժշտություն գրելով»,- ըստ գրառման, նշել է Թանկյանը:

Ֆիլմում գլխավոր դերերում լինելու են Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջն ու Անժելա Սաֆարյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը, որի մենակատարը Սերժ Թանկյանն է, համաշխարհային շրջագայության կմեկնի: Առաջին համերգը նախատեսված է դեկտեմբերի 13-ին՝ Լոս Անջելեսում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

Համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. այն ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Սերժ Թանկյանն ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of a Down խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») ՀԿ հիմնադիրն է։ Թանկյանն աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ է ճանաչվել։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է Elect The Dead և Imperfect Harmonies ալբոմը, ապա 2010-ի նոյեմբերին հայտարարել խմբի վերամիավորման մասին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---