Գերմանիայում 200 դերասան 40 ժամ շարունակ կկարդա «Մուսա լեռան 40 օրը» վեպը

Գերմանիայում 200 դերասան 40 ժամ շարունակ կկարդա «Մուսա լեռան 40 օրը» վեպը

PanARMENIAN.Net - Ապրիլին Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում մոտ 40 ժամ շարունակ գերմանացի 200 դերասան կկարդան Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանացի ռեժիսոր դրամատուրգ Քրիստիան Պապկեն և նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված մի շարք միջոցառումներ են ծրագրել:

«Մենք ունենք «Խոսել սահմանների մասին» մի ծրագիր, որի շրջանակներում էլ իրականացնում ենք Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները: Կսկսենք վեպի ընթերցմամբ, իսկ հետո մարդկանց կներկայացնենք նաև, որ սա ուղղակի վեպ չէ, այն իրական հիմքեր ունի:

Միջոցառման վերջին օրը Գերմանիա կայցելեն նաև անվանի ցեղասպանագետներ, որոնք հասարակությանը կներկայացնեն մի շարք փաստեր` Ցեղասպանության հետ կապված: Միջոցառումը կեզրափակվի հայ անվանի երգչուհի Հրաչուհի Բասենցի համերգով»,- ասել է Պապկեն, գրում է գրում է «Երկիր»-ը:

Նպատակն է առաջին հերթին իրազեկել հասարակությանը. «Ինքս ուսումնասիրել եմ Գերմանիայում պահվող մի շարք փաստաթղթեր` Ցեղասպանության հետ կապված և ինձ համար պարզ դարձավ Գերմանիայի որոշ պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում»:

Հարցին, թե ինչպես է արձագանքում Գերմանիայում թուրք համայնքը նման միջոցառումներին` Պապկեն պատասխանել է.«Մեծ, չռված աչքերով: Մեզ համար կարևորը սահմանները բացելն է` երկու կողմերի համար էլ»:

Գերմանիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը նշել է, որ իրենք նույնպես մասկացում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

«Մենք հրավիրել ենք նաև պառլամենտականներին, սակայն մենք շեշտը ոչ թե դրա, այլ` հասարակության իրազեկվածության վրա ենք դրել` այդ իսկ պատճառով էլ թուրք պաշտոնատար անձանց չենք հրավիրել»,- ասել է Կուզեմբերգը` հավելելով, թե լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով դարձյալ զարթնում է:

«Մուսա լեռան քառասուն օրն» ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունն է իրական փաստերի հիման վրա։1915 թվականին հայերը Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերի բնակիչները ստիպված են լինում թողնել իրենց տներն ու բարձրանալ լեռը՝ ինքնապաշտպանության, որը 53 օր է տևում, մինչև որ ֆրանիսական ռազմանավերը օգնության են հասնում։ Գիրքը լույս է տեսել 1933 թվականին, թարգմանվել 34 լեզվով։ ԱՄՆ-ում գրքի հրապարակումց հետո երկու շաբաթում վաճառվել է 34․000 օրինակ։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---