Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բրազիլիայի դաշնային խորհրդարանն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Վիգեն Սարգսյանը:

«Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը»,- նշել է պաշտոնյան:

No 550/2015 բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է:

Դրանում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Բրազիլիայի դաշնային սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

«Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,- նշել է նախարարը:

Մայիսի 6-ին Լյուսքեմբուրգի Ներկայացուցիչների պալատը նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Փաստաթղթի հեղինակը Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունն էր: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---