ԵԽ քարտուղար․ ԼՂ-ում լարվածությունը հիշեցրեց՝ սառեցված հակամարտություները կարող են արագ հալվել

ԵԽ քարտուղար․ ԼՂ-ում լարվածությունը հիշեցրեց՝ սառեցված հակամարտություները կարող են արագ հալվել

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների 2015-ի իր զեկույցը։ Դրանում նա նշում է, որ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է։ Նա իր զեկույցի առաջին իսկ տողերում գրում է.

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտություները հալվել։ Տևական խաղաղությունը դեռևս չի ապահովվել արևելյան Ուկրաինայում»։

Զեկույցում Յագլանդը Հայաստանին անդրադարձել է դատական համակարգի, սահմանադրական բարեփոխումների և սոցիալական իրավուքների համատեքստում։

Նշվում է, որ Հայաստանը ներկայացրել է լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար պարտավորություն՝ հաղորդել նման դեպքերի մասին, սակայն շարունակվում են այն զեկույցները, որ դատական համակարգը գործնականում անկախ չէ։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստան իր այցի վերաբերյալ զեկույցում նշել է, որ «դատական համակարգի վերին օղակները միջամտում են ստորին դատական ատյանների աշխատանքին, ինչպես նաև կան արտաքին դերակատարներ, ինչպիսիք է գործադիր իշխանությունը»։

Համացանցում ազատ խոսքի արտահայտման հետ կապված նշվում է, որ ԵԽ անդամ երկրների մեծամասնությունում չկան կոնկրետ կանոնակարգեր, որոնք կուսումնասիրեին օգտատարերի գործունեությունը ինտերնետում։ Սակայն որոշ երկրներ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է ամրապնդել առցանց բովանդակության վրա վերահսկողությունը՝ փորձելով կանխել արգելված բովանդակությամբ նյութերի տարածումը։ Այս երկրների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ ի թիվս Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Թուրքիայի, գրում է Panorama.am-ը:

Հավաքների ազատության հետ կապված նշվում է, որ որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված նշվում է, որ Հայաստանում 2015-ի դեկեմբերին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը, ինչպես նշվում է զեկույցում, կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակում է մնալ թույլ այս ամբողջ վճռորոշ բարեփոխումների ընթացքում։

Նշվում է, որ 2015թ․-ին ԵԽ անդամ երկրներում տեղի է ունեցել ռասիզմի և անհանդուրժողականության ընդհանուր աճ։ Չնայած անդամ երկրներից շատերում առկա է խտրականության դեմ ուղղված օրենսդրություն, սակայն դեռևս շատ բացեր կան։ Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, Անդորրայում, Հունաստանում, Իտալիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Լիխտենշտեյնում, Իսլանդիայում, Ադրբեջանում, Թուրքիայում չկան անկախ մարմիններ, որոնք կզբաղվեին խտրականության հարցերով ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում։

Գլխավոր քարտուղարը նշում է, որ միևնույն ժամանակ ԵԽ անդամ երկրներում դեռ կան շատ կարևոր բացթողումներ օրենքներում և պրակտիկայում։ Մարդու հիմնարար իրավունքները՝ ներառյալ ազատ խոսքը, հավաքների ազատությունը անձնական կյանքի գաղնիության իրավունքը ավելի ու ավելի է սահմանափակվում։

Զեկույցում զգալի ուշադրության է արժանանում ԵԽ անդամ երկրների դատական համակարգերի անկողմնակալությանն ու անկախությանը, որտեղ ի թիվս այլ մտահոգությունների նշվում է քաղաքական միջամտությունն ու կոռուպցիան։

Զեկույցը մատնանշում է նաև, որ ԵԽ անդամ երկրների մոտավորապես կեսը բավարար չափով չի երաշխավորում լրագրողների անվտանգությունը՝ նշելով, որ վերջին տարում իրավիճակն առավել է վատացել և շատացել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումները, նրանց սեփականության ոչնչացման դեպքերը։

Թորբյորն Յագլանդը 2015-ին մասնակցել է Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումին՝ հանդիպելով ՀՀ նախագահի հետ:

2016-ի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը երեկ մեղադրանքներ հնչեցրեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հասցեին, թե իբր նա ոչ բոլոր անդամ երկրների նկատմամբ է հավասար մոտեցում ցուցաբերում: Նա հայտարարեց, թե իբր ԵԽ գլխավոր քարտուղարը չի կարողացել զսպել Հայաստանին, որն իբր պարբերաբար ոտնահարում է Վեհաժողովի պահանջները, փոխարենը ԵԽ գլխավոր քարտուղարը բավականին խիստ մոտեցում է ցուցաբերում անդամ այլ երկրների նկատմամբ:

Ի պատասխան Թորբյոր Յագլանդը Հուսեյնովին մեղադրեց ստախոսության մեջ՝ նշելով, որ այն, ինչ նկարագրեց Հայաստանի և իր գործողությունների մասին՝ չի համապատասխանում իրականությանը. «Մենք Հայաստանի հետ ակտիվ աշխատանք ենք տարել վերացնելու այդ երկրում գոյություն ունեցող թերությունները: Հայաստանն այժմ ընդունել է նոր Սահմանադրություն, որը հիմնված է Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքի վրա, և շարունակում է բարեփոխումները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---