Էրդողանը հրավիրվել է Ցեղասպանության հիշատակի համերգի՝ Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում

Էրդողանը հրավիրվել է Ցեղասպանության հիշատակի համերգի՝ Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործության համերգին:

Նշյալ միջոցառումից հետո տեղի է ունենալու նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը: Այդ երկու միջոցառումին բացի Էրդողանից, հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն, «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Ակոս»-ը ներկայացրել է Էրդողանին ուղղված հրավերքի տեքստը, որում նշվում է, որ նշյալ միջոցառումները, նպատակ ունեն նաև երեք երկրի արվեստագետների միջև ստեղծել համագործակցություն: Այդ համագործակցության նպատակն է նաև ուսումնասիրել «հայ և թուրք ժողովուրդների անցյալում տեղի ունեցած ընդհանուր վերքեր», ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Հրավերի մեջ շեշտվել է նաև, որ Ստամբուլում գտնվող Գերմանիայի հյուպատոսարանում ծրագրված միջոցառումներն անցկացվում են Գերմանիայի արտգործնախարարության և Եվրամիության աջակցությամբ: Վերջում Էրդողանին խնդրվում է մինչև նոյեմբերի 5-ը պատասխան նամակով տեղեկացնել համերգին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին:

Ավելի վաղ Թուրքիան կասեցրել էր մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:«Ստեղծագործ Եվրոպա»-ն 200 մլն եվրոյի աջակցությունն է ցուցաբերել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---