Հովհաննիսյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում. Սահմանվել են ՄԻՊ-ի՝ կանխարգելման ազգային մեխանիզմները

Հովհաննիսյանը՝  Վենետիկի հանձնաժողովի նիստում. Սահմանվել են ՄԻՊ-ի՝ կանխարգելման ազգային մեխանիզմները

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստում ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը:

Այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ:

Արդարադատության նախարարը, ներկայացնելով հիմնական նորամուծությունները, նշել է, որ նախագծով լրացվել է գործող օրենքի բացը և սահմանվել են Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները:

Նախագծով ամրագրվել է նաև անկախ մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու պաշտպանի լիազորությունը: «Մենք նախատեսել ենք նաև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ուղարկելու պարտադիր պայմանը, որը միտված է ապահովելու պաշտպանի պատշաճ դերակատարությանը՝ ոլորտային օրենսդրության մշակման փուլում»,- ասել է Հովհաննիսյանը:

Նախարարն անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնք կատարվել են նախագծում՝ հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, ինչպես նաև նախագծի՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները:

Մասնավորապես, նախագծում հստակեցվել են Պաշտպանի՝ որպես Օմբուդսմենի, և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի հատուկ գործառույթները, ավելացվել է թափանցիկության սկզբունքը, ինչպես նաև համապատասխան երաշխիքներ են սահմանվել պաշտպանի ֆինանսական անկախության հարցում:

Ելույթի ավարտին նախարարը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական այս օրենքի ընդունմամբ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը կունենա առավել լավ և արդյունավետ գործիքներ սահմանադրական իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար:

Նոյեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Նախագծում ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---