Սվիտալսկի. ԵՄ-ն ոչ մի երկրում այսքան գումար և քաղաքական վստահություն չի ներդրել, որքան ՀՀ-ում

Սվիտալսկի. ԵՄ-ն ոչ մի երկրում այսքան գումար և  քաղաքական վստահություն չի ներդրել, որքան ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը ոչ մի երկրում այսքան գումար և այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան Հայաստանում. դա արել է, որպեսզի օգնի կազմակերպել վստահելի ընտրություններ: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք արձագանքեցինք կառավարության կոչին՝ աջակցել, և Բրյուսելի բարձր մակարդակով որոշում կայացրինք, քանի որ կարծում ենք, որ այս անգամ հնարավոր կլինի իրականացնել ավելի լավ ընտրություններ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այսօր կա դա կազմակերպելու մի քանի գործոն, որոնցից մեկն էլ ժողովրդավարության, մասնավորապես՝ ընտրական գործընթացների բարելավման հայաստանյան հանրության ակնկալիքն ու պահանջն է, գրում է Civilnet.am-ը։

«Մենք լավատես ենք և կարծում ենք, որ ավելի լավ ընտություններ ենք ունենալու, քան ունեցել ենք անցյալում, քանի որ տեսնում ենք, որ տարբեր շահագրգիռ կողմեր ցուցաբերում են քաղաքական կամք՝ առաջիկա ընտրությունները նախորդից լավ կազմակերպելու համար»,- նշել է Սվիտալսկին՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե ամեն բան կատարյալ է լինելու։

ԵՄ դեսպանը կարծում է, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի ավելի ինքնավստահ, հավատա, որ այս անգամ իր քվեն հաշվի կառնվի։

Սվիտալսկին կարևորում է նաև ընտրությունների օրը և նշում, որ պատասխանատու մարմինները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի բոլոր դիտորդներն ունենան անհրաժեշտ ազատությունը գործելու համար։ «Մեզ համար կարևոր է նաև միջազգային դիտորդների աշխատանքի ազատության կազմակերպումը»։ Նա հույս է հայտնել, որ այդ ամենը կկազմակերպվի թափանցիկ։

Ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---