Մինսկն առաջարկել է ՀՀ-ում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել

Մինսկն առաջարկել է ՀՀ-ում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել

PanARMENIAN.Net - Բելառուսն առաջարկել է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել: Այդ հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպմանը:

Անդրեյչենկոն մի քանի առաջարկ է ներկայացրել, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հավաքման արտադրությունների կազմակերպման հարցերն են, օրինակ, վերելակների»,-ասել է նա՝ հավելելով, որ Երևանում վերելակների փոխարինման լուրջ ծրագիր կա, հայտնում է Բելտա գործակալությունը:

Նա ենթադրել է նաև, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցել նման ծրագրի կազմակերպմանը: Նա ևս մեկ հեռանկարային ուղղություն է համարել գյուղտեխնիկայի հավաքման արտադրությունը, մասնավորապես, խոսքը տրակտորների մասին է: Գործակցությունն այդ ոլորտում ակտուալ է, քանի որ ՀՀ-ն վերազինում է գյուղտեխնիկան և պարբերաբար բելառուսական տրակտորներ գնում:

Վլադիմիր Անդրեյչենկոն նշել է նաև, որ 2017-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $43 մլն, 2016-ի համեմատ աճելով ավելի քան 35 տոկոսով: Նա հավելել է, որ դրական դինամիկան պահպանվել է նաև 2018-ին:

Շարմազանովը համամիտ է եղել, որ առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Նշվում է, որ Բելառուսի առաջարկները հետաքրքրել են հայ խորհրդարանականներին, նրանք մտադիր են աջակցել այդ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

ԱԺ պատվիրակությունը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---