Ավստրալական Ռայդի կոչն իշխանությանը՝ ճանաչել Արցախն ու դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան

Ավստրալական Ռայդի կոչն իշխանությանը՝ ճանաչել Արցախն ու դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան

PanARMENIAN.Net - Ավստրալական Ռայդի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության դեմ հարձակումները և Ավստրալիային հորդորել է ճանաչել ԱՀ անկախությունը, փոխանցում է տեղի հայ դատի հանձնախումբը։

Ռայդի քաղաքային խորհուրդը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են։

Քաղաքապետ Ջերոմ Լաքսալի և խորհրդական Սարգիս Յեդելյանի համատեղ ջանքերով ներկայացված միջնորդությունը քննարկվել է հոկտեմբերի 20-ին՝ վերահաստատելով նաև քաղաքի՝ 2018-ին Արցախը ճանաչելու որոշումը։

Քաղաքային խորհուրդը նաև $5000 է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանին ու Արցախին հումանիտար օգնություն ցույց տալու համար։

«Մեր Դաշնային Կառավարությունը պետք է միանա Ռայդ քաղաքին՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Նրանց ու մեդիայի լռությունը խրախուսում է էքսպանսիոնիստ դիկտատորներին՝ ռմբակոծելու էթնիկ հայ բնակչությանը, գլխատելու ռազմագերիներին և ահաբեկչություն տարածելու»,- ասել է քաղաքապետի խորհրդական Յեդելյանը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչել են նաև ֆրանսիական Լիմոնե, Վիեն, Ալֆորվիլ քաղաքները, իտալական Միլանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---