2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Բարգավաճ Հայաստան»

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Բարգավաճ Հայաստան»

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին: Հաջորդ կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է:
Ինչպե՞ս եք գնահատում «Բարգավաճ Հայաստանի» ընտրացուցակը:
Կարեն Քոչարյան. «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը հակասական է այն առումով, որ նրանք շատ դրական քայլ են կատարել, որ առաջին տասնյակում կան շատ քաղաքական անձինք, քաղաքական գործիչներ, ի տարբերություն այն ցուցակի, որը կուսակցությունն ուներ 2007-ին, երբ այն ընդհանրապես անհասկանալի էր: Այս անգամ նրանք քաղաքական տասնյակ ունեն:

Հետո, իհարկե, ավելի վատ է, որովհետև կան անհասկանալի մարդիկ՝ նույն Թամարա Պողոսյանը, նույն երիտասարդ կարիերիստները, ովքեր շատ կուսակցություններ են փոխել ու հետո հայտնվել են ԲՀԿ-ում և առաջին քսանյակում: Իմ կարծիքով, դա հանգեցնում է ներքին խնդիրների: Թեև ի տարբերություն շատ կուսակցությունների, «Բարգավաճ Հայաստանում» իշխանության ուղղահայացն ավելի կոշտ է, և առաջնորդի խոսքն այնտեղ օրենք է: Այսինքն այնտեղ ներքին նեգատիվը կարող է դրսևորվել ներքին խոհանոցում, այլ ոչ թե հրապարակավ:

Ա. Իսկանդարյան. «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը շատ հետաքրքիր է, նա որոշակի փոփոխության ցուցանիշ է, որը տեղի է ունենում հայ քաղաքական համակարգում: Հայկական խորհրդարանում, ինչպես հաշվել են լրագրողները, կան խոշոր բիզնեսի 76 ներկայացուցիչներ, որոնց մեզ մոտ ոչ այդքան գրագետ անվանում են օլիգարխներ: Ապագա խորհրդարանում ավելի քիչ օլիգարխներ կլինեն, դա ակնհայտ է ցուցակներից: Դա լավ երևում է մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» ցուցակից: ԲՀԿ-ն ֆինանսական-արդյունաբերական խմբի լոբբինգի համախմբված խումբ է, դա դասական իրավիճակ է շատ երկրների համար՝ նկարագրված դասագրքերում: Լոբբինգի նման խմբեր մենք շատ ունենք, գրեթե յուրաքանչյուր խոշոր գործարար իրենից ներկայացնում է իր բիզնեսի լոբբինգի խումբը: Բայց «Բարգավաճ Հայաստանը» նման խմբերից միակն է, որը ձևավորված է, սա քաղաքական կուսակցություն է, որն իրենից ներկայացնում է իրենից մեկ ուժ: Այն մարդիկ, ովքեր խորհրդարանում կլինեն այս ընտրությունների արդյունքում, կներկայացնեն մեկ խմբի շահերը, այն է՝ պարոն Գագիկ Ծառուկյանի խմբի:

Ձեր կարծիքը «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի մասին:
Կարեն Քոչարյան. Բոլորի ծրագրերը գրեթե նույնն են, ինչի մասին ես արդեն ասել եմ: Այստեղ խոսքը գնում է այն մասին, թե ով ինչպես է այդ քարոզչությունն իրականացնում: ԲՀԿ-ն անցկացնում է այն այնպես, ինչպես մի ժամանակ «Օրինաց երկիրը» և Դաշնակցությունը, որոնք լինելով իշխանության մեջ ընդդիմության էին խաղում: ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, քննադատում տնտեսական քաղաքականությունը, միաժամանակ ձեռք չտալով նախագահին, միաժամանակ նաև մոռանալով, որ նրանք 5 տարի եղել են կառավարությունում, կոալիցիոն կառավարությունում և բնականաբար կարող էին դուրս գալ կոալիցիայից, եթե դա նրանց դուր չէր գալիս: Նրանք դուրս չեն եկել կոալիցիայից, բայց քննադատում են:

Ա. Իսկանդարյան. Նույն ծրագիրն է, ինչ մյուսների մոտ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի լավ լինի: Հնարավոր է միակ կարևոր բանը, որը կարելի է նշել, պատեռնալիստական հռետորությունն է, ազգի հոր հռետորությունը, ով կգա և ամեն ինչ լավ կլինի և նա բոլորին լավ կնայի: Այն լավ է վաճառվում մեր երկրների նման երկրներում: Մարդիկ ավելի շատ հակված են քվեարկել ոչ թե «իզմերի» համար՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, այլ մարդու համար, ով կգա և կօգնի:

Մեզ մոտ չի գործում կառուցվածք՝ ես քվեարկում եմ, ես վարձում եմ աշխատողի, քանի որ ես իմ հարկերից վճարելու եմ այդ խորհրդարանականին, և նա ներկայացնելու է իմ շահերը, մասնավորապես ոչ թե իմ, այլ պետական ծառայողի, թոշակառուի կամ փոքր գործարարի կամ երիտասարդության ներկայացուցչի, չէ որ այդ խմբերը տարբեր շահեր ունեն: Այդ քաղաքական մշակույթը մեզ մոտ դեռ չի եկել: Մեզ մոտ ընտրում են նրան, ով լավ կնայի, ով լավ կօգնի, ով լավ կկառավարի: Ահա այդ հռետորությունն է պահանջված, և պարոն Ծառուկյանը կամ այն մարդիկ, ովքեր նրան խորհուրդ են տալիս, դա շատ լավ յուրացրել է, և նրա ողջ հռետորությունը պատեռնալիստական է՝ մենք ձեզ կօգնենք, մենք այնպես կանենք, որ ձեզ լավ լինի: Ահա այդպիսին է այդ կուսակցության առաջնորդի կերպարը: Այն շատ պատեռնալիստական է, և նրանք դա օգտագործում են, և այսօր բավական ագրեսիվ են օգտագործում: Իսկ «ագրեսիա» բառն իմ կողմից նախընտրական քարոզարշավի վերաբերյալ կիրառելիս լավ բառ է: Առայժմ դա նրանց մոտ ստացվում է:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի շանսերը գալիս խորհրդարանական ընտրություններում:
Կարեն Քոչարյան. Նրանք այս փուլում ունեն հաստատուն երկրորդ տեղը: Մի ժամանակ նրանց վարկանիշն ավելի բարձր էր, քան հանրապետականների: Բայց մի բան են ընտրությունները, մեկ այլ բան է վարկանիշը: Նրանցից սպասում են կոնկրետ գործողություններ ինչ-որ բարեգործական նվերներ կամ ծրարներ բաժանելու առումով: Եթե դա չլինի, ապա այդ շանսերն այդքան էլ մեծ չեն: Թեև ամեն դեպքում նրանք զբաղեցնում են երկրորդ տեղը, այստեղ խոսքը գնում է միայն տոկոսների մասին: Ես կարծում եմ, որ նրանք ամեն դեպքում կբարելավեն իրենց արդյունքը 2007-ի ընտրությունների համեմատ:

Ա. Իսկանդարյան. Նրանք մեծ են, այսինքն «Բարգավաճ Հայաստանը» ապագա խորհրդարանում կունենա մի քանի տասնյակ պատգամավորներ: Ես չեմ անվանի կոնկրետ թվեր, բայց դա կլինի երկրորդ կուսակցությունը խորհրդարանում, դա կլինի լուրջ խմբակցություն:

Ինչ վերաբերվում է նրան, թե կարող է արդյոք «Բարգավաճ Հայաստանը» իրական մրցակցություն կազմել ՀՀԿ-ին, ապա դա կախված կլինի նրանից, թե կոալիցիա ստեղծելու ինչ ռազմավարություն կունենա ՀՀԿ-ը մի կողմից, ԲՀԿ-ն մյուս կողմից: Եթե ընդունվի ռազմավարություն ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ստեղծելու վերաբերյալ, այդ ժամանակ նրանք կոալիցիա կնքելիս իրենց համար ինչ-որ առավելություններ կքաղեն: Պայքարը կտևի մինչև մայիսի 6-ը կամ 7-ը, հետո կգա միություններ կնքելու ժամանակը, կորոշվի ով է դաշնակից, ով՝ հակառակորդ: Իսկ եթե գործի այդ մոդելը, նրանք միություն կկնքեն հանրապետականների հետ, ապա այդ ժամանակ կլինի մեկ սցենար, եթե լինեն հակասություններ, ապա ուրիշ սցենար: Բայց այն, որ նրանք լուրջ տեղ կզբաղեցնեն խորհրարանում երկու դեպքերում էլ, կասկածից դուրս է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News