Բռնցքամարտն ինձ օգնել է, որ ավելի նպատակասլաց դառնամ

Անդրանիկ Հակոբյան.

Բռնցքամարտն ինձ օգնել է, որ ավելի նպատակասլաց դառնամ

PanARMENIAN.Net - Հայաստանի միակ բռնցքամարտիկը Օլիմպիական խաղերում լինելու է Անդրանիկ Հակոբյանը: Նա օլիմպիական ուղեգիր է նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: PanARMENIAN.Net-ի թղթակիցների հետ զրույցում բռնցքամարտիկն անկեղծացել է, որ իր երկրորդ Օլիմպիական խաղերում անպայման փորձելու է մեդալ նվաճել, խոսել է նաև իր ամենասիրելի բռնցքամարտիկների ու հնարքների մասին, ինչպես նաև խորհուրդ է տվել, ինչպես բռնցքամարտում հասնել հաջողության:
Դու Օլիմպիական ուղեգիր նվաճեցիր Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: Դու գիտեիր, որ քեզ համար շատ դժվար է լինելու: Ինչի՞ շնորհիվ կարողացար լավ հանդես գալ:
Քանի որ Բաքվում էր առաջնությունը, դա մեծապես դժվարացնում էր հայ մարզիկների խնդիրը: Իմ առաջնային նպատակն էր Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել և պատվով ներկայացնել մեր երկիրը: Առանձնապես չեմ տրամադրվել, իմ առջև կոնկրետ առաջադրանք եմ դրել և ուրախ եմ, որ կարողացել եմ այն իրագործել:

Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներից միայն քեզ հաջողվեց ուղեգիր նվաճել: Ինչո՞ւ չստացվեց նաև մեդալ նվաճել:
Աշխարհի առաջնության 4 մենամարտերում ես կարողացա մրցակիցներիս հաղթել մեծ առավելությամբ: 3-րդ հաղթանակը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել ուղեգիր: Ես կարող էի մեդալ նվաճել, սակայն կազմակերպիչները չէին կարող թույլ տալ, որ Բաքվում բարձրանա Հայաստանի դրոշը: Նաև լարվածություն կար իմ գործողություններում, որովհետև մեր հավաքականն անընդհատ գտնվում էր անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, դա էլ իր հերթին լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում:

Երևի քեզ համար դժվար է, որ քո թիմակիցներին չի հաջողվել նվաճել ուղեգրեր: Ըստ քեզ, ինչո՞ւ նրանք չկարողացան վարկանշային մրցաշարում լավ հանդես գալ:
Բոլոր տղաներն էլ պատրաստ էին վարկանիշներ ձեռք բերել, սակայն ռինգում ամեն ինչ չէ, որ ստացվեց: Եղել են մենամարտեր, երբ մրցավարների կողմնակալության պատճառով են զիջել, բայց ես կփորձեմ իմ ընկերների տեղն էլ լավ հանդես գալ ու մեդալ նվաճել: Իհարկե, կցանկանայի միայնակ չմեկնել Լոնդոն, բայց այսպես է ստացվել:

Ինչպե՞ս է ընթացել նախապատրաստական փուլդ և որո՞նք են այն վերջին շտրիխները, որոնք կատարելու ես Լոնդոն մեկնելուց առաջ:
Նախապատրաստական փուլը լավ է ընթացել, մասնակցել եմ 2 միջազգային մրցաշարերի Բելառուսում և Ֆինլյանդիայում և դարձել եմ հաղթող: Ծաղկաձորում անցկացրել եմ ֆիզիկական պատրաստականության ուսումնամարզական հավաք, հուլիսի 6-ից էլ մարզումներ կանցկացնեմ Բելառուսում` 5 հավաքականների հետ համատեղ: Իսկ Լոնդոն կմեկնեմ հուլիսի 24-ին:

Հուլիսի 27-ին` խաղերի բացման օրը, քո վիճակահանությունն է լինելու և մասնակցելու ես կշռման արարողությանը: Իսկ բացման արարողությանը կմասնակցե՞ս:
Լավ կլիներ, որ ներկա լինեմ բացմանը, բայց եթե այն բաց թողնեմ, կարծում եմ ոչինչ էլ չի լինի: Կարևորն այն է, որ լավ պատրաստվեմ և մենամարտեմ: Հնարավոր է, որ վիճակահանությամբ արդեն հուլիսի 28-ին մարտ ունենամ, իսկ բացմանը այդ դեպքում դժվար թե մասնակցեմ: Ցավոք, Պեկինի խաղերի բացման արարողությանն էլ ներկա չեմ եղել, այդ ժամանակ էլ ելույթս բացման հաջորդ օրն էր:

2008 թվականին Պեկինում դու մասնակցել ես Օլիմպիական խաղերին, ի՞նչ փորձ ես ձեռք բերել այնտեղ:
Այդ խաղերն առաջինն էին ինձ համար: Այնտեղ չկարողացա հաջող ելույթ ունենալ վնասվածքի պատճառով: Երկրորդ մարտի ժամանակ ստիպված եղա լքել պայքարը, քանի որ մրցավարը դադարեցրեց մարտը: Օլիմպիադայի փորձը շատ է օգնել ինձ նաև բազմաթիվ այլ մրցաշարերում: Օլիմպիական խաղերը իմ կարծիքով տարբերվում են մնացած բոլոր մրցաշարերից, որովհետև այնտեղ լարվածությունը շատ մեծ է: Բայց Լոնդոնում ես հանդես եմ գալու երկրորդ անգամ և չպետք է սխալներ թույլ տամ ու վրիպումներ անեմ, իմ առաջնային նպատակը որևէ գույնի մեդալ նվաճելն է:

Ե՞րբ և ո՞ւմ գլխավորությամբ ես կատարել առաջին քայլերդ բռնցքամարտում:
Քեռիս ևս բռնցքամարտիկ է եղել և նա է ինձ տարել բռնցքամարտի դահլիճ: Առաջին քայլերս կատարել եմ Պավել Արսենյանի գլխավորությամբ և մինչև հիմա էլ նրա մոտ եմ մարզվում: 16 տարեկանից եմ սկսել ստաբիլ մարզվել, մինչ այդ լրջորեն չէի պարապում:

Ո՞րն է եղել քո մարզական երազանքը:
Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ես ամեն ինչ կանեմ, որ Օլիմպիադայից մեդալով վերադառնամ: 2008 թվականին աշխարհի գավաթակիր եմ դարձել, 2009-ին` աշխարհի փոխչեմպիոն, 2011-ին`Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր, բայց դեռ Օլիմպիական մեդալի համը չեմ զգացել, փորձելու եմ այդ երազանքս իրականացնել:

Ըստ քեզ ի՞նչն է բռնցքամարտում գրավում երկրպագուներին և ստիպում նայել այս մարզաձևը և ինչո՞վ է այն հոգեհարազատ քեզ:
Բռնցքամարտը իսկական տղամարդու մարզաձև է, գուցե դա է պատճառը, որ մարդիկ այն նայում են: Այն նաև պայքարելու և չհանձնվելու խորհուրդ ունի: Բռնցքամարտն ինձ օգնել է, որ տարիների ընթացքում ավելի նպատակասլաց դառնամ: Շատ-շատ անգամներ եմ վնասվածքներ ստացել, այդ թվում և բարդ վնասվածքներ, բայց չեմ հուսահատվել և կարողացել եմ իմ առջև դրված առաջադրանքը պատվով կատարել:

Քո կարիերայում անկասկած շատ մարտեր ես անցկացրել, բայց հատկապես ո՞րից հետո ես զգացել, որ աշխատանքդ փայլուն ես կատարել:
Այդպիսի երկու մարտ կարող եմ նշել: 2008 թվականին աշխարհի գավաթի խաղարկության առաջին մարտում հանդիպեցի Օլիմպիական բրոնզե մեդալակրի հետ և շատ վստահ հաղթանակ տարա: 2-րդը կրկին նույն մրցաշարում էր, մրցակիցս աշխարհի չեմպիոն էր, նրա նկատմամբ առավելության հասա ընդամենը մեկ միավորի տարբերությամբ, շատ անմոռանալի մարտ էր:

Մինչև ռինգ դուրս գալը ի՞նչ է կատարվում բռնցքամարտիկի մոտ, ինչի միջո՞վ է նա անցնում:
Մինչև ռինգ մտնելը բոլորի մոտ էլ մեծ անհանգստություն և հոգեբանական լարվածություն է լինում, բայց հենց ոտքդ դնում ես ռինգին, միանգամից ամեն ինչ չքանում է, չես էլ հասկանում, թե ինչպես ես տրամադրվում: Բոլոր մարզիկների մոտ է այդպես մինչև գորգ մտնելը, մինչև ծանրաձողը բարձրացնելը, բայց պրոֆեսիոնալ մարզիկը գիտի, ինչպես հաղթահարել բոլոր տեսակի հուզումները:

Մարզիկները սովորաբար չեն խոստովանում իրենց թույլ կողմերը, դու ունե՞ս այդպիսիք:
Հայաստանում անցկացվող մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկների հետ մենամարտելիս չեմ կարողանում հարվածել: Ուղղակի ձեռքս չի բարձրանում նրանց վրա: Դա շատ է խանգարում:

Իսկ ո՞ր հնարքն ես համարում քոնը:
Շատ եմ սիրում ձախ կողային հարվածները:

Ո՞ր ժամանակահատվածն է եղել ամենադժվարը քո կարիերայում:
2007 թվականը, այդ տարվա աշխարհի առաջնությունում, որը կայացել է Չիկագոյում, ես 3-րդ մենամարտում պարտվել եմ մեկ միավորի տարբերությամբ, այն ինձ հնարավորություն կտար Օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Բայց սխալս ուղղեցի Իտալիայում կայացած վարկանշային մրցաշարում ու մեկնեցի Պեկին:

Խոսենք նաև քո ընտանիքից, դու ամուսնացած ես ու դուստր ունես:
2008 թվականին Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո վերադարձա Հայաստան և ամուսնացա: Հիմա 3,5 տարեկան աղջիկ ունեմ Մարիամ անունով: Չնայած շատ փոքր է, բայց արդեն բռնցքամարտից ինչ-որ բաներ հասկանում է, մրցաշարերի ժամանակ, երբ խոսում է հեռախոսով, միշտ ասում է, որ մեդալով վերադառնամ: Ես էլ փորձում եմ այնպես անել, որ ուրախացնեմ նրան:

Անդրանիկ, ի՞նչ է ըստ քեզ անհրաժեշտ բռնցքամարտում հաջողության հասնելու համար:
Բռնցքամարտիկները պետք է ամբողջությամբ նվիրվեն իրենց գործին, լսեն մարզչի խորհուրդները, ջանք ու եռանդ չխնայեն արդյունքի հասնելու համար:

Ո՞վ է բոլոր ժամանակների ամենալավ բռնցքամարտիկն ըստ քեզ:
Վլադիմիր Ենգիբարյանն ու Իսրայել Հակոբկոխյանը: Նրանցից տեխնիկա-տակտիկական շատ հնարքներ եմ սովորել: Ենգիբարյանը համարյա հարվածներ բաց չէր թողնում, միշտ շատ լավ պատրաստված էր դուրս գալիս ռինգ ու ակնհայտ առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ:

Հիշո՞ւմ ես, երբ դեռ պատանի էիր, ո՞ւմ մենամարտելու ոճն էիր հավանում Հայաստանի ազգային հավաքականում:
Շատ եմ հավանել Արտյոմ Սիմոնյանի և Արթուր Գևորգյանի բռնցքամարտը:

Իսկ պատկերացրե՞լ ես, որ մի օր դու էլ ես ներկայացնելու քո երկիրը ու հաջողություններ ես ունենալու:
Սկզբում չէի պատկերացնում, բայց երբ 2001 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն, սկսեցի հաղթանակներ արձանագրել ու ասացի, ինչու ես էլ չեմ կարող լինել բարձրակարգ մարզիկ: Ու Աստծո կամոք սկսեցի հավատալ ուժերիս ու հաջողություններ ունենալ: 2011-2012 թթ Հայաստանի բացարձակ չեմպիոն եմ, ու դա խոսում է իմ պատրաստվածության մասին: Ես ցանկացած մեդալի համար միշտ համառ պայքար եմ ծավալել:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Անդրանիկ Հակոբյան

Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Էջմիածնում:
2011-2012 թվականների Հայաստանի չեմպիոնն է ու բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող:
Հակոբյանի մարզական կարիերայի նշանակալից իրադարձությունը մասնակցությունն էր 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին: Իր առաջին մենամարտում նա միավորներով հաղթել է գանացի Ահմեդ Սարակուին, սակայն հաջորդ մարտում զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Էլշոդ Ռասուլովին: 2008 թվականին իրավունք է ստացել մասնակցելու Մոսկվայում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությանը: Նա փայլուն է հանդես եկել 75 կգ քաշային կարգում և նվաճել է Աշխարհի գավաթը:
2009-ին բռնցքամարտիկը աշխարհի առաջնություններում ցույց է տվել իր լավագույն արդյունքը: Միլանում անցկացված աշխարհի առաջնությունում նա նվաճել է արծաթե մեդալ` եզրափակչում զիջելով ուզբեկ Աբբոս Ատոևին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել 2011 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Բաքվում: Նա միակ հայ բռնցքամարտիկն է, ով կմեկնի Օլիմպիական խաղեր:

---