Սպորտը մարդուն կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես

Վարդան Փահլևանյան.

Սպորտը մարդուն կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես

PanARMENIAN.Net - Երկար տարիներ Հայաստանն Օլիմպիական խաղերում չուներ ատլետիկայի ներկայացուցիչ: Այս տարի հայ ատլետներից առաջինն ուղեգիր նվաճեց Վարդան Փահլևանյանը: Նա PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսի դժվարություններ կան Հայատսանում ատլետիյակով մարզվելու համար, ինչ նպատակով է մեկնում Լոնդոն և ինչ սպասելիքներ ունի հայ մարզիկներից:
Վարդա՛ն, մեր ընթերցողներից շատերը քեզ չեն ճանաչում, այդ իսկ պատճառով պատմիր քո մասին:
Ես երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն եմ դարձել, միջազգային մրցաշարերի հաղթող եմ ու մրցանակակիր: Հեռացատկով սկսել եմ մարզվել 10 տարեկանից: Մինչ այդ ես պարապում էի գիմնաստիկա, բայց վնասվածք ստացա, ու էլ չթողեցին մարզվեմ: Շատ քիչ ժամանակ էլ լող եմ պարապել, սակայն մարզիչս դուրս եկավ, և ես էլ չուզեցի շարունակել մարզումներս: Ապա տեղափոխվել եմ ատլետիկա ու արդեն մարզվում եմ 14 տարի:

Ե՞րբ ես առաջին անգամ գնացել հեռացատկի մարզումների և ում հետ:
Մայրիկս է ինձ բերել մարզումների, ես էլ սիրով սկսել եմ պարապել: Ատլետիկան ինձ շատ բան է տվել: Սպորտն, առհասարակ, կամային է դարձնում մարդուն, կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:

Ո՞վ է եղել առաջին մարզիչդ: Ի՞նչ ես սովորել նրանից, որը մինչ այսօր քեզ օգնում է:
Առաջին մարզիչներիս` Զաուր Սարգսյանն և Սուսաննա Մարտիրոսյանն են եղել, որոնց հետ ես մինչև այսօր էլ աշխատում եմ: Նրանք ինձ համար ծնողներ են, և շատ բան եմ սովորել նրանցից: Մարզիչներս մեծ կարևորություն ունեն իմ կյանքում, ու ես չեմ կարող փոխել նրանց ուրիշ մարզիչների հետ:

Վարդա՛ն, ատլետիկայով զբաղվելու համար ստեղծվա՞ծ են այսօր Հայաստանում պայմաններ:
Ցավոք, բայց մեր երկրում չկա ոչ մի պայման: Այստեղ ատլետիկան ոչ թե առաջ է գնում, այլ ինչ-որ չափով նահանջում է: Մարզիկների մեծ մասը երբ 18 տարեկան է դառնում, գնում է բանակ ու այլևս չի զբաղվում այս մարզաձևով: Այսինքն, մեր երկրում ատլետիկայով մարզվում են ընդհամենը մի քանի տարի: Նշեմ, որ Երևանը եվրոպական երկրների միակ մայրաքաղան է, որը միջազգային ստանդարտներին համապատասխան ստադիոն չունի:

Այդ դեպքում ի՞նչն է քեզ օգնում, որ չհուսահատվես ու շարունակես մարզվել:
Ես նպատակ ունեմ, ու չնայած այս պայմաններին ու խոչընդոտներին, անում եմ ամեն ինչ, որ հասնեմ նրան: Շատ եմ աշխատում, որպեսզի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ցույց տամ բարձր արդյունքներ:

Խոսենք նաև միջազգային մրցաշարերից: Մասնակցո՞ւմ եք այնքան շատ թվով մրցաշարերի, որպեսզի փորձ ձեռք բերեք ու արդեն Եվրոպայի կամ էլ աշխարհի առաջնություններում ավելի հաջող հանդես գաք:
Մրցաշարերի քիչ ենք մասնակցում` տարեկան 2-3 անգամ, ու մեկնում ենք մրցավայր մի քանի հոգով: Փորձ ձեռք բերելու համար շատ կարևոր են նաև մրջազգային ու համատեղ հավաքները:

Իսկ այլ ազգի մարզիկների հետ շփում կա՞:
Միջազգային հանդիպումների ժամանակ անպայման փորձի փոխանակում լինում է: Տեսնում ենք միմյանց սխալները, փորձում ենք ուղղել: Շփում լինում է նաև իրենց մարզիչների հետ:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն արդեն իսկ շատ մեծ բան է: Դու Հայաստանի 22-րդ ուղեգիրն ապահովեցիր: Կպատմե՞ս Վրաստանի առաջնությունից ու քո հաջողությունից:
Այդ ժամանակ արդեն եվրոպական նորմատիվ ունեի ու մնացել էր Օլիմպիականը: Ես Վրաստան մեկնել էի մեկ նպատակով` նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քանի որ մենք մրցումների այդքան շատ չենք մասնակցում, լարվածություն կար մոտս: Բայց ես վստահ էի, որ կկարողանամ լավ ցատկեմ ու մեկնեմ Լոնդոն:

Հայ ամենահայտնի հեռացատկորդը Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանն է: Հաճա՞խ ես շփվում նրա հետ, ի՞նչ խորհուրդներ է տալիս:
Էմմիյանը մեր ֆեդերացիայի նախագահն է, բայց քանի որ Հայաստանում քիչ է լինում, մենք շփվում ենք հեռախոսով կամ ինտերնետով: Իհարկե, տարբեր խորհուրդներ է նա տալիս է ինձ: Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո նա զանգեց և շնորհավորեց ինձ:

Օլիմպիական խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար:
Ցանկացած մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին, բացառություն չեմ նաև ես: Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն: Բայց բացի մասնակցելուց ցանկալի է նաև, որ ցույց տաս լավագյուն արդյունք:

Լոնդոնում ո՞րն է լինելու քո առջև դրված խնդիրը:
Առաջնային նպատակս է լինելու եզրափակիչ մտնելը:

Ըստ քեզ, ովքե՞ր են Օլիմպիադայում լինելու քո մարզաձևում մեդալի համար մղվող պայքարի հիմնական հավակնորդները:
ԱՄՆ, Ռուսաստանի, Անգլիայի, Կուբայի, Պորտուգալիայի ներկայացուցիչները: Չնայած բոլոր մարզիկներն էլ ուժեղ են, ու պետք է բոլորի հետ էլ հաշվի նստել: Ոչ բոլորի, բայց կեսից շատի հետ մրցաշարերի ժամանակ հանդիպել եմ ու մրցակցել ենք իրար հետ:

Հեռացատկը բաղկացած է 4 մասից` թափավազք, հրվում, ճախրում և վայրէջք: Ո՞ր մասը պետք է լավ տիրապետի մարզիկը հաջողության հասնելու համար:
Առանց մեկի մյուսը չի կարող լիենել: Բոլորն էլ պետք է համակցված լինեն, ու բոլոր մասերն էլ պետք է ճիշտ կատարել: Եթե մեկը լավ կատարես, մյուսը ոչ` արդյունքդ լավ չի լինի:

Վարժությունն սկսելուց առաջ, արդեն մոտավորապես գիտե՞ս ինչքան ես թռչելու:
Նույնիսկ վարժությունը կատարելու ժամանակ չես կարող հստակ իմանալ, թե ինչքան հեռու կցատկես: Պետք է մինչև ցատկելը մտածես, տրամադրվես ու կատարես վարժությունը: Բացի այդ, մարզումների ժամանակ արդեն մոտավորապես գիտես ինչքան ես կարողանում ցատկել, ու մրցման ժամանակ վերջնական արդյունքը քեզնից է կախված:

Իսկ ի՞նչը կարող է խանգարել մարզիկին մրցման ժամանակ:
Լարվածությունը, էմոցիոնալ վիճակը, մեր մարզաձևում կարևոր է նաև եղանակային պայմանները, ծածկույթը: Եթե չկարողանաս հարմարվել ծածկույթին` չես կարող լավ արդյունք ցույց տալ:

Իսկ ի՞նչ տեխնիկական հնարքների ես տիրապետում և օգտագործում վարժությունը կատարելու ժամանակ:
Ես ցատկում եմ մկրատաձև: Փոքր ժամանակ արտակորված էի կատարում վարժությունը, բայց վնասվածք ստացա, մոտ երկու տարի չէի մարզվում: Հետո վերսկսեցի մարզումները ու մկրատաձև ցատկը ինքն իրեն ստացվեց:

Դու քեզ ավելի լավ զգում ես բաց տարածությունո՞ւմ` ստադիոնում, թե փակ տարածքում:
Ինձ համար տարբերություն չկա, երկու տեղն էլ լավ եմ զգում: Երևի դրա համար երկու տեղն էլ արդյունքներս նույնն են:

Քո ամենալավ արդյունքը ո՞րն է եղել:
Վերջին վարկանշային մրցաշարի ժամանակ ցույց եմ տվել 8.12սմ արդյունք:

Ինչ ես կարծում, ինչպե՞ս կդասավորվի Օլիմպիադան հայ մարզիկների համար:
Հուսամ, որ լավ կլինի բոլոր հայ մարզիկների համար էլ: Կարևորը առանց վնասվածքների լինեն նրանք ու հանդես գան իրենց հնարավորության սահմաններում:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Վարդան Փահլեվանյան

Հեռացատկորդ Վարդան Փահլեվանյանը ծնվել է 1988 թվականի փետրվար 27-ին Երևանում:
10 տարեկանից «Սպարտակ» մարզադպրոցում զբաղվում է հեռացատկով: Հայաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի գավաթակիր:
Վարդանը նաև տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանանակիր է: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է այս տարի Վրաստանում կայացած մրցաշարի ժամանակ: Սա լինելու է նրա առաջին Օլիմպիադան:

---