Ծանրամարտն ինձ ճիշտ ուղու վրա է դրել, դարձրել է ավելի բարի ու ներողամիտ

Առաքել Միրզոյան.

Ծանրամարտն ինձ ճիշտ ուղու վրա է դրել, դարձրել է ավելի բարի ու ներողամիտ

PanARMENIAN.Net - Ծանրորդ Առաքել Միրզոյանի երազանքն է եղել մասնակցել Օլիմպիադայի ու իր հայրիկի պես դառնալ Օլիմպիական չեմպիոն: Նա կարողացել է ապաքինվել ծանր վնասվածքից ու անհամբերությամբ է սպասում իր ելույթին: PanARMENIAN.Net-ին Առաքելը խոստովանել է, թե ինչու է սիրում մարզվել իր հոր գլխավորությամբ, ինչն է իրեն հաջողություն բերում, որքան քաշ է բարձրացրել 5 տարեկանում ու ինչու կուռքեր չունի:
Սա քո առաջին Օլիմպիական խաղերն են, ինչպե՞ս ես պատրաստվել և ի՞նչ մարզումներ ես անցկացրել:
Շատ ծանր մարզումներ եմ անցկացրել, քանի որ շատ լուրջ խնդիր եմ դրել իմ առջև: Ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցրել, որ մեր երկիրը պատվով ներկայացնեմ Օլիմպիական խաղերում և արդարացնեմ իմ ժողովրդի, ընտանիքիս և ընկերներիս սպասելիքները: Հիմնականում մարզվում եմ Բաղրամյան գյուղում, որտեղ նաև ապրում եմ:

Քո վերջին մրցաշարը եղել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ դու ելույթ ես ունեցել B խմբում և զբաղեցրել ես 4-րդ տեղը: Ի՞նչը չբավականացրեց քեզ այնտեղ ավելի լավ ելույթ ունենալու համար:
2010 թվականին ես շատ լուրջ վնասվածք էի ստացել ու 2 ծանր վիրահատության էի ենթարկվել, ոտքս և ձեռքս գիպսի մեջ էին գտնվում, խնդիրներ ունեի նաև մեջքիս հետ կապված: Բայց ինձ հնարավորություն ընձեռնվեց նման ծանր վնասվածքներից հետո կրկին բարձրանալ մրցահարթակ: Ես շատ գոհ էի իմ արդյունքից, քանի որ տասնյակ մարզիկների մեջ գրավել եմ 8-րդ տեղը, ճիշտ է մեդալ չկարողացա նվաճել, բայց լավ արդյունք ցույց տվեցի և հաջող օգտագործեցի 5 մոտեցում: Ես գնացել էի Օլիմպիական ուղեգրի համար, առաջնությունն ինձ օգնեց վստահություն ձեռք բերել:

Դու ի տարբերություն հավաքականի տղաների մարզվում ես առանձին` հայրիկիդ գլխավորությամբ: Ըստ քեզ, ինչո՞վ են այդ մարզումները տարբերվում թիմային աշխատանքից:
Ես միշտ մարզվել եմ առանձին` իմ գրաֆիկով: Հայրս` Օկսեն Միրզոյանը, Օլիմպիական չեմպիոն է, ու կարծում եմ նա շատ լուրջ մասնագետ է և կարող է ինձ տալ անհրաժեշտ գիտելիքները: Հավաքականի մարզիչներն էլ են շատ փորձառու ու լավ գիտեն իրենց աշխատանքը, բայց ես սովոր եմ հայրիկիս գլխավորությամբ մարզվել:

Իսկ ինչպիսի՞ն են հայր և որդի փոխհարաբերությունները դահլիճում, և արդյոք պահանջկո՞տ է հայրդ:
Շատ դժվար է միասին աշխատելը, գրեթե ամեն օր էլ կռվում ենք իրար հետ (ծիծաղում է), բայց միայն նա է հաղթող դուրս գալիս, քանի որ ես միշտ կատարում եմ նրա առաջադրանքները: Նա Օլիմպիական չեմպիոն է, ու Եվրոպայի չեմպիոնը նրանից շատ բան ունի սովորելու: Մարզադահլիճում նա իմ մարզիչն է միայն ու շատ պահանջկոտ է: Կարծում եմ խստությունը շատ կարևոր է ու օգնում է, որ ավելի լավ աշխատես:

Մի փոքր պատմիր նաև այն դահլիճի մասին, որտեղ մարզվում ես:
Այդ մարզադահլիճը գտնվում է մեր տան կողքին, ես և հորեղբորս տղան`Արայիկը, միասին ենք մարզվում: Ես գտել եմ այն վայրը, որտեղ կարելի է հանգիստ մարզվել և կարծում եմ, որ հաջողություններս նաև այդ դահլիճի հետ են կապված:

Դու փորձել ես գնալ հայրիկիդ ճանապարհով և նույնպես ընտրել ես ծանրամարտը: Իսկ ինչպես է սկսվել քո ուղին դեպի մեծ սպորտ:
Ես դեռ 5 տարեկանում բարձրացրել եմ 20 կգ-ոց ծանրաձող: Ստիպողաբար ոչինչ չի եղել, ես ինքս եմ ընտրել այդ մարզաձևը: Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, տեսա, թե ինչպես են մեծերը մարզվում ու որոշեցի, որ ես էլ եմ ուզում ելույթ ունենալ կարևոր հարթակներում և ցույց տալ կարողություններս: Շատ ուրախ եմ այդ ընտրության համար, Աստված ինձ տվել է բարձրունքների հասնելու հնարավորություն, և իմ կարողությունների սահմաններում փորձելու եմ Օլիմպիադայում մեդալ նվաճել:

Իսկ ինչպե՞ս է քեզ մոտ կատարվել անցումը երիտասարդական հավաքականից դեպի ազգային թիմ:
Ես երիտասարդական հավաքականում բավական հաջող եմ ելույթ ունեցել, 2008 թվականին Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ եմ նվաճել, իսկ աշխարհի առաջնությունում և Համաշխարհային ուսանողական խաղերում դարձել եմ արծաթե մեդալակիր: 2009-ին էլ դեռ երիտասարդ էի, բայց մեկնեցի մեծահասակների Եվրոպայի առաջնություն ու հաղթող դարձա: Այնուհետև նաև արծաթե մեդալ եմ նվաճել աշխարհի առաջնությունում:

Դու շատ անվանի ծանրորդների հետ ես շփվել, ովքե՞ր են եղել քո կուռքերը ու ի՞նչ ես սովորել նրանցից:
Ես երբեք կուռքեր չեմ ունեցել, երբեք ոչ մեկի համար չեմ գժվել: Իմ կուռքը միշտ եղել է ուժեղն ու հաղթողը: Ես գնահատում եմ բոլոր հաղթողներին, քանի որ ես ինքս շատ ծանր մարզումներ եմ անցկացնում ու գիտեմ, թե ինչ տանջանքների արդյունքում են հասնում հաջողության: Բոլորից էլ ինչ որ բան սովորել եմ:

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու եք դու և Տիգրան Մարտիրոսյանը: Ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները և դժվար չի՞ լինելու մրցակցել նրա հետ:
Ես Տիգրանի հետ լավ հարաբերություններ ունեմ և ինձ համար կարևոր չէ, որ մի քաշային կարգում ենք հանդես գալու: Ես ինքս ինձ եմ համարում հակառակորդ, քանի որ, եթե մարզիկը չկարողանա հոգեպես իրեն կառավարել, արդյունքի չի հասնի:

Դու 2010 թվականի Հայաստանի գավաթի խաղարկության ժամանակ կոտրեցիր ձեռքդ ու երկար ժամանակ պահանջվեց վերականգնվելու համար: Ինչպե՞ս նորից սկսեցիր մարզվել, դժվա՞ր չէր հոգեբանորեն:
Շատ դժվար է եղել, այդ վնասվածքից հետո ինձ թվում էր ամեն ինչ վերջացավ, երբ ուշքի եկա ու տեսա, որ ոտքս, ձեռքս և մեջքս գիպսի մեջ են: Բայց ինքս ինձ տրամադրեցի, ասելով, որ կարող եմ, կարող եմ, ու այդ կարողը եղավ: Շատ ջանքեր գործադրեցի ու հիմա կրկին կարող եմ պայքարել մեդալների համար: Իմ գերնպատակը իրականացավ ու ես կկարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին:

Ծանրամարտը շատ դժվար մարզաձև է, ըստ էության դու մրցակից չես ունենում և հիմնական պայքարը մարզիկն ինքն իր հետ է տանում: Քեզ ինչպե՞ս է հաջողվում հաղթող դուրս գալ այդ պայքարում:
Արդեն սկսել եմ ինքս ինձ հաղթել (ծիծաղում է): Շատ դժվար է, բայց ես հիմա չեմ շփվում ընկերներիս հետ, չնայած նրանց շատ եմ սիրում, դուրս չեմ գալիս տնից ու քանի որ շատ լուրջ նպատակ եմ դրել իմ առջև, փորձում եմ այնպես անել, որ ոչինչ չշեղի ինձ: 100 տարվա ընթացքում 13 հայ Օլիմպիական չեմպիոն է եղել, ու իմ ընկերները չեն նեղանա, որ ես որոշ ժամանակ չտեսնեմ նրանց, բայց դառնամ Օլիմպիական չեմպիոն:

Ի՞նչ որակներ ես ժառանգել հայրիկիցդ և ինչո՞վ եք տարբերվում իրարից:
Դժվարանում եմ պատասխանել, քանի որ հայրիկիս շատ եմ նման: Բայց ավելի կոնկրետ Օլիմպիական խաղերից հետո կպատասխանեմ, թե ինչով ենք նման (ծիծաղում է):

Քեզ միշտ համեմատում են հայրիկիդ հետ, դժվա՞ր չէ քեզ համար:
Ես շատ ուրախ եմ, որ ինձ համեմատում են հայրիկիս հետ: Նրա մեջ շատ բան է ինձ դուր գալիս, նրա համեստությունը, լավ բնավորությունը, ու ուրախալի է, երբ համեմատում են մի մարդու հետ, որին բոլորը հարգում ու սիրում են:

Առաքել, ինչպե՞ս է սպորտը ազդել քեզ վրա և ի՞նչ է փոխել քո մեջ:
Բացի մեդալներից, սպորտն ինձ ճանաչում է տվել, օգնել է, որ կտրվեմ փողոցից ու պիտանի մարդ դառնամ: Սպորտն ինձ ճիշտ ուղու վրա է դրել, դարձրել է ավելի բարի ու ներողամիտ:

Հայ ծանրորդները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից միշտ մեդալներով են վերադառնում: Ըստ քեզ, որքա՞ն մեդալ կհաջողվի նվաճել Լոնդոնում:
Եթե իմ ցանկությամբ լինի, կուզեմ 6-ն էլ ոսկե մեդալ լինեն: Բայց հաստատ կարող եմ ասել, որ մեդալ լինելու է:

Ո՞րն է եղել վերջին տարիներին Հայաստանի սպորտային կյանքի ամենանշանակալից նվաճումը:
Բոլոր նվաճումներն էլ ինձ համար Հայաստանի առաջնության չեմպիոնությունից մինչև Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կարևոր են: Քանի որ Օլիմպիական չեմպիոնն էլ իր ուղին սկսել է պատանեկան մրցաշարերում տոնած հաղթանակներից: Ինձ համար Օլիմպիական մեդալն է շատ կարևոր, բայց սկսնակ մարզիկի համար ամենակարևորը պատանեկան մրցաշարում հաջողության հասնելն է:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Առաքել Միրզոյան

Ծանրորդ Առաքել Միրզոյանը (77 կգ) ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնում:
2008 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում և Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է արծաթե մեդալ:
2009 թվականին 69 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն և հռչակվել է Եվրոպայի լավագույն ծանրորդ, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:

---