Յուրաքանչյուր մրցաշարի այնպես եմ պատրաստվում, կարծես ոչ մի հաջողություն էլ չեմ ունեցել

Տիգրան Մարտիրոսյան.

Յուրաքանչյուր մրցաշարի այնպես եմ պատրաստվում, կարծես ոչ մի հաջողություն էլ չեմ ունեցել

PanARMENIAN.Net - Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը ցանկանում է Լոնդոնում գերազանցել իր արդյունքը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ծանրորդը խոսել է իր հաջողությունների գաղտնիքի, սպորտային երազանքների, կյանքի դժվարին փուլի և մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին:
Քեզ հաջողվել է բազմաթիվ մեդալներ նվաճել: Ինչպե՞ս են քեզ տրվել այդ նվաճումները:
Ես, իսկապես, շատ հաջողություններ եմ ունեցել, բայց առաջին հերթին դժվար է եղել այդ բարձրուքներին հասնել: Ու դրանից հետո , երբ հայտնվում ես մարդկանց ուշադրության կենտրոնում, դա կարող է խանգարել, եթե քեզ սխալ տրամադրես: Բայց նաև պարտավորված ես զգում, որ այդքան մարդիկ երկրպագում են քեզ: Պետք է միշտ զգոն լինել ու չհանգստանալ ձեռքբերածով: Ես միշտ հիշում եմ մարզչիս` Աշոտ Մխիթարյանի, խոսքերը, որ ամեն մի մրցումից հետո պետք է մոռանալ այդ հաջողությունն ու մտածել հաջորդի մասին: Ես այդպես էլ անում եմ ու առաջիկա մրցաշարին այնպես եմ պատրաստվում, կարծես ոչ մի հաջողություն էլ չեմ ունեցել:

Ի՞նչն ես համարում քո մարզական հաջողության գաղտնիքը:
Իմ բնածին տվյալները, աշխատասիրությունը, անսահման սերը դեպի այս մարզաձևը և այն, որ ինձ բախտ է վիճակվել հանդիպել Աշոտ Մխիթարյանի պես մարզչի: Իմ հայրն էլ է ծանրորդ եղել և նա այնքան հետաքրքիր էր պատմում ծանրամարտի մասին, որ ես դեռ չպարապելով այս մարզաձևով` արդեն սիրում էի այն:

Շատ հայտնի մարզիկներ նշում են, որ հաղթանակից հետո նրանց մոտ դատարկություն է լինում: Քեզ հետ նման բան պատահե՞լ է:
Առաջին հերթին հպարտանում եմ, բավարարվածության զգացողություն եմ ունենում, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ մեծ զրկանքների ու դժվարությունների գնով է տրվում, ու ուրախանում եմ, որ իմ չարչարանքն ապարդյուն չի եղել: Բայց դատարկության զգացողություն չի առաջանում: Ես համարում եմ, որ սպորտի բարձրունքին չեմ հասել, շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ կան, Յուրի Վարդանյանն, օրինակ, 7 անգամ է դարձել աշխարհի չեմպիոն, ոմանք մի քանի անգամ Օլիմպիական չեմպիոն են եղել: Եվ ես էլ փորձելու եմ ավելացնել իմ մեդալների քանակը:

Քեզ համար ամենադժվար ու ծանր ժամանակահատվածը ե՞րբ է եղել:
2010 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո է եղել, երբ ես նվաճեցի ոսկե մեդալ, բայց դրանից հետո հավաքականի գլխավոր մարզիչ և իմ անձնական մարզիչ Աշոտ Մխիթարյանը մահացավ: Ես սովոր էի, որ նա միշտ իմ կողքին է լինում, ու հանկարծ այդ մարդը չկար, շատ դժվար էր: Բայց ես կարողացա հաղթահարել այդ դժվարությունն ու մի քանի ամիս անց դարձա աշխարհի չեմպիոն ու հաղթանակս նվիրեցի մարզչիս, քանի որ իմ հաջողություններում ամենամեծ ներդրումը նա է ունեցել:

Սովորաբար հաղթանակներից հետո գիշերը կարողանո՞ւմ ես քնել և կհիշե՞ս Օլիմպիական խաղերի գիշերը:
Պեկինում բրոնզե մեդալ նվաճելուց հետո ես այդքան էլ ուրախ չէի, քանի որ ոսկու համար էի գնացել: Ուղղակի այնտեղ մի քանի անգամ դոպինգ-ստուգման էի ենթարկվել, բացի այդ էլ շատ քաշ էի գցել ու չստացվեց ոսկե մեդալ նվաճել: Բայց հաղթանակներից հետո դժվար եմ քնում (ծիծաղում է):

Իսկ արդեն Գյումրի վերադառնալուց հետո ինչպե՞ս ես նշում հաղթանակները:
Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, երբ ժամանեցինք Երևան, օդանավակայանում 20 հազար մարդ էր մեզ դիմավորում, շատ անակնկալ էր ինձ համար, կարծես ողջ ազգը տոնում էր իմ հաղթաակը: Գյումրիում էլ բազմաթիվ մարդիկ էին եկել դիմավորելու: Իսկ տանը ընկերների ու հարազատների հետ ենք նշում:

Քեզ վերջին ժամանակներս անընդհատ անհանգստացնում էին վնասվածքները: Ամբողջովին ապաքինվե՞լ ես և պատրա՞ստ ես Օլիմպիական խաղերին:

Անցած տարվա աշխարհի առաջնությունից հետո, որն անհաջող էր ինձ համար, բուժվեցի և հիմա ամբողջովին ապաքինվել եմ:

Սովորաբար մարզումների ժամանակ, երբ ավելի հանգիստ ես և լարվածություն չկա, առավելագույնը որքան քաշ է քեզ հաջողվել բարձրացնել:
Եղել է, որ մարզումների ժամանակ ավելի քիչ քաշ եմ բարձրացրել, բայց մրցման ժամանակ ավելի լավ եմ ելույթ ունեցել, և հակառակն էլ է պատահել: Պարզապես պետք է այնպես տրամադրվել, որ բոլոր հուզումները քո օգտին գործեն:

Մեկ մարզման ժամանակ սովորաբար որքա՞ն կգ ես բարձրացնում:
Պատահում է, որ մինչև 20-25 տոննա բարձրացնում եմ:

Տիգրան, մի քիչ խոսենք նաև սպորտում քո առաջին քայլերի մասին:
Ծանրամարտի նկատմամբ սերը իմ հայրիկից է փոխանցվել, նա նույնպես հաջողություններ է ունեցել: Սկսել եմ մարզվել 11 տարեկանից Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջում, իմ մարզիչն է եղել Աշոտ Մխիթարյանը: Հիշում եմ, որ այդ ժամանակ անձնական քաշով 35 կգ էի և մեկ շաբաթ մարզվելուց հետո բարձրացնում էի 40 կգ:

Մեծահասակների շարքում դու հանդես ես եկել 69 և 77 կգ քաշային կարգերում: Ո՞ր քաշում էիր քեզ ավելի լավ զգում և որո՞ւմ էին մրցակիցներն ավելի ուժեղ:
Երկու քաշերում էլ շատ ուժեղ մրցակիցներ են եղել: 77 կգ-ում առաջին մրցման ժամանակ երկամարտի արդյունքով բարձրացրել եմ 370 կգ, չորս տարվա ընթացքում նման արդյունք չէր գրանցվել, իսկ ես հազիվ երկրորդ տեղը զբաղեցրի: 77-ը շատ դժվար եղավ ինձ համար, բայց հիմա ինձ շատ ավելի վստահ եմ զգում: 69 կգ քաշային կարգում շատ քաշ էի կորցնում ու դա խանգարում էր:

Բոլորս գիտենք, որ դու շատ էիր կապված քո մարզչի` Աշոտ Մխիթարյանի հետ: Ինչպե՞ս սովորեցիր աշխատել և ապրել առանց նրա:

Մինչև հիմա էլ նրա կարիքը զգում եմ, շատ դժվար է, ամբողջովին չեմ սովորել, միշտ հիշում եմ նրա խորհուրդները: Երբ մարզումների ժամանակ դժվարության առջև եմ կանգնում, հիշում եմ նրա ասածները, կամ կան բաներ, որ ես նոր եմ հասկանում, բայց նա այդ մասին ինձ մի քանի տարի առաջ է ասել: Մխիթարյանին միշտ հիշում ու կարոտում եմ:

Ըստ քեզ, ի՞նչն է ամենադժվարը ծանրամարտում:
Ամեն ինչն էլ շատ ծանր է, բայց ամենադժվարն այն է, որ կարողանաս քեզ ճիշտ հոգեվիճակի մեջ դնել: Ես տարբեր մարզաձևերով զբաղվող ընկերներիս հետ եմ խոսել ու զգացել եմ, որ ծանրամարտն ամբողջովին ուրիշ է: Չես կարողանում մարդկանց հետ շփվել, այլ բաներով զբաղվել, մեկուսանում ես ամեն ինչից:

Դու մեր ամենաուժեղ ծանրորդներից ես, իսկ դա նշանակում է, որ բլորը քեզանից միշտ լավ արդյուքն են ակնկալում: Դու մտածո՞ւմ ես մարդկանց հուսախաբ չանելու մասին և արդյո՞ք դա չի խանգարում քեզ:
Չի խանգարում, ես միշտ էլ ցանկացել եմ, որ ամեն անգամ նոր բան անեմ: Մարդկանց հավատն էլ լրացուցիչ ուժ և պարտավորվածություն է տալիս:

Արդյո՞ք թույլ տեղ ունի Տիգրան Մարտիրոսյանը, թե հարթակում նա անվախ է:
Ես իմ ամբողջ կյանքում սպորտով եմ զբաղվել ու անձնական խնդիրները փորձել եմ կողքի դնել: Իսկ եթե ինչ որ բանի հասնել չի հաջողվել, ես միշտ զգացել եմ իմ սխալներն ու փորձել եմ մյուս մրցաշարերի ժամանակ չկրկնել դրանք:

Հայ մարզիկներից ո՞ւմ հետ ես մտերիմ, որ հանգիստ վերլուծում եք ձեր ելույթները, խոսում մրցաշարերից:
Համարյա բոլոր մարզաձևերով զբաղվող մարզիկների հետ էլ ծանոթ եմ ու լավ հարաբերություններ ունեմ, բայց իմ ելույթների մասին հիմնականում խոսում եմ ծանրորդների ու իմ մարզիչների հետ:

77 կգ քաշային կարգում Հայաստանը դու և Առաքել Միրզոյանն եք ներկայացնելու: Քեզ համար կա՞պ ունի, թե ով է քո մրցակիցը:
Ինձ համար ընդհանրապես կարևոր չէ, թե ում հետ եմ մրցակցում, ես ավելի ուրախ եմ, որ Առաքելը իմ քաշում է հանդես գալու, և կցանկանամ, որ երկուսս էլ կանգնենք պատվո հարթակի վրա: Իմ մրցակիցը միայն ծանրաձողն է, իսկ մյուս մարզիկների մասին չեմ էլ մտածում:

Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ երկրպագուները քեզանից:
4 տարի առաջ 20 տարեկանում Օլիմպիական խաղերում ես բրոնզե մեդալակիր եմ դարձել և դժվար թե հիմա էլի մտածեմ 3-րդ տեղի համար, ցանկանում եմ ավելի բարձր արդյունքների հասնել: Խոստումներ չեմ տա, բայց ամեն ինչ կանեմ, որ ուրախացնեմ բոլորին:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Տիգրան Գևորգի Մարտիրոսյան

Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 9-ին Գյումրիում: 2003 թվականին դարձել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2004-ին այդ նույն առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ: 2004-ին նա կարողացել է ոսկե մեդալակիր դառնալ նաև Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

2006 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և ճանաչվել լավագույն մարզիկ: 2007 թվականին Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: 2008 թվականը շատ հաջող էր երիտասարդ ծանրորդի համար: Նա նախ դարձել է Եվրոպայի չեմպիոն և լավագույն մարզիկ` սահմանելով Եվրոպայի 5 և աշխարհի 4 ռեկորդ, այնուհետև բրոնզե մեդալ է նվաճել Պեկինի Օլիմպիական խաղերում:

2009 թվականից Տիգրան Մարտիրոսյանը հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, մինչ այդ նա ելույթ էր ունենում 69 կգ-ում: Այդ տարվա աշխարհի առաջնությունում նա երկրորդն էր, իսկ 2010-ին նվաճել է 2 ոսկե մեդալ: Նախ նա անգերազանցելի էր Եվրոպայի, այնուհետև նաև աշխարհի առաջնությունում:

2009 թվականին ստացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում, իսկ 2010-ին Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

---