Մարզիչը բացի սպորտսմենից, նաև շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ է դաստիարակում

Արտաշես Ներսիսյան.

Մարզիչը բացի սպորտսմենից, նաև շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ է դաստիարակում

PanARMENIAN.Net - Հայաստանում մի քանի տարի առաջ ընդհանրապես գոյություն չուներ կանանց ծանրամարտ: Սակայն այսօր մեր մարզուհիները տարբեր միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալներով և աշխարհում համարվում են ուժեղագույններից: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ներկայացրել է, թե ինչպես է համագործակցում իր սաների հետ, ինչպիսի որակներ է նրանց փոխանցում և ինչպես պետք է մարզիկը մոտենա Օլիմպիական խաղերին:
Պարոն Ներսիսյա՛ն, Հայաստանի կանանց հավաքականը 2008 թվականի Օլիմպիական խաղեր մեկնեց մեկ մասնակցով: Այս տարի նրանք երկուսն են: Ըստ ձեզ, ինչի՞ շնորհիվ է այս առաջընթացը:
Վարկանշային երկու մրցումների լավ մասնակցության հաշվին: Մեքն կարող էինք նաև չորսն ունենալ, եթե Նազիկ Ավդալյանը ավտովթարի չենթարկվեր ու մասնակցեր առաջնություններին: Անթալիայի առաջնությանը լավ մասնակցեցինք, իսկ մյուս տարի Հռիփսիմեն ձեռքի վնասվածք ստացավ, Մելինեն զրո ստացավ: Էլենն ու Նաիրան միավորներ բերեցին, որոնք մեզ տվեցին այս երկու տեղերը: Չնայած կարող էր ավելին լինել, բայց գոհ եմ:

Հիմա էլ ելույթ կունենան երկու մարզուհիներ, որոնցից Մելինե Դալուզյանը պետք է հանդես գար Պեկինում, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը արդեն իսկ Օլիմպիադայի մասնակից է: Որպես գլխավոր մարզիչ, որը լավ է ճանաչում աղջիկներին, կպատմե՞ք մի փոքր նրանց մասին:

Պարտաճանաչ ու օրինակելի մարզիկներ են նրանք: Ուղղակի որոշ ժամանակ ընդհանուր էի ասում դիտողությունները, իսկ հիմա նրանք մեծացել են ու անհատական մոտեցում են պահանջում: Մեծ մարդիկ են, այն էլ կին, որոնք ավելի քմահաճ են:

Դա էի ուզում հարցնել: Ինչպե՞ս եք համագործակցում աղջիկների հետ: Չկա՞ն հոգեբանական կամ մտածելակերպի տարբերություններ:

Արդեն սովորել ենք իրար, խրատներս հայրական են, ընկերկան: Ես հանուն սպորտի, շատ բաներ չեմ էլ նկատում: Երբ դեռ տարիքով փոքր են, դաստիարակում ես այնպես, որ մեծանան ու հեշտ լինի աշխատելը: Մենք բացի սպորտսմենից, նաև մարդ ենք դաստիարակում, որ շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ լինի:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ դուք դարձաք հենց կանանց մարզիչ:

1980 թվականից մարզիչ եմ աշխատում, տղաների մարզիչ եմ եղել, աշխատել եմ ԽՍՀՄ հավաքականում: Հետո 1988-ի երկրաշարժը եղավ, որից տուժեց նաև իմ ընտանիքը: Փառք Աստծո, միայն մեր տունը քանդվեց, ու դրանից հետո ես թողեցի մարզումները ու սկսեցի զբաղվել միայն ընտանեկան գործերով: Հետո ես նորից մտա սպորտ, ու ինձ հետաքրքրեց կանանց ծանրամարտը, որոշեցի զարգացնել կանանց ծանրամարտը: Թիմ հավաքեցի, բայց շատերը չէին հավատում, որ հաջողության կհասնեմ: Ինձ օգնեց այն ժամանկվա սպորտի նախարար Իշխան Զաքարյանը և հավատաց: Հետո Հռիփսիմեն առաջին մեդալը բերեց Եվրոպայի առաջնությունից, ժողովուրը սկսեց սպասել ու հավատալ: Կապ չունի տղա է, թե աղջիկ, եթե սիրում է այդ մարզաձևը կփորձի իրեն ու հաջողության կհասնի:

Իսկ տղամարդկանց և կանանց մարզելու միջև կա՞ տարբերություն:
Երբ սկսնակ են, կանոնները նույնն են: Բայց երբ հասունանում են, առանձնահատկությունները շատ են: Պետք է բացարձակ անկեղծություն լինի մարզչի և սաների միջև: Պետք է վստահեն քեզ, դրա համար էլ որպես ծնող եմ ես նրանց համար:

Պարոն Ներսիսյա՛ն, ի՞նչ սկզբունքով եք դուք ընտրել հենց Մելինեին ու Հռիփսիմեին, որոնք պետք է ներկայանան Օլիմպիական խաղերում:
Նրանք ուժեղ են, և պետք է մասնակցի ուժեղը: Մենք ունեինք երկու տեղ, և նրանք են այս պահին փորձառու և ուժեղ:

Հայ երկրպագուները ճանաչում են հենց այդ երկու մարզուհուն, ինչպես նաև Նազիկ Ավդալյանին: Իսկ կա՞ն այլ աղջիկներ, ովքեր մոտ ապագայում կհամալրեն մեր հավաքականը:
Այս տարի մեր հանրապետության առաջնությանը մասնակցեցին 30 մարզուհիներ, այն դեպքում, երբ 10 հոգի էր մասնակցում: Մեծացել է նաև աշխարհագրությունը, արդեն մարզուհիներ կան Արարատից, Գյումրիից և Վանաձորից: Կան տաղանդավոր աղջիկներ, բայց աշխատելու տեղ շատ կա: Կարծում եմ, մեկ տարի ընդմիջում կլինի, ու նորից մեծահասակների առաջնություններում կրկին կգրանցենք հաջողություններ:

Առաջնության ժամանակ ո՞վ է որոշում մարզուհու բարձրացվելիք կիլոգրամը: Ինչպե՞ս եք համաձայնեցնում միմյանց հետ:
Համաձայնեցնում ենք մարզիկի հետ, նայում ենք, թե ինչքան կարող է բարձրացնել, նայում ենք մրցակիցների ցույց տված արդյունքը: Բայց ի վերջո մարզիկն է որոշում, բայց երբ ես տեսնում եմ, որ կասկածելով է նա համաձայնվում այդ քաշին, չեմ թողնում մոտենա:

Եվ վերջում, Օլիմպիական խաղերը պատասխանատվություն և միևնույն ժամանակ լարվածություն են առաջացնում մարզիկների մոտ: Ի՞նչ զրույցներ եք ունենում ձեր աղջիկների հետ և ինչպիսի՞ հոգեբանական պատրաստվածության եք նրանց բերում:
Փորձում եմ ավելի ազատ ու հանգիստ մթնոլորտ ստեղծել: Պետք չէ լարվածություն ստեղծել, թե ինչ է Օլիմպիական խաղեր են: Չեղավ` չեղավ, մյուսում կլինի: Գիտենք, որ կարևոր է, բայց անընդհատ պետք չէ հիշեցնել ու լարել նրանց: Այսօրվա դրությամբ երկուսն էլ լավ վիճակում են: Առողջ ու անփորձանք անցնենք այս ընթացքը, հարթակին հասնենք, ու այն ինչի որ ընդունակ ենք` կվերցնենք:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---