Սպորտը հիմա նաև հոգեբանական մրցակցություն է, ու հաղթում է նա ով չի հանձնվում

Դավիթ Սաֆարյան.

Սպորտը հիմա նաև հոգեբանական մրցակցություն է, ու հաղթում է նա ով չի հանձնվում

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 2011 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Այս անգամ PanARMENIAN.Net-ը զրուցել է Դավիթի հետ: Նա կպատմի, թե ինչպես է կարողանում մարզվել Կրասնոդարում, ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և ինչ որակներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա նվաճել Օլիմպիական մեդալ:
Դավի՛թ, խոսենք ամենասկզբից: Ե՞րբ ես սկսել զբաղվել ընբշամարտով և որտե՞ղ:
Հայրիկս` Հովհաննես Սաֆարյանը, ազատ ոճի ըմբիշ է եղել, ԽՍՀՄ մրցանակակիր է ու սպորտի միջազգային վարպետ: 5 տարեկան կլինեի, երբ եղբորս հետ տանն անընդհատ կռվում էինք, ու արդեն այդ տարիքից էլ պարզ էր, որ ես հենց ըմբշամարտով եմ զբաղվելու: Փոքր տարիքում մարզվել եմ նաև գիմնաստիկայով, բայց զգացի, որ իմը ազատ ոճի ըմբշամարտն է, ու սկսեցի լուրջ մարզվել:

Դու ծնվել ու մեծացել ես Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում: Դժվար չէ՞ր այնտեղ մարզվել:

Ես այնտեղ եմ ծնվել ու ամեն ինչին ծանոթ եմ եղել: Դա էր պատճառը, որ միջավայրին հարմարվելու ոչ մի խնդիր չեմ ունեցել: Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Կրասնոդար, ու ես սկսեցի մարզվել Աբդուլլահ Մագոմեդովի գլխավորությամբ: Այդ ժամանակվանից սկսեցի լավ արդյունքներ գրանցել, ու մարզչիս հետ աշխատում եմ մինչև այսօր:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել այնտեղ, ու ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել դրանք:
Բնականաբար, ոչ մի մարզիկի էլ, որը հասնում է հաջողությունների, ոչինչ հեշտ չի տրվում: Ես նույնպես շատ դժվարությունների միջով եմ անցել: Լարված մրցակցությունը փոքր տարիքից եղել է: Առաջ ծանր էի տանում նույնիսկ մանր դժվարությունները, իսկ հիմա արդեն մեծացել եմ ու շատ երևույթների այլ հայացքով եմ նայում: Ավելի թեթև և խելացի եմ ընկալում ամեն ինչ: Կրասնոդարում կան նաև ուրիշ հայեր, որոնք հենց իմ մարզչի մոտ են մարզվում: Տարբեր ազգերի ներկայացուցիչները շատ են Կրասնոդարում, բայց ոչ մի ազգամիջյան հարցեր չեն առաջանում: Ես հեշտ եմ հարմարվում այնտեղ, որովհետև այնտեղ եմ ծնվել ու մեծացել:

Ե՞րբ ես առաջին անգամ հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Կպատմե՞ս, թե ինչպես ընդունեցիր այդ որոշումը:
Մինչ 2011-ը ես ներկայացրել եմ Ռուսաստանը, որի կազմում երիտասարդական ու պատանեկան մի շարք առաջնություններում հաղթող ու մրցանակակիր եմ դարձել: Երբ արդեն սկսեցի հանդես գալ մեծահասակների առաջնությունում, Ռուսաստանի թիմի կազմում եկա Հայաստան, որպեսզի մասնակցեմ Ստեփան Սարգսյանի մրցաշարին: Ես լավ հանդես եկա, ու այդ ժամանակ էլ որոշում կայացրի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Եթե նախկինում ընտրությանս հարցում կասկածում էի, ապա հիմա համոզվել եմ, որ ճիշտ եմ վարվել ու շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունենում Հայաստանում: Ես հայ եմ ու պետք է ներկայացնեմ իմ երկիրը: Մեր ազատ ոճի հավաքականն ուժեղ է, ուղղակի ինչ-որ տեղ բախտը չժպտաց, որ Օլիմպիադա մեկնողների թիվն ավելի շատ լիներ: Ես կարծում էի 5-6 ուղեգիր կլինի: Բայց մի բան գիտեմ, որ մի քանի տարի հետո ավելի լավ հավաքական ենք ունենալու:

Փաստորեն, դու Հայաստանի հավաքականին միացար 2011 թվականին: Ինչպե՞ս ստացվեց առաջին շփումդ հավաքականի մյուս տղաների հետ:
Շատ հեշտ եմ հարմարվել թիմին, բոլոր տղաներն էլ բարի ու մարդամոտ են, ու միանգամից ընդունեցին ինձ: Նշեմ, որ ոչ միայն ինձ, այլև Դաղստանից եկած մեր մյուս թիմակիցներին, ովքեր արդեն ներկայացնում են Հայաստանը: Շատ ընկերական ու մտերիմ թիմ է, ու բոլոր տղաների հետ ես ջերմ հարաբերություններ ունեմ:

Քո առաջին մրցաշարը արդեն Հայաստանի դրոշի ներքո ե՞րբ է եղել:
Առաջին խոշոր մրցաշարը աշխարհի առաջնությունն էր, որը տեղի ունեցավ Ստամբուլում: Իսկ դրանից առաջ մի քանի միջազգային մրցաշարերի եմ մասնակցել, և Վրաստանում գրավել եմ երկրորդ տեղը:

Երբ գալիս ես Հայաստան, որտե՞ղ ես մնում, եթե իհարկե ուսումնամարզական հավաքի չես լինում:
Տատիկս, պապիկս, հարազատներս այստեղ են ապրում: Ես միշտ իմ ամառային արձակուրդները Հայաստանում եմ անցկացրել: Իսկ հիմա ամեն Նոր տարի մենք ընտանիքով գալիս ենք Հայաստան ու այստեղ ենք անցկացնում տոները:

Խոսենք Օլիմպիադայից: Դու Սոֆիայում հենց առաջին վարկանշային մրցաշարում ուղեգիր նվաճեցիր: Կպատմե՞ս քո հաղթանակների մասին:
Եվրոպայի առաջնությունից հետո ես վստահություն ձեռք բերեցի: Այնտեղ ադրբեջանցու հետ մենամարտի ժամանակ վնասվածք էի ստացել, ու կարծես թե բուժվել էի, բայց մարզման ժամանակ կրկին վնասվեցի: Մտածում էինք, որ առաջին մրցաշարում ես հանդես չգամ, բայց հետո որոշեցի փորձել: Վարկանշային մրցաշարի ժամանակ ուժեղ խումբ էի ընկել, ու մի պահ ինձ թվաց, թե չեմ կարող առաջ անցնել: Բայց դուրս էի գալիս գորգ հաղթանակի համար, որովհետև մեկ նպատակ ունեի` հենց առաջին մրցաշարից ուղեգիր նվաճել: Գիտեք, հիմա շատ է փոխվել ըմբշամարտը, բոլորը դուրս են գալիս ու պաշտպանվում են, դժվար է առաջ անցնելը: Բայց ուրախ եմ, որ հաղթեցի ու Հայաստանի համար ուղեգիր նվաճեցի:

Դու այս տարի Եվրոպայի առաջնությունում էլ լավ հանդես եկար` դառնալով բրոնզե մեդալակիր: Կարելի՞ է ենթադրել, որ մրցաշարում սպասում էիր նման հաջողության:
Մեդալն ու լավ մասնակցությունն ինձ շատ օգնեցին: Եվրոպայում դժվար մարտեր էի ունեցել, բայց դա վստահություն էր ինձ տվել ու հավատում էի, որ Օլիմպիական ուղեգիր կարողանալու եմ նվաճել:

Ի՞նչպես ես նախապատրաստվում Օլիմպիական խաղերին:
Ես Օլիմպիադային պատրաստվում եմ այնպես, ինչպես մյուս բոլոր մրցաշարերին: Օլիմպիադայում մասնակցում են միայն ուժեղագույն մարզիկները, սակայն պետք չէ դրանից ինչ-որ բան սարքել: Գլխավորը պետք է հանգիստ լինես, գորգ դուրս գաս, հանգիստ անես քո գործն ու վերջ: Մասշտաբային մտքերը մարզիկին խանգարում են: Օլիմպիական խաղերում գլխավորը հանգստությունն ու սառնասրտությունն են:

Քո մրցակիցներին ճանաչում ես ու, ըստ քեզ, ումի՞ց պետք է ամենաշատը զգուշանալ:
Ռուս, իրանցի, կուբացի, ճապոնացի ու ադրբեջանցի ըմբիշներից: Չնայած, 66 կգ այնպսի քաշ է, որտեղ թույլ կարգի մարզիկ չկա, ընդգծված առաջատար չկա: Կարծում եմ, որ շանսերը հավասար են ու բոլորն էլ արժանի են:

Դավի՛թ, բացի մեդալներից ու հաղթանակներից, ուրիշ ի՞նչ է տվել քեզ սպորտը:
Դաստիարակել է, կյանքին նայելու հայացքն է իմ մեջ փոխվել: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինեի, եթե չզբաղվեի սպորտով, միգուցե փողոցում թափառելիս կլինեի: Սպորտը բնավորություն է ձևավորում, մարդ է ստեղծում` լուրջ մարդ:

Գորգ դուրս գալուց առաջ, ինչպե՞ս ես քեզ նախապատրաստում մարտին:
Փորձում եմ տրամադրվել: Հաճախ լինում է, երբ գորգ եմ դուրս գալիս ու միայն այնտեղ եմ հասկանում, թե ինչ պենք է անեմ: Սպորտը հիմա ինչ- որ տեղ նաև հոգեբանական մրցակցություն է, հաղթում է նա, ով չի հանձնվում: Մինչ մեկնարկը բոլորի մոտ էլ լինում է անհանգստություն, և դա պետք է, այն ստիպում է, որ դու ավելի ուշադիր լինես գորգի վրա: Սա ոչ թե վախ է, այլ մեկնարկային հուզմունք:

Եվ վերջում, բոլորն էլ ասում են, որ Օլիմպիական խաղերն ավելի պատասխանատու և ավելի բարդ մրցումներ են: Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա հաղթահարել այդ լարվածությունն ու մեդալ նվաճի Օլիմպիադայում:
Պետք է հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես պատրաստ լինես ու շատ դիմացկուն: Պետք է կարողանաս այդ բոլորը համատեղել ու այդ դեպքում էլ հնարավոր կլինի Օլիմպիական մեդալ նվաճել:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Դավիթ Սաֆարյան

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում: Ըմբշամարտով մարզվում է 10 տարեկանից: Ապա նրանց ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդար, և Դավիթը մինչև այսօր մարզվում է Աբդուլլահ Մագոմեդովի մոտ:

Նա երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի, աշխարհի առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը:
Դավիթը 2011 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականում: Այս ընթացքում դարձել է միջազգային մրցաշարերի մրցանակակիր: 2012 թվականին նա Բելգրադում մասնակցել է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և տիրացել բրոնզե պարգևի: Նա Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք է բերել առաջին վարկանշային մրցաշարի ժամանակ, որը կայացավ Սոֆիայում: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա հանդես կգա մինչև 66 կգ քաշային կարգում:

---