Ցանկացած մարզաձև մարզիկին կամքի ուժ է տալիս, որ դիմանա դժվարություններին

Արման Երեմյան.

Ցանկացած մարզաձև մարզիկին կամքի ուժ է տալիս, որ դիմանա դժվարություններին

PanARMENIAN.Net - Արման Երեմյանն առաջին հայ մարզիկն է, որն Օլիմպիական խաղերում հանդես կգա թաեկվանդո մարզաձևում: PanARMENIAN.Net-ին նա խոստովանել է, թե ինչու է ընտրել թաեկվանդոն, ինչ է սովորեցնում իր մարզաձևը, խորհուրդ է տվել, թե ինչպես ձերբազատվել լարվածությունից խոշոր մրցաշարերից առաջ, ինչպես է տրամադրվում մարտից առաջ ու ինչը չի սիրում իր մարզաձևում:
Դու առաջին հայ մարզիկն ես, որ թաեկվանդո մարզաձևում հանդես է գալու Օլիմպիական խաղերում: Ի՞նչ է քեզ համար նշանակում այս հաջողությունը:
Առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ Հայաստանի առաջին ներկայացուցիչն եմ լինելու: Շատ լավ եմ պատրաստվել Օլիմպիադային և հույս ունեմ, որ լավ արդյունքի կհասնեմ:

Օլիմպիական ուղեգիր դու նվաճեցիր Կազանում, որտեղ հասար մինչև եզրափակիչ, սակայն մրցակիցդ`Հոլանդիան ներկայացնող Թոմի Մոլետը, հրաժարվեց մենամարտից: Սպասո՞ւմ էիր, որ դեպքերը նման զարգացում կստանան:
Լինում է նման բան, որ մարզիկը արդեն նվաճում է Օլիմպիական ուղեգիր և հրաժարվում է մարտից: Եվ սպասում էի, որ կհրաժարվի, որովհետև նա մի քիչ թույլ խմբից էր դուրս եկել, իսկ ես շատ դժվար մրցակիցների էի հաղթահարել: Եթե համոզված լիներ, որ կհաղթի, կմենամարտեր: Բայց նման կերպ նա խուսափեց նաև վնասվածքներից ու հոգնածությունից: Ես էլ դեմ չէի հեշտ հաղթանակ տոնել:

Մրցաշարից առաջ նշվում էր, որ թեժ պայքար է ընթանալու ուղեգրերի համար: Դու ինչպիսի՞ տրամադրվածությամբ էիր մեկնել Կազան:
Սպասում էի, որ կկարողանամ ուղեգիր նվաճել: Ես պետք է նաև մասնակցեի Պեկինի Օլիմպիական խաղերին, սակայն իմ վարկանշային մրցաշարը կայացավ Թուրքիայում: Ես ուղեգրի համար պայքարում հանդիպել էի թուրք մարզիկի, բայց դահլիճից առարկաներ էին նետում ինձ վրա, հոգեբանորեն շատ վատ վիճակում էի, ու այդպես չստացվեց: Այդ ամենից հետո, վստահ էի, որ լոնդոնյան խաղերի ուղեգիր կնվաճեմ:

Ի՞նչ նախապատրաստական ծրագրով ես պատրաստվել Օլիմպիական խաղերին:
Մայիսին բաց թողեցի Եվրոպայի առաջնությունը, նպատակահարմար գտա այդ ընթացքում մարզումներ անցկացնել: 2 հավաք Ծաղկաձորում եմ ունեցել, մեկական հավաք էլ անցկացրել եմ Դաղստանում և Վլադիկավկազում: Վերջին հավաքն անցել է Երևանում, ինձ հետ մարզվել են Ռուսաստանից ժամանած սպարինգ-մրցակիցներ: Ամեն ինչ ընթացել է մեր պլանավորածի պես: Մարզիչ ենք հրավիրել Իրանից, նա ֆիզիկական պատրաստվածության վրա է աշխատում, հավաքականի մարզիչը Արամ Սահակյանն է, մենք միասին մարզվել ենք, հետո նա մարզչական աշխատանքի է անցել:

2008 թվականին դու դարձել ես Եվրոպայի չեմպիոն, բոլորը քո մասին սկսեցին կրկին խոսել նաև այս տարի: Այդ 4 տարիների ընթացքում ինչպե՞ս էր ընթանում քո կարիերան և ի՞նչ հաջողություններ ես գրանցել:
2009 թվականին Համաշխարհային ուսանողական խաղերում բրոնզե մեդալ եմ նվաճել, 2010-ին Եվրոպայի առաջնությունում պարտվեցի, իսկ մեկ տարի անց ծնկի լուրջ վնասվածք ստացա ու չկարողացա լավ մասնակցել: Որոշ ժամանակ պահանջվեց այն բուժելու համար, բայց Կազանում անցկացված վարկանշային մրցաշարի ժամանակ լիովին ապաքինվել էի ու լավ հանդես եկա:

Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս մենմարտային մարզաձևերից ընտրեցիր հենց թաեկվանդոն:
Սկսել եմ մարզվել 1994 թվականից: Մեր հարևանի տղան գնում էր թաեկվանդոյի և մի օր ինձ առաջարկեց դիտել իր մարզումները: Ես գնացի մարզադահլիճ, շատ հավանեցի այս մարզաձևն ու սկսեցի մարզվել: Մինչև 2008 թվականը իմ մարզիչն է եղել Արսեն Ավետիսյանը:

Ո՞ր երկրների ներկայացուցիչներին ես համարում քո հիմնական մրցակիցները:
Իմ քաշային կարգում 16 մարզիկ է ելույթ ունենալու, բոլորն էլ լավ պատրաստված են ու անկանխատեսելի: Բոլորին էլ լուրջ եմ վերաբերվում: Մենք վարկանիշը շատ մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել, ընդամենը երկու հնարավորություն ենք ունեցել, ու պետք է մեդալակիր դառնայիր, որ կարողանայիր մեկնել Օլիմպիական խաղեր: Նրանից ոմանց հետ հանդիպել եմ տարբեր մրցաշարերի ժամանակ:

Թաեկվանդոն մարզիկների մեջ սերմանում է հոգեկան ուժ, հարգանք մարդկանց նկատմամբ, խիզախություն: Քեզ ի՞նչ է տվել այս մարզաձևը կոչումներից և ճանաչումից բացի:
Ցանկացած սպորտաձև էլ, իմ կարծիքով, մարզիկին կամքի ուժ է տալիս, որ դիմանա դժվարություններին: Երբեմն ցանկություն է լինում չմարզվելու, բայց դու պարտավոր ես աշխատել, քանի որ այդ նույն ժամանակ քո մրցակիցները կարող են լավ մարզումներ անցկացնել, ու դու չես կարող հետ մնալ նրանցից: Եվ այդ պինդ հոգեբանությունը նստում է քո մեջ:

Օլիմպիական խաղերը չափազանց պատասխանատու և բարդ մրցումներ են: Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա հաղթահարել այդ լարվածությունն ու մեդալ նվաճի:
Ամենաառաջին նախապայմանն այն է, որ սթրես չունենաս: Ես շատ ընկերներ ունեմ, որոնք նաև Օլիմպիական չեմպիոն են դարձել, ու ինձ խորհուրդ են տալիս ձերբազատվել սթրեսից, քանի որ այն խլում է քո ուժի 50 տոկոսը: Մենք, ի տարբերություն ըմբիշների, որոնք երեք գորգերի վրա են գոտեմարտում, մեկ հարթակի վրա ենք ելույթ ունենում, ու բոլորի ուշադրությունը հենց մեզ վրա է սևեռվում: Ողջ դահլիճը միայն այդ մարտին է հետևում, դա շատ ճնշող է: Բայց ես վաղուց նման բաներից չեմ ճնշվում:

Մրցասպարեզ դուրս գալուց առաջ, ինչպե՞ս ես քեզ նախապատրաստում մարտին:
Միայն հաղթանակի մասին եմ մտածում, գիտեմ, որ պետք է գնամ ու հաղթեմ, և ուրիշ ճանապարհ չկա:

Արման, ի՞նչ է քեզ համար հաղթանակը:
Օ, շատ կարևոր բան է: Հաղթանակից հետո մտածում ես, որ քո աշխատանքը իզուր չի անցել, առաջին հերթին դրա համար ես ուրախանում: Հետո նաև հպարտանում ես, որ հասել ես քո ուզածին և ուրախացնում ես քո ընտանիքին ու ընկերներին: Կազանում էլ հայ համայնքի ներկայացուցիչներն ասում էին, որ ինձ հետ են ու իմ ելույթին են սպասում, ու հաղթանակից հետո ես ուրախ էի, որ այդքան մարդկանց հուսախաբ չեմ արել: Հիմա էլ բոլորը, ովքեր գիտեն, որ մեկնելու եմ Օլիմպիադա, հաջողություն են մաղթում, ասում են, որ ինձ կաջակցեն, ու ես ամեն ինչ անելու եմ նաև նրանց ուրախացնելու համար:

Ի՞նչն ամենաշատը չես սիրում քո մարզաձևում:
Ամեն ինչ էլ սիրում եմ` դժվար մարզումներից սկսած մինչև մեդալները: Միայն չեմ սիրում, որ կանոններն են հաճախակի փոխվում: Ելույթների ժամանակ մենք էլեկտրոնային պրոտեկտոր ենք կրում, բայց կան մրցումներ, որ այդ սարքավորումները չեն լինում, որպեսզի կորեացիները հաղթեն, ու դա շատերիս դուր չի գալիս:

Ինչպե՞ս ես ցավը կամ էլ վնասվածքները հաղթահարում:
Վնասվածքը ամենաուժեղ հոգեբանական տրավման է ցանկացած մարզիկի համար: Երբ լուրջ վնասվածք ես ունենում, առաջին հերթին մտածում ես, թե կկարողանաս կրկին մարզվել կամ կհաջողվի հաջողությունների հասնել: Պարզապես պետք է չոր մտածել, որ վնասվածքը կբուժվի: Պետք է նաև շուրջդ մարդիկ լինեն, որ օգնեն ու տրամադրեն քեզ: Ես 3 ամիս չեմ կարողացել մարզվել, միայն թեթև վազել եմ, ոտքով հարվածներ չեմ կարողացել հասցնել, բայց հիմա փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Կազանում ոչ ոք չէր սպասում, որ ուղեգիր կնվաճեմ ու հաղթող կդառնամ:

Ի՞նչ կմաղթես Օլիմպիադա մեկնող հայ մարզիկներին:
Ամենակարևորը սպորտային հաջողությունն է, քանի որ այն հաղթանակի բաղկացուցիչ մասն է: Շատ մարզիկներ կարող են լավ մարզավիճակում մեկնել մրցավայր, բայց մարզման ժամանակ վնասվածք ստանալ ու դուրս մնալ պայքարից: Մաղթում եմ նաև, որ մեր բոլոր մարզիկները հոգեբանորեն պինդ լինեն, ու ոչինչ չխախտի նրանց հանգստությունը:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Արման Երեմյան

Արման Երեմյանը (80 կգ) ծնվել է 1986 թվականի հունվարի 29-ին Երևանում: Սկսել է մարզվել 1994 թվականից:

2001 և 2003 թվականներին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր: 2008 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2005, 2007 և 2009 թվականներին Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ: Բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող է:

---