Կփորձեմ  Լոնդոնում ցույց տալ իմ լավագույն արդյունքը

Քրիստինե Հարությունյան.

Կփորձեմ Լոնդոնում ցույց տալ իմ լավագույն արդյունքը

PanARMENIAN.Net - Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանն առաջն անգամ է մեկնելու Օլիմպիական խաղեր և հույս ունի, որ այնտեղ կկարողանա ցույց տալ իր լավագույն արդյունքը: PanARMENIAN.Net-ին նա պատմել է իր սպորտային ընտանիքի մասին, թե ինչու է հեռացատկից անցում կատարել դեպի նետաձգություն, ինչու այս մարզաձևը զարգացած չէ Հայաստանում և թե ինչ եղանակ է ակնկալում իր ելույթի օրը:
Սպասո՞ւմ էիր, որ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կկարողանաս նվաճել Օլիմպիական ուղեգիր:
Ես շատ լավ էի մարզվել և պատրաստվել այդ մրցաշարին և հույս ունեի, որ կկարողանամ նվաճել Օլիմպիական ուղեգիր: Մենք 13 օր շուտ էինք մեկնել Սոչի, այնտեղ մարզումներ ենք իրականացրել, և կարծում եմ, դա էլ օգնեց:

Դու ցույց ես տվել 59 մետր 12 սանտիմետր արդյունք, նման ցուցանիշ էլի՞ էիր գրանցել, թե՞ սա քո առաջին փորձն էր:
Ոչ, մինչ այդ նման արդյունք չէի ունեցել, առաջին անգամ կարողացա այդքան նետել նիզակը: Մինչ այդ ինձ հաջողվել էր ցույց տալ 54 և 55 մետր արդյունք: Անցած տարի Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում 48 մետր արդյունքով երկրորդ տեղն էի զբաղեցրել:

Ի՞նչ է զգում մարզիկը, երբ առաջին անգամ հաջողվում է ձեռք բերել Օլիմպիական ուղեգիր:
Շատ ուրախացա, որ ինձ հաջողվեց նվաճել ուղեգիր: Յուրաքանչյուր մարզիկ էլ երազում է ուժերը չափել Օլիմպիական խաղերում: Անչափ երջանիկ էի: Իհարկե, մինչև ելույթ ունենալը լարվածություն կար, որովհետև ամեն ինչ ինձանից էր կախված, բայց կարողացա այն հաղթահարել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ:

Ինչպե՞ս ես սկսել քո մարզական ուղին և ինչո՞ւ ես ընտրել հենց այս մարզաձևը:
Սպորտով սկսել եմ զբաղվել 6-րդ դասարանից: Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը Գյումրիի թեթև ատլետիկայի մարզադպրոցում մարզիչ էր աշխատում, նա էլ ինձ և քույրիկիս տարավ մարզադահլիճ: Որոշ ժամանակ անց սկսեցինք մարզվել Յաշա Եղիազարյանի գլխավորությամբ: Մեր խմբում 5-6 հոգի էինք, բոլորս էլ մեծ եռանդով և սիրով էինք մարզվում: Սկսեցինք հաջողություններ գրանցել պատանիների, այնուհետև` նաև երիտասարդական մրցաշարերում: Սկզբում հեռացատկով էի զբաղվում, սակայն ծնկի վնասվածք ստացա և փոխեցի մարզաձևս, այդպես սկսեցի զբաղվել նիզակի նետմամբ: Մարզիչս ինձ ասել էր, որ ֆիզիկապես ուժեղ եմ և կարող եմ ցանկացած մարզաձևով զբաղվել և արդյունքներ գրանցել: Նա չսխալվեց, և ես սկսեցի աստիճանաբար հաջողություններ ունենալ:

Իսկ հիշո՞ւմ ես քո առաջին արդյունքները, ինչքա՞ն էիր կարողանում նետել նիզակը և ինչի՞ հաշվին կարողացար բարելավել արդյունքներդ:
Սկզբում շատ քիչ էի նետում` մոտ 30 մետր: Բայց աշխատասիրության շնորհիվ կարողացա լավ արդյունքներ գրանցել: Օրական մոտ 3 ժամ մարզվում եմ և շատ եմ ցանկանում, որ Օլիմպիադայում լավ հանդես գամ:

Ի՞նչ մարզումային ծրագիր ես անցկացրել մինչև Օլիմպիադայի մեկնարկը:
Վարկանշային մրցաշարից հետո մարզումներս շարունակել եմ Գյումրիում, այնուհետև հունիսի սկզբին մեկնել ենք Ֆրանսիա, որտեղ ևս ունեցել եմ ուսումնամարզական հավաք: Դրանից հետո մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը, որը կայացել է Հելսինկիում:

Մեկ մարզման ժամանակ նետումների ինչքա՞ն քանակությունն է թույլատրելի, որոշ մասնագետներ ասում են, որ ամենաշատը կարելի է կատարել 60 նետում: Դու որքա՞ն փորձ ես կատարում:
Ես մեկ մարզման ժամանակ կատարում եմ 35-40 նետում: Նիզակը 600 գրամ է կշռում, և շատ նետումներ կատարելու դեպքում ձեռքի ցավեր են լինում:

Նիզակի նետման համար եղանակային պայմանները շատ կարևոր են, իսկ Լոնդոնը աչքի է ընկնում անկայուն եղանակով: Քո ելույթի վրա առհասարակ եղանակը ազդո՞ւմ է:
Հիմնականում քամոտ եղանակին է անհարմար նետումներ կատարել, որովհետև շեղվում է նիզակի ընթացքն ու այն կարող է այլ տեղում հայտնվել: Սակայն ցանկացած եղանակի դեպքում մրցումներ լինում են, և պետք է ճիշտ մեթոդ կիրառել, որպեսզի հնարավորինս քիչ լինի շեղումը: Հուսամ, որ իմ ելույթի օրը Լոնդոնում լավ եղանակ կլինի, և ոչինչ չի խանգարի:

Դու Գյումրիից ես, իսկ այնտեղ կա՞ն անհրաժեշտ պայմաններ այս մարզաձևով զբաղվելու համար:
Ոչ, կարելի է ասել ընդհանրապես պայմաններ չկան: Ուղղակի տարիների հետ հարմարվել եմ այդ պայմաններին: Մեկ ստադիոն ունենք, որտեղ չի թույլատրվում նետումներ կատարել, ասֆալտի վրա ենք վազում: Միակ փրկությունը արտասահմանյան հավաքներն են, որտեղ էլ կարողանում ենք նորմալ մարզվել:

Իսկ, ըստ քեզ, այս մարզաձևը հայտնի՞ է աշխարհում ու որքա՞ն մարզիկներ են զբաղվում Հայաստանում:
Այո, հայտնի է, շատ մարզիկներ են զբաղվում նիզակի նետմամբ, բայց Հայաստանում այդքան էլ տարածված չէ, շատ քիչ մարզիկներ են պարապում, և մրցակցություն գրեթե չկա: Լավ հակառակորդներ ունենալու դեպքում է միայն հնարավոր աճել և կատարելագործվել: Հայաստանի առաջնությանը սովորաբար 3 մարզուհիներ են մասնակցում, իսկ նման քանակության դեպքում անհնար է խոսել այս մարզաձևի զարգացման և տարածման մասին:

Ծանրորդները առանձնահատուկ են վերաբերվում ծանրաձողին, ոմանք խոսում են նրա հետ, տրամադրում, իսկ դու ինչպե՞ս եք վերաբերվում նիզակին:
Կարելի է ասել ընկեր է: Որովհետև գրեթե ամեն օր մարզվում եմ, և իհարկե, յուրահատուկ եմ վերաբերվում:

Եթե հնարավորություն ունենաս առաջինը ի՞նչը կփոխես քո մարզաձևում:
Պարզապես կցանկայանի, որ Հայաստանում ավելի լավ պայմաններ ստեղծվեին նիզակի նետման համար և ավելի շատ մարզիկներ զբաղվեին:

Իսկ մուրճ նետել փորձե՞լ ես, թե համարում ես որ այդ մարզաձևը քոնը չէ:
Չեմ փորձել, բայց լավ գաղափար է, չի բացառվում, որ զբաղվեմ և Հայաստանում առաջիններից մեկը կլինեմ, որ կնպաստի այդ մարզաձևի տարածմանը:

Եղե՞լ է քո կարիերայում այնպիսի ժամանակահատված, երբ վնասվածքի պատճառով չեմ մարզվել:
2006 թվականին Սոչիում միջազգային մրցաշարի ժամանակ ձեռքս վնասել էի և ստիպված եղա որոշ ժամանակով թողնել մարզումները: Մոտ մեկ ամիս չմարզվեցի, դա դժվար ժամանակահատված էր ինձ համար, բայց միևնույն է երբեք չեմ մտածել սպորտը թողնելու մասին:

Մոտավորապես ի՞նչ արդյունք կկարողանաս ցույց տալ Լոնդոնում:
Նախ ցանկանում եմ, որ Օլիմպիական խաղերում գերազանցեմ իմ լավագույն արդյունքը: Շատ ուժեղ մարզուհիներ են մասնակցելու, ես հիմնական ֆավորիտ եմ համարում ռուս Մարիա Աբակոմուվային, հենց նրան է պատկանում համաշխարհային ռեկորդը` 75 մետր:

Իսկ Լոնդոնից բացի, ապագայի ի՞նչ ծրագրեր ունես:
Ցանկանում եմ լավ մարզավիճակս պահպանել, մյուս Օլիմպիական ցիկլում ևս լավ հանդես գալ և կրկին խաղերի ուղեգիր ձեռք բերել:

Յուրաքանչյուր մարզաձև որոշակի հատկանիշներ է տալիս: Ըստ քեզ ո՞ր որակներն են հատուկ բոլոր նիզականետորդներին:
Բոլորն էլ ամուր ձեռքեր ունեն (ծիծաղում է):

Ասացիր, որ ընտանիքդ սպորտային է, ի՞նչ մարզաձևերով են նրանք զբաղվում:
Հայրս` Արթուր Հարությունյանը, ըմբիշ է, սպորտի վարպետի կոչում ունի,մայրիկս` Եվդոկիա Դուսյան, զբաղվել է բասկետբոլով, եղբայրս` Գոռը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, իսկ քույրս` Լիլիթը, զբաղվում է ատլետիկայով:

Եվ ի՞նչ կմաղթես Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին:
Մաղթում եմ, որ լավ հանդես գան, պարտադիր չէ, որ բոլորս մեդալներ նվաճենք, կարևորը յուրաքանչյուրը ցույց տա իր լավագույն արդյունքը: Կարծում եմ, մասնակցությունն էլ շատ կարևոր է:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Քրստինե Հարությունյան

Նիզականետորդուհի Քրստինե Հարությունյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 18-ին Գյումրիում: Հայաստանի առաջնության ու միջազգային մրցաշարերի հաղթող է:

---