5  14.07.12 - Սերգեյ Լոզնիցայի մամուլի ասուլիսը
«Ոսկե ծիրանում» հաղթանակն ինձ պարտավորեցնում է վերադառնալ Հայաստան

Սերգեյ Լոզնիցա.

«Ոսկե ծիրանում» հաղթանակն ինձ պարտավորեցնում է վերադառնալ Հայաստան

PanARMENIAN.Net - Ավարտվեց հերթական երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնը: Գլխավոր մրցանակակիր դարձավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան` «Մառախուղում» ֆիլիմի համար: Մրցանակաբաշխությանն անմիջապես հաջորդած PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում Սերգեյ Լոզնիցան պատմել է պարտականությունների մասին, որոնք իր վրա են դրվել կինոփառատոնում հաղթելուց հետո, լավ կինոյի վերաբերյալ իր կարծիքի և իր հետագա ծրագրերի մասին:
Սերգեյ, Ձեր ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Ոսկե ծիրան» փառատոնում: Ի՞նչ եք զգում հիմա:
Դե, առաջին հերթին` դա ինձ համար մեծ պատիվ է: Երկրորդ` այժմ արդեն ես պետք է վերադառնամ այստեղ, և, միգուցե, ֆիլմ նկարահանեմ:

Դուք ուզու՞մ եք պատմել Հայաստանի մասին:
Դա ինչ-որ պարտավորվածություն է: Այո, ես արդեն մտածում եմ այդ մասին:

Դուք մասնագիտությամբ մաթեմատիկոս եք: Հաշվարկներ կատարու՞մ եք, երբ նկարահանում եք Ձեր ֆիլմերը:
Կարելի է և այդպես ասել (ծիծաղելով): Ես մանրամասնորեն մտածում եմ սցենարը, հետո նկարահանումների գործընթացը, հետո գտնում եմ դերասանին և տալիս նրան կերպարը: Սա նման է քանդակագործության: Սկզբում ընտրում եմ քարը, հետո սկսում հղկել այն:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ժապավենը քի՞չ եք մոնտաժում:
Այո: Մենք երկար ենք պատրաստվում, հետո, ինչպես արդեն գիտեք, ամեն ինչ բավականին արագ ենք անում:

Ինչի՞ մասին է Ձեր հաջորդ ֆիլմը:
Ես աշխատում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ֆիլմի վրա, հետո` կտեսնենք: Ես անընդհատ հետ հայացք եմ գցում պատմությանը: Չէ՞ որ յուրաքանչյուր րոպե մենք վերադառնում ենք պատմությանը:

Այժմ շատ ռեժիսորներ ասում են, որ լավ սցենարներ չկան, դրա համար էլ անդրադառնում են պատմությանը: Ի՞նչ եք Դուք մտածում այդ մասին:
Ոչ, ես չեմ կարծում, որ դա այդպես է: Դեռևս վաղ է այդ մասին խոսել: Ամեն ինչ լավ է:

Իսկ ի՞նչ է Ձեզ համար լավ ֆիլմը:
Լավն է այն ֆիլմը, որը մտքեր է արթնացնում, վատն է` կարելի է ասել, հակառակը: Լավ ֆիլմում չպետք է լինի նաև կոպտություն և պաթոս:

Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք կոմերցիոն ֆիլմը ևս համարվել արվեստի գործ:
Այո, իհարկե: Կան լավ ֆիլմեր, որոնք մեծ գումարներ են վաստակում:

Իսկ որո՞նք են Ձեր ամենասիրած ֆիլմերը:
Չեմ կարող ասել: Դրանք շատ են: Կարևոր չէ` ինչ արտադրության: Գլխավորն այն է, որ դրանք իմ մտքերն արթնացնեն:

Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիք փառատոնին և Ձեր հայ երկրպագուներին:
Լավ ֆիլմեր նայելու հնարավորություն, ինչն իրենից ներկայացնում է երևանյան կինոփառատոնը: Փառատոնին մաղթում եմ նաև երկար կյանք և բարգավաճում:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---