2,5 րոպե ծանրորդի հետ

Մելինե Դալուզյան.

2,5 րոպե ծանրորդի հետ

PanARMENIAN.Net - Երկու ժամ ծանր մարզվելուց հետո Մելինե Դալուզյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի բլից հարցերին` տալով կարճ, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Ես մտածում էի, որ դահլիճում միայն մեկ ծանրաձող կլինի, բայց մտա ու մի քանի հատ էր: Սա ինձ համար շատ զարմանալի էր: Ինձ թվում էր, որ միանգամից կարողանալու եմ բարձրացնել ծանրաձողը ու գնացի թարս բռնեցի: Երևի սա է իմ առաջին հիշողությունը:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այո:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Մեր Գյումրին փոքր է ու տաքսիով մի տեղ գնալը 500 դրամ է, միկրոավտոբուսում էլ ծանոթներն այնքան շատ են… Միևնույն է, դրամային տարբերությունը շատ չի լինելու, ու օգտվում եմ տաքսիից (ծիծաղում է):

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Մի շաբաթ առաջ 750 դրամով եմ տեսել:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո, հենց հիմա սենյակումս դրած է:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Չգիտեմ: Ուշադիր էլ չեմ եղել, դու ասացիր նոր մտածեցի այդ մասին:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում մարդկանց մեջ:
Որ ոնց կարող է մարդ եկու հոգու կռվեցնել ու մեջից չոր դուրս գալ:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Եթե Ծաղկաձորի հետ համեմատեմ Լոնդոնը` անձրևը երևի:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Ես շատ քիչ եմ նայում հեռուստացույց: Բայց հիմնականում հումորային, թեթև ծրագրեր եմ նայում:

Ո՞վ է առաջին հայ ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոնը:
Մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Վերջին` Պեկինի խաղերի, երբ մեր մարզիկները միայն բրոնզ բերեցին:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Ռիո»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Ճիշտն ասած չեմ տեսել:

Երբեմն ես կարոտում եմ…
Տունը:

Երբ ես փոքր էի երազում էի…
Սպորտում հաջողություններ ունենալու մասին:

Իմ անունը դրել են Մելինե, որովհետև…
Հորաքույրս է այդպես ուզել:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Սպորտայի հագուստի և ուտելիքի վրա:

Ինձ խենթացնում է, երբ …
Չեմպիոն եմ դառնում:

Բոլորից համեղ պատրաստում է …
Մայրիկս:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Մելինե Դալուզյան

Ծանրորդ Մելինե Դալուզյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 20-ին Լենինականում (Գյումրի): Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր: 2005-ից միջազգային կարգի սպորտի վարպետ է:
Մելինեն ծանրամարտով զբաղվում է 2002 թվականից: 2005-ին Մելինեն Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ արդեն 2006-ին Սանտո-Դոմինգոյում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում մինչև 63 կգ քաշային կարգում գրավել է երրորդ հորիզոնականը: Արդեն 2010-ի Անթալիայի աշխարհի առաջնության ժամանակ 69 կգ քաշային կարգում կրկին նվաճել է բրոնզե մեդալ:
2007 և 2008 թվականներին Եվրոպայի առաջնությունում, որոնք կայացել են համապատասխանաբար Ստրասբուրգում և Լինյանոյում, երկու տարի անընդմեջ հռչակվել է հին աշխարհի չեմպիոն: 2010-ին` Մինսկում նվաճել է Եվրոպայի արծաթե մեդալ:
Այս Օլիմպիական խաղերը նրա համար լինելու են առաջինը: Մելինեն պետք է ելույթ ունենար նաև պեկինյան խաղերում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել: Լոնդոնում նա հանդես կգա մինչև 69 կգ քաշային կարգում:

---