Երևանում անցկացվելիք ԱԱ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը

Արման Մուրադյան.

Երևանում անցկացվելիք ԱԱ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում անցկացվելու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան երկրորդ անգամն է կազմակերպելու նմանատիպ խոշոր միջազգային մրցաշար: Առաջնության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև հայկական բռնցքամարտի մասին PanARMENIAN.Net-ը խոսել է ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ:
Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր Թաիլանդում, սակայն վերջինիս հրաժարվելու պատճառով մեր ֆեդերացիան կկազմակերպի այն: Ինչպե՞ս որոշեցիք առաջնությունն անցկացնել Հայաստանում:
Երբ ես տեղեկացա, որ Թաիլանդը հրաժարվել է անցկացնել աշխարհի առաջնությունը, նախ բանակցեցի Հայաստանի ազգային Oլիմպիական կոմիտեի նախագահի ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ, այնուհետև, ստանալով նրանց հավանությունն ու աջակցությունը, դիմեցի ԱԻԲԱ: 2009 թվականի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության հաջող կազմակերպման փորձը երաշխիք հանդիսացավ ԱԻԲԱ-ի համաձայնության համար:

Բռնցքամարտի ֆեդերացիան արդեն երկրորդ անգամ է անցկացնում աշխարհի առաջնություն Երևանում: Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում նմանատիպ մեծ միջազգային մրցաշարի նախապատրաստվելիս:
Հսկայածավալ աշխատանքներ են տարվում նման միջոցառումներ կազմակերպելիս, որոնք պետք է իրականացվեն բարձր մակարդակով: Ըստ ԱԻԲԱ-ի պահանջների, մեր հյուրերին պետք է ապահովենք բարձրակարգ հյուրանոցներով, պակաս կարևոր չէ նաև անհրաժեշտ գույքի, սարքավորումների, հանդերձանքի ձեռք բերելը: Առաջնության նախապատրաստական փուլում բազմաթիվ այլ հարցեր էլ են լինում:

Ի՞նչ է բռնցքամարտի ֆեդերացիային տալիս նման մրցաշարեր անցկացնելը:
Սա շատ կարևոր միջոցառում է, որը կխթանի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը: Սա նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն է և, ինչու չէ, ևս մեկ հնարավորություն է մեր երկրի վարկանիշը բարձրացնելու համար:

Իսկ ավելի վաղ դիմե՞լ էք որևէ մրցաշար անցկացնելու համար:
2009 թվականին Հայաստանում անցկացվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, իսկ մինչ այդ, եվրոպական օրացույցի համաձայն 2006, 2007 և 2008 թվականներին անցկացվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ և վաստակավոր վարպետ Էդիկ Արիստակեսյանի հուշամրցաշարը: Իսկ 2010-11 թվականներին կազմակերպվել է բռնցքամարտի միջազգային մրցաշար ՀԱՕԿ-ի հովանու ներքո:

Որքա՞ն մարզիկներ էք ակնկալում, որ կմասնակցեն առաջնությանը:
Այս պահի դրությամբ 43 երկիր է հայտ ներկայացրել: Մասնակից երկրների և մարզիկների հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` հստակ թվեր ասել չեմ կարող, բայց ակնկալում ենք, որ առաջնության շրջանակներում ժամանողների թիվը կհասնի 1000-ի:

Որքա՞ն գումար եք նախատեսել ծախսել կազմակերպչական աշխատանքների վրա:
2009 թվականին ծախսվեց 300 մլն. դրամ, որից 34 մլն. 182 հազար դրամ էր հատկացրել պետությունը: Գումարի մնացած մասը հնարավոր եղավ ապահովել հովանավորների շնորհիվ: Հիմնական մասը հոգաց ֆեդերացայի գլխավոր հովանավոր «Մուրադին» ընկերությունը: Անցած առաջնության ժամանակ մենք ավելի քիչ գումար էինք նախատեսել ծախսել, սակայն, բազմաթիվ չնախատեսված ծախսեր ավելացան, և գումարի թվային տեսքը շոշափելի փոխվեց: Հիմա դեռ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, և ծախսերի մասին դեռ վաղ է խոսել:

Ծախսերը միայն մեր ֆեդերացիա՞ն է հոգալու, թե նաև ԱԻԲԱ-ից է օժանդակություն լինելու:
ԱԻԲԱ-ն ըստ էության ծախսային մասով մասնակցություն չունի: Առաջնությունն անցկացնելու ծախսերի ծանրությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ուսերին է: Անշուշտ կներգրավվենք հովանավորների, ակնկալում ենք նաև պետական աջակցություն:

Վերջին տարիներին հայ բռնցքամարտիկներն այդքան էլ հաջող չեն մասնակցել խոշոր մրցաշարերի: Ըստ ձեզ, որո՞նք են դրա հիմնական պատճառները:
Թույլ տվեք չհամաձայնել, քանի որ փաստերն այլ բան են ասում: Եթե 2010 թվականին մենք ունեցել ենք 13 մեդալ, ապա 2011-ին մեդալների թիվը հասել է 19-ի, որոնցից 3-ը եղել են ոսկե, 5-ը` արծաթե, 11-ը `բրոնզե: Դրանք նվաճվել են միայն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Ֆեդերացիան ստեղծվել է 1991 թվականին, և մինչև 2009 թվականը հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ: Իսկ մենք 4 տարիների ընթացքում միայն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել ենք 58 մեդալ` 11 ոսկի, 15 արծաթ և 32 բրոնզ: Իսկ եթե դրան գումարենք նաև միջազգային մրցաշարերը, ապա նվաճել ենք 171 մեդալ` 38 ոսկի, 52 արծաթ և 81 բրոնզ:

Հավաքականում մարզչական փոփոխություն եղավ, բայց դեռ արդյունքներ չկան: Այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվու՞մ են:
Կուզենայի նշել, որ դեռ մեկ տարին չի լրացել այդ փոփոխությունից հետո, և այս տարի միայն մեծահասակների տարբեր միջազգային մրցաշարերից հայ բռնցքամարտիկնեը վերադարձել են 15 մեդալով, իսկ առջևում դեռ Կալինինգրադում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունն է:

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Օլիմպիադայում Հայաստանը մեկ բռնցքամարտիկ ներկայացրեց և նա դուրս մնաց պայքարից հենց առաջին փուլից:
Ցավով պետք է նշեմ, որ այդ արդյունքը կողմնակալ մրցավարության հետևանք էր, այլապես վստահ եմ, որ ավելի շատ մարզիկներ կարող էին Օլիմպիադայի մասնակցության ուղեգիր ձեռք բերել: Ես կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկը բավականին լավ մարզավիճակում էր, սակայն անսպասելի հարված բաց թողեց, ինչն էլ ազդեց մարտի ելքի վրա: Սա ուղղակի սպորտային անհաջողություն էր:

Այս օլիմպիական ցիկլում կոնկրետ ի՞նչ խնդիրներ եք դրել մեր մարզիչների և մարզիկների առջև:
Անհատական պլանով աշխատել յուրաքանչյուր մարզիկի հետ` բարձրացնելով նրանց սպորտային վարպետությունը, փորձել ավելի շատ մեդալներ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, լավագույնս հանդես գալ 2014 թվականի պատանիների երկրորդ և 2016 թվականի 30-րդ Օլիմպիական խաղերում:

Որո՞նք են վերջին տարիներին ֆեդերացիայի ամենամեծ ձեռքբերումները:
Մենք վերանորոգել ենք երեք մարզադահլիճ և կահավորել ենք դրանք համապատասխան մարզագույքով, այսօր այդ մարզադահլիճներում իրենց մարզումներն են անցկացնում պատանի և երիտասարդ մարզիկները: Մեր ֆեդերացիան պլանավորում է առաջիկայում մարզախմբեր ունենալ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Բռնցքամարտը մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում: Իրականում մեծ պոտենցիալ ունենք, այնպես որ անելիքները շատ-շատ են` այդ պոտենցիալն ի հայտ բերելու և ճիշտ ուղղու վրա դնելու համար:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---