Քարվաճառում ապրել ցանկացող  ընտանիքների  համար ոչ մի տուն չկա

Ալեքսանդր Քանանյան.

Քարվաճառում ապրել ցանկացող ընտանիքների համար ոչ մի տուն չկա

PanARMENIAN.Net - Արցախի վերաբնակեցման 10-ամյա ծրագիրը վաղուց ավարտվել է: Արված ու չարված գործերի մասին խոսվել է,ներկայացվել են թվեր փաստեր, վիճակագրություն: «Վերաբակեցման խնդիրը զգալի չափով չէր էլ ծագի, եթե, չոչնչացներ ազատագրված տարածքների ողջ բնակֆոնդն ու ենթակառուցվածքները», -ասաց Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում: Նրա հետ զրույցից պարզեցինք նաև, որ Քարվաճառում ապրել ցանկացող հարյուրավոր ընտանիքներ կան, սակայն 2007 թվականից ի վեր վերաբնակիչների համար այստեղ ոչ մի տուն չի կառուցվել:
Վերաբնակեցման 10-ամյա ծրագրի ժամկետը վաղուց ավարտվել է, ինչպե՞ս կգնահատեք այդ 10 տարիներին (գումարած վերջին 2 տարին) այս ուղղությամբ կատարված աշխատանքները:
Թեև վերաբնակեցման գործընթացի ճշգրիտ պատկերն ունենալու համար հարկ է կատարել մի քանի շրջաբաժանում, համառոտ լինելու համար կասեմ հետևյալը. 1994 թվականից մեկնարկած վերբնակեցումը երբեք ռազմավարական ու համապետական տարողության քաղաքականության չի վերածվել: Այն միշտ եղել է հատվածական, մարտավարական, սահմանափակ և անբավարար՝ ոչ միայն ծավալային, այլև հայեցակարգային իմաստով: Վերաբակեցման խնդիրը զգալի չափով չէր էլ ծագի, եթե Հայաստանի բարձրագույն իշխանությունը, ելնելով տարածքները պահելու «անհնարինության» անվայելաբար ու անգրագիտաբար երկչոտ համոզմունքից, մեր իսկ ձեռքով չոչնչացներ ազատագրված տարածքների ողջ բնակֆոնդն ու ենթակառուցվածքները: Մենք դեռևս պատերազմի օրոք մեր իսկ ձեռքով հրկիզեցինք ու հիմնավեր կործանեցինք երբեմն առանց մեկ կոտրած ապակու ազատագրված հարյուրավոր բնակավայրեր: Ամենամոտավոր և համեստ հշվարկով այդ տարածքների վրա հնարավոր էր միանգամից բնակեցնել 100-200 հազար փախստական, երկրաշարժից ու սահմանային մարտերից տուժած հազարավոր ընտանիքներ:

2004 թվականից Քաշաթաղում և 2007 թվականից Քարվաճառում իրավիճակն արմատապես փոփոխվել է: Ի հեճուկս տարեցտարի աճող պետական հատկացումների՝ հանցավոր անպատասխանատվությամբ կասեցվել է վերաբնակեցման առանցքային և առաջնահերթն բաղադրիչը՝ նոր վերաբնակիչներին ընդունելու համար բնակելի տների շինարարությունը: Հուրախություն բոլորիս, վերջին երեք տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանում դրական միտումներ են նկատվում ենթակառուցվածքների վերականգնման և գերազանցապես սփյուռքյան կառույցների ու անհատների միջոցով սահմանափակ թվով բնակելի շինությունների վերականգնման ուղղությամբ: Քարվաճառում իրավիճակն ավելի կրավորական է: Այստեղ վերաբնակվել կամեցող հարյուրավոր նոր ընտանիքներից և ոչ մեկի համար նոր տներ չկան:

Որո՞նք են վերաբնակիչների այսօրվա հիմնական խնդիրները: Ինչի՞ է բախվում վերաբնակիչ քաղաքացին Ձեր վարչական շրջանում՝ Քարվաճառում:
Վերաբնակեցման գոտու հիմնական խնդիրը շարունակում է մնալ վերաբնակեցման փաստացի կասեցումը, որը խոչընդոտում է համայնքային ու շրջանային լիարժեք զարգացմանը և համակողմանի արհեստականությամբ լճացնում է իրավիճակը: 2005 թ. «բանավոր» կերպով որոշվել է դադարեցնել Քաշաթաղի հյուսիսային գոտու բարձրադիր համայնքների աջակցությունը՝ դրանք ապաբնակեցնելու և բնակչությանը շրջկենտրոնին մոտ տարածքում կենտրոնացնելու նպատակով: Այս քայլի արդյունքները պարզապես սոսկալի էին: Միաժամանակ, Քարվաճառում դադարեցվել է նոր բնակավայրերի հիմնադրման գործընթացը: Որպես հետևանք՝ շրջանի լավագույն և անասնապահական բացառիկ ներուժ ունեցող գյուղական բնակավայրերը մնացին լքված, իսկ բնակչությունը կենտրոնացած է ձորահովիտների նեղլիկ բնակավայրերում: 2007 թվականից դադարեցվել է նաև գործող համայնքների խոշորացման գործընթացը: Հայտարարվել է, որ այսուհետ պետությունը զբաղվելու է սոսկ առկա բնակչության «կենսապայմանների բարելավմամբ»: Որքան էլ կառավարության ինչ-ինչ խոսնակներ թափահարեն դպրոցի, պաշտոնեական հանրակացարանի կամ կաթսայատների հինգ տարիների ընթացքում կառոցված19 միավորանոց ցանկ պարունակող թղթիկով, միևնույն է, փաստացի իրողությունից խուսափել չեն կարող: Քաարվաճառի վերաբնակեցումը մնում է հանցավորապես ապապետականաբար կասեցված:

Այս ընթացքում բազմաթիվ գործիչներ փաստել են, որ վերաբնակեցման գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Ըստ ձեզ` որո՞նք են պատճառները: Ինչո՞ւ վերաբնակեցումը չունեցավ այն թափը, որ նախատեսված էր:
Պատճառները շատ պարզ են՝ պետական հայեցակարգի և քաղաքականության բացակայությունը, միջազգային հարթակներում Երևանի տված ինչ-ինչ ոչ թափանցիկ խոստումներ և (թերև՝ որպես առաջնային գործոն) ֆինանսական անեկամտաբերությունը: Երևանից ստացվող «միջպետական վարկի» կապիտալ շինարարության մասնաբաժինն ավելի շահութաբեր է ուղղել Ստեփանակերտում էլիտար շենքերի կառուցմանը, քան ազատագրված ու թերբնակեցված շրջաններում անվարձահատույց հիմունքներով վերաբնակիչների և տեղի կարիքավոր ընտանիքների բնակարանային ապահովմանը… Պատճա՞ռը. Հայաստանում ազգային-պետական իշխանության փաստացի բացակայությունը և ազգային հանրության կրավորականությունը՝ ներկա անհանդուրժելի իրավիճակի հանդեպ:

Սիրիայում իրավիճակը լարված է: Այնտեղ է գտնվում հայկական ամենամեծ համայքներից մեկը: Շատերը վերադառնում են հայրենիք: Ի՞նչ է պետք անել, որ սիրիահայերը հաստատվեն Արցախում:
Պետք է առանց ոչ մի խեղկատակ ընթացակարգի այդ մարդկանց արցախյան հաշվառմամբ ՀՀ անձնագիր տրամադրել և առավելագույնս դյուրացնել նրանց բնավորումը: Շատ ուրախ եմ, որ Կովսականում և Իշխանաձորում սիրիահայերի համարա մի քանի տասնյակ բնակարան կառուցելու խոստում է հնչել: Բայց դա դեռևս չափազանց հեռու է բավարար և, առավել ևս՝ գովազդելի լինելուց:

Վիճակագրությունը փաստում է, որ Հայկական 2 մայրաքաղաքները` Ստեփանակերտն ու Երևանը, գերբնակեցված են, իսկ գյուղերը` դատարկ: Ի՞նչ է պետք անել, որ հայ երիտասարդ ընտանիքը վերադառնա գյուղ:
Անհրաժեշտ է ունենալ պետական մտածողությամբ առաջնորդվող իշխանություն և հիմնավորապես բարեփախված սահմանադրական իրավակարգի և ազգային անվտանգության առաջնահերթությունների անվերապահ գերակայությամբ Հայոց ազգային պետություն: Այլընտրանքը՝ հայության վերջնական կործանումն է: Բնական է, որ մենք այն չենք թույլատրի:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
---