Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ

Անդրիաս Ղուկասյան.

Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը ամենաէքստրեմալ ձևով մեկնարկած թեկնածու Անդրիաս Ղուկասյանը արդեն մեկ օր է հաց չի կերել: ԳԱԱ շենքի դիմաց նստած նա պահանջում է վերջ դնել կեղծ և շինծու ընտրություններին: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն ավելի վաղ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պահանջել անվավեր ճանաչել ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել էր նրա դիմումը, որից հետո էլ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ այլևս հաց չի ուտելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Անդրիաս Ղուկասյանը դիմել էր բոլոր թեկնածուներին և կոչ արել հանել թեկնածություններն ու Սերժ Սարգսյանին թողնել միայնակ: PanARMENIAN.Net-ը զրուցել է «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ:
Պարոն Ղուկուսյան, արդեն մեկ օր է, ինչ ոչինչ չեք կերել, ինչպե՞ս եք զգում Ձեզ, շտապօգնությունից այցելե՞լ են, Ձեր առողջական վիճակը ստուգե՞լ են:
Ինձ նորմալ եմ զգում, ամեն բան կարգին է: Իսկ շտապօգնությունը չի այցելել ինձ:

Իշխող կուսակցությունից արձագանքներ եղել են Ձեր հացադուլի վերաբերյալ: Առհասարարկ ովքե՞ր են այցելել Ձեզ և աջակցություն հայտնել:
ՀՀԿ-ից արձագանքներ չեն եղել: Մարդիկ են մոտենում, նրանք հետաքրքրված են, մտահոգված: Քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ են ինձ այցելել, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ:

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր այցելել է Ձեզ, ավելի վաղ նա հայտարարեց, որ մի քանի օրով կմիանա և հացադուլ կանի Ձեզ հետ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանը: Եվ, արդյո՞ք այլ արձաքանքներ եղել են:
Այլ թեկնածուների արձագանքների մասին ոչինչ չգիտեմ: Պարույր Հայրիկյանը փորձառու քաղաքական գործիչ է: Իսկ հացադուլը պայքարի ձև է:

Պարոն Ղուկասյան, նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ ինքը ևս պատրաստվում է հացադուլ անել: Նա հակառակ բանն է պահանջում և բոլոր թեկնածուներին առաջարկում է հանել թեկնածությունը, միայնակ թողնել գործող նախագահին: Ինչպե՞ս կարձագանքեք այս կոչին:
Տրամաբանություն տեսնում եմ այդ հայտարարության մեջ: Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ դրան:

Եվ վերջում, ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից և ի՞նչ քայլեր եք նախատեսում:
Ելքը տեսնում եմ: Կարևորը տեսնելն է: Կամ ԿԸՀ-ն անվավեր կճանաչի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կամ բոլոր թեկնածուները կհանեն թեկնածությունը: Այս երկու տարբերակներն եմ հավանական համարում:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---