Հայաստան վերդառնալու, նորովի մոտեցումների և քաղաքականության մասին

Նելսոն Զուլոյան.

Հայաստան վերդառնալու, նորովի մոտեցումների և քաղաքականության մասին

PanARMENIAN.Net - Հարցազրույց ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերադարձը Հայաստան
Շատ դրական, մի փոքր ժամանակագրական ակնարկով ասեմ, որ ես 12 տարեկանից ապրել, սովորել և աշխատել եմ Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում և Ֆրանսիայում: Ավարտել եմ նախ Վենետիկի "Մուրադ-Ռաֆայելյան" վարժարանը, ապա Փարիզի "Սորբոնի" համալսարանը: 2012-ի մայիսին մասնակցել եմ Ազգային ժողովի ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակով:

Կցանկանայի նշել, որ Հայաստան վերադառնալու և հայրենիքում աշխատելու գործում մեծ ավանդ է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես նախագահի կողմից խրախուսվում է արտերկրում որակյալ կրթություն ստացած հայ երիտասարդների գործունեությունը հայրենիքում և այդ խրախուսանքը առարկայական է: Եթե նախորդող ժամանակահատվածում կարելի էր մատերի վրա հաշվել այն երիտասարդներին, ովքեր արտերկրում ստացել էին որակյալ կրթություն և Հայաստանում ունեցել են այդ գիտելիքներն իրացնելու լայն հնարավորություն ի նպաստ մեր երկրի` զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, ապա այժմ այդպիսի երիտասարդների թիվն զգալիորեն մեծ է: Մենք մեր առջև դրված խնդիրները իրականացնում ենք նորովի, ժամանակակից սկզբունքներով ու հայացքներով, բացառելով նախկին բացասական կարծրատիպերը, կոռուպցիոն մոտեցումները, հնարավորինս խրախուսելով օբյեկտիվությունը, արդյունավետությունը և անաչառությունը:

Ահա այս գործընթացների արդյունքում է, որ ես այժմ զբաղեցնում եմ Առաղջապահության Նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը:

Ինչպե՞ս են դրսևորվել Ձեր նորովի մոտեցումները ԱԾԻԳ-ի աշխատանքում, ինչ դրական փոփոխություններ կան այս առումով
Նախ նշեմ, որ այս պաշտոնը զբաղեցնում եմ շուրջ չորս ամիս և քիչ առաջ նշածս մոտեցումները մասնավորեցնելով իմ ղեկավարած կառույցի վրա կուզենայի հպարտությամբ նշել, որ մեր մոտ աշխատանքներն իրականացվում են հիշյալ գործելաոճի սահմաններում և տրամաբանության մեջ: Հայտարարված մրցույթներն իրականացվում են հնարավորինս թափանցիկ և կարող եմ ասել, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ով օբյեկտիվորեն բավարարում է հայտարարված մրցույթի պայմաններին անխուսափելիորեն դառնում է դրա հաղթողը: Ընթացիկ աշխատանքը կատարվում է ավելի արդյունավետ, փաստաթղթաշրջանառությունը կատարվում է հնարավորինս էլեկտրոնային եղանակով` տնտեսելով նյութական միջոցները և ժամանակը: Այս ամենի արդյունքում և այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք տնտեսել 250 միլիոն դրամից ավելին գումար, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելացնել ծրագրով նախատեսված վերանորոգվելիք բուժհիմնարկների թիվը: Այս ամենը, մեր թիմի ճիշտ և նպատակային կատարած աշխատանքի լավ արդյունքն է:

Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ԱԾԻԳ-ը
Սկսած 1998 թվականից, Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված վարկային ծրագրերի շրջանակներում, ԱԾԻԳ-ը իրականացրել և մինչ օրս շարունակում է իրականացնել աշխատանքներ, որոնք ուղղված են առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակներում ենթակառուցվածքների բարելավմանը: Կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ բուժհիմնարկներ, որոնք հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել այդ բուժհիմնարկների բժշկական անձնակազմի շարունակական կրթության վրա:

Բանակցային փուլում է գտնվում երրորդ վարկային ծրագիրը, որը ուղղված կլինի ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև կշարունակվեն հիվանդանոցային համակարգի բարելավման աշխատանքները` մասնավորապես կկառուցվի Վանաձորի բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը, Երևանում կկառուցվի նոր ուռուցքաբանական կենտրոն և կվերանորոգվի պր. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որտեղ կտեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը:

Աշխատանքի ընտրությունը Ձեր համար Ճի՞շտ է կատարված, արդյո՞ք այլ ոլորտում Ձեզ չեք տեսնում
Անկեղծ ասած ԱԾԻԳ-ում աշխատանքը ինձ շատ դուր է գալիս և ստացվում է: Սա այն վայրն է, որտեղ ես հնարավորություն ունեմ ինքնադրսևորվել և թիմային աշխատանքով հասնել բավականին նկատելի արդյունքների: Իմ զբաղեցրած պաշտոնը ճիշտ է ընտրված, որի համար ես երախտապարտ եմ ՀՀ նախագահին, ինչպես նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ անխոչընդոտ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՀՀ Վարչապետին, Առողջապահության նախարարին և իհարկե ԱԾԻԳ-ի աշխատանքային թիմին:

Առիթը պատեհ համարելով կցանկանայի իմ զորակցությունը հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին առաջիկա նախագահական ընտրություններում:

Ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանին զորակցություն հայտնելու Ձեր դիքորոշումը
Ես կարծում եմ, որ ներկա քաղաքական դաշտում նա միակ քաղաքական ֆիգուրն է, ով ի վիճակի է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը և երկիրը տանել կայուն զարգացման: Այս հինգ տարիների արդյունքները ավելին քան առարկայական են մեր երկրի համար: Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր երկրում զգալի բարձր մակարդակի են հասել մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, վերացել է անպատժելիության մթնոլորտը, բոլոր բնագավառներում կատարվում են դրական փոփոխություններ, զգալի նվազել են կոռուպցիոն երևույթները և այս ամենն իրոք անժխտելի է: Նախագահի նորարական մոտեցումները, մասնավորապես նոր սերնդի ներկայացուցիչների նկատմամբ վստահությունը, մեծ ոգևորություն է առաջացնում մեր երիտասարդներիս շրջանում` աշխատելու մեր երկրում և մեր երկրի համար, որպեսզի ապրենք իսկապես ապահով Հայաստանում:

Նախորդ հինգ տարիների արդյունքները և ապագայի նախադրյալներն օբյեկտիվորեն ապացուցում են, որ մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան` իր բոլոր առումներով:

 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---