// IP Marketing video - START// IP Marketing video - END
Սահակաշվիլին հիստերիայի մեջ է, նրա դիմակը պատռվեց

Վահագն Չախալյան.

Սահակաշվիլին հիստերիայի մեջ է, նրա դիմակը պատռվեց

PanARMENIAN.Net - Ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը արդեն մեկ օր է, ինչ ազատության մեջ է: Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման ակտով Վահագնը դուրս եկավ բանտից: PanARMENIAN.Net-ին ջավախքցի քաղաքական գործիչը պատմեց, թե ինչով է զբաղվելու ազատ արձակվելուց հետո, շարունակելո՞ւ է արդյոք քաղաքական գործունեությունը և այլն:
Վահագն, դու ազատ արձակվեցիր սովորական ընթացակարգով, գիտենք, որ դիմում ես ներկայացրել Վրաստանի խորհրդարան` պահանջով, որ քեզ քաղբանտարկյալ ճանաչեն: Ի՞նչ ես անելու հիմա, երբ ազատության մեջ ես:
Ես չգիտեմ՝ իմ կարգավիճակը փոխվելուց հետո Վրաստանի խորհրդարանը ինչ կանի: Այն ինձ քաղբանտարկյալ ճանաչել է, փաստորեն: Իմ անունը քաղբանտարկյալների ցուցակից հանվեց, պարզ չէ, թե ինչ հանգամանքներով: Այն կազմակերպությունները, որոնց հանձնարարված էր, որ քննարկեին` քաղբանտարկյալ եմ, թե` ոչ, իրենք եկել էին այն եզրակացության, որ ես քաղբանտարկյալ եմ: Անունս հանվեց այդ ցուցակից, որովհետև ճնշումներ եղան:

Քո գործը գտնվում է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Շարունակելո՞ւ ես պայքարը:
Գործը ընթացքի մեջ է, ետ չի կանչվելու: Սպասելու ենք պատասխանին: Ամեն ինչ անելու ենք, որ 2008-ի դեպքերն ու իմ գործը նաև այստեղ նորից քննություն անցնեն:

Գաղտնիք չէ, որ քեզ բանտարկեցին ջավախահայության իրավունքերի պաշտպանության հարցում ակտիվ պայքար մղելու արդյունքում: Շարունակելո՞ւ ես գործունեությունդ և ինչպիսի՞ արձագանք ես ակնկալում վրացական իշխանությունների կողմից:
Իմ գործունեությունը շարունակելու եմ միանշանակ: Վրաստանի նախորդ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ ոչ միայն Ջավախքի, այլև Վրաստանի ամբողջ քրիստոնյա բնակչությունը հեռանա, դրդում էին այլ կրոնների: Սա արդեն գաղտնիք չէ, այդ մասին այսօր բոլորը բացահայտ խոսում են: Հիմա իշխանություններն ավելի ազատ են: Ես մեծ հույսեր չեմ կապում, բայց հավատում եմ, որ ինձ չեն զրկի գոնե խոսելու իրավունքից: Վերջիվերջո, Վրաստանում գալո՞ւ է մի իշխանություն, որը կհարգի բոլոր ազգերի իրավունքները, կմտահոգվի նրանց հարցերով:

Չորս ու կես տարի է, ինչ Ջավախքում չես եղել: Այդ ընթացքում Վրաստանի ներքին քաղաքական կյանքում մի շարք զարգացումներ եղան` խորհրդարանական ընտրություններից հետո հույս կար, որ Վրաստանի իշխանությունները կփոխեն իրենց քաղաքականությունը կամ գոնե կմեղմեն: Ի՞նչ տրամադրություններ ես տեսնում Ջավախքում:
Ջավախքում տրամադրությունները դրական են: Ժողովուրդը մի քիչ սկսել է շնչել Սահակաշվիլու և նրա հանցավոր ռեժիմից հալածանքներից: Մի քիչ ազատ են զգում և կարող է դրական զարգացման դաշտ ձևավորվի:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Բիձինա Իվանիշվիլիին և կառավարությանը` քեզ ազատ արձակելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանես:
Սահակաշվիլին ընկել է հիստերիայի մեջ: Նրա դիմակը վերջանականապես պատռվում է և ներսում, և Վրաստանից դուրս: Ինչպես տեղյակ եք, իմ գործը, ճիշտ է, Վրաստանի ներսում այդքան հնչեղություն չստացավ, սակայն արտասահմանում մարդու իրավուների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ հետաքրքրված էին: Հիմա այս ամենից հետո նրա դիմակը պատռվում է: Նա այն ժամանակ անհեթեթ փաստարկներ էր բերում ու փորձում էր լռեցնել այդ կազմակերպությունների ձայնը:

Վահագն, վերջում մեկ դրական հարց: Ինչպե՞ս ընդունեց վերադարձդ տղադ: Ի՞նչ էր անում այսքան ժամանակ բաժանումից հետո հորը տեսնելիս: Փոխանցիր մեզ այդ դրական տրամադրություները:
Շատ էր ուրախացել: Դա իմ ընտանքիքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Տղաս ամբողջ օրը պատմում է իմ բացակայության ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին:

Հ.Գ. Բանտարկության տարիներին մեկ անգամ չէ, որ լսեցինք, թե ինչպիսի դաժան պայմաններ էր ստեղծում Սահակաշվիլու ռեժիմը Վահագնի համար: Թույլ չէին տալիս, որ տեսնվի ընկերների ու հարազատների հետ, վտանգվում էր նրա առողջությունը: Նա երկու անգամ հացադուլ էր հայտարարել: Մեզ հետ զրույցում Վահագնը խնդրեց շրջանցել այդ հարցը և չխոսել դրա մասին: «Դրանք ինձ համար վատ հիշողություններ են և չեմ ուզում թունավորել իմ լավ տրամադրությունը»,- ասաց նա:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է

ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է