Համաշխարհային կինոշուկայում Հայաստանի ձեռքբերումնեըը կարող են օգնել դիվանագիտական ասպարեզում

Արտաշես Հովհաննիսյան.

Համաշխարհային կինոշուկայում Հայաստանի ձեռքբերումնեըը կարող են օգնել դիվանագիտական ասպարեզում

PanARMENIAN.Net - Այս տարի մայիսին Երևանում կանցկացվի Ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Հայաստանը դարձել է UNICA-ի ՝ Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության անդամ 2010 թվականին` Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի ջանքերով: Արտաշես Հովհաննիսյանը 1988 թվականին ստացել է UNICA-ի ոսկե մեդալ «Դիրժորներ» 7 րոպեանոց ֆիլմի համար, իսկ 2012-ին 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ ընտրվել է UNICA-ի գերագույն մարմնի՝ Կոմիտեի անդամ: Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի վերջին 3 տարվա ձեռքբերումների, հայկական ոչ կոմերցիոն ֆիլմերի առանձնահատկությունների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է Արտաշես Հովհաննիսյանի հետ:
Ինչպե՞ս առաջացավ նման կինոփառատոն անցկացնելու միտքը
Միտքը առաջացավ 2010 թվականին, երբ հավաքվեցինք ընկերներով մեր ստուդիայում: Որոշեցինք միանալ UNICA-ին, որտեղ 22 տարի առաջ մասնակցել էինք և իմ ֆիլմը ոսկե մեդալ էր ստացել: Դա 1988 թվականին էր, Զագրեբում: Հայաստանը պաշտոնապես միացավ UNICA-ին 2010 թվականի սեպտեմբերին:

Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը արդեն 3-րդ անգամ է անցկացվելու: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս 3 տարվա ընթացքում:
3 տարվա ընթացքում Հայաստանը UNICA-ի համաշխարհային կինոփառատոններում շահել է 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ և 3 պատվոգիր: Թիմային հաշվարկով 2012 -ին մեդալների քանակով 7-րդ էինք 34 երկրի մեջ` հետ թողնելով Ռուսաստանին, Վրաստանին, Գերմանիային, Ավստրիային և կինոարտադրության ոլորտում լուրջ հաջողություններ ունեցող այլ երկրների: Բացի այդ՝ մեր ֆիլմարտադրողները շահել են մեդալներ և պարգևներ Բեռլինի, Յելենիա Գորայի (Լեհաստան), Էբենսիի (Ավստրիա), Լագոյի (Իտալիա), Արաուի (Շվեյցարիա), Լոս Անջելեսի և Ուիլենշպիգելի (Գերմանիա) փառատոններում:

Աճում է արդյո՞ք մարդկանց հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ:
Այո, աճում է հետաքրքրությունը: Այս տարի շատ ավելի ուժեղ ֆիլմեր ենք ներկայացնելու մեր փառատոնին, և կարծում եմ ավելի շատ: Մենք ստանում ենք ֆիլմեր ԱՄՆ-ի, Սերբիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի հայ ռեժիսորներից: Այս տարի միացավ Ղազախստանը: Դեռ 3 ամիս կա մինչև մայիսի 26-ը, սպասում ենք հայ ռեժիսորների ֆիլմերին տարբեր երկրներից:

Ինչո՞վ են առանձնահատուկ հայկական ոչ կոմերցիոն ֆիլմերը: Արդյո՞ք դրանք տարբերվում են UNICA-ի անդամ մյուս երկրների արտադրություններից:
Այո՛, տարբերվում են, նախ ոչ մի երկիր չի ներկայանում մեր պես. մենք միակ համահայկականն ենք, որ ունենք և վերցնում ենք ֆիլմեր հայ հեղինակներից, ինչին UNICA-ում փորձում էին ընդդիմանալ, սակայն հետո հաշտվեցին իմ բացատրություններից հետո կապված մեր մեծ Սփյուռքի առկայության հետ: Նրանք դեմ էին համահայկական գաղափարին, բայց մենք հաղթեցինք այդ հարցում և ոչ միայն հաղթեցինք, այլ նաև մտանք UNICA-ի գերագույն մարմին` Կոմիտե, որտեղ 10 հոգի են ներառյալ նախագահը և գլխավոր քարտուղարը: Մինչ իմ անդամակցությունը այնտեղ եղել է մեկ հայ` Էդմոնդ Քեոսայանը՝ 1985-87 թվականներին:

Ի՞նչ եք կարծում, Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը ի՞նչ ներդրում կարող է ունենալ հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում:
Հայկական կինոյում համագործակցում ենք Կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի և Կինոինստիտուտի հետ: Մեր ներդրումներից ավելի կարևորում եմ քաղաքական ներդրումը, որի արդյունքում Հայաստանի վարկանիշը համաշխարհային և միջազգային կինոշուկայում կբարձրանա: Դրա մասին են վկայում մեր վերջին 2 տարվա ձեռքբերումները: Իսկ դա, գտնում եմ, շատ կարևոր է սառը պատերազմում գտնվող երկրի համար: Ցավոք, մենք չենք ստանում լայնամասշտաբ օգնություն, որպեսզի կարողանանք մասնակցել ավելի շատ կինոփառատոնների և UNICA-ի կոմիտեի նիստերին, որոնք հիմնականում Եվրոպայում են անցկացվում: Բոլորս գիտենք, որ Եվրապառլամենտում է քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության խնդիրները: Ավելի բարձր ռեյտինգ ունեցող երկիրը ավելի շատ կողմնակից կունենա Եվրախորհրդի քվեարկությունների ժամանակ, ցավոք այս փաստը ոչ միշտ է ընկալվում մեր պատասխանատու անձանց կողմից: Նույնիսկ ինձ Հայաստանում ասում են` «փող չունեք մի ներկայացրեք Հայաստանը Միջազգային փառատոններին»:

Այս տարի նախատեսվում են այցելություններ Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Դուք այդպիսո՞վ ճանաչողական նպատակ եք հետապնդում:
Այո, այս տարվա մեր փառատոնը անց է կացվելու երեք օր Երևանում, երկու օր Աղվերանում: Հյուրերի հետ կգնանք Սևան, Բջնի, նույնիսկ գյուղում մեղվաբույծի տուն, որ տեսնեն, հասկանան, որ հայերը խաղաղասեր և աշխատասեր ժողովուրդ են, բացի լավ ֆիլմերից ունեն հարուստ պատմություն և գեղատեսիլ բնություն:

Լուսինե Ոսկանյան
---