Մենք մի փակ շրջանի մեջ ենք, որը ոչ մի տեղից չի պատռվում

Արթուր Ավանեսով.

Մենք մի փակ շրջանի մեջ ենք, որը ոչ մի տեղից չի պատռվում

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից: Դաշնակահարը համագործակցում է «Դիլիջան» համերգաշարի կազմակերպիչների հետ և այս անգամ էլ համերգաշարի շրջանակներում հանդես է եկել Միացյալ Նահանգներում: Հենց այս համերգն էլ առիթ հանդիսացավ նրա հետ հանդիպելու, բայց զրույցը շատ ավելի ընդգրկուն ստացվեց: Համերգի, արտասահմանում ապրող և ստեղծագործող հայ կոմպոզիտորների, ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ համագործակցության, դասադուլների ու հետընտրական Կոնսերվատորիայի մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է Արթուր Ավանեսովի հետ:
Ինչպե՞ս անցավ համերգը Միացյալ Նահանգներում, մի փոքր կպատմե՞ս «Դիլիջանի» մասին:
Համերգի որոշ մասը ամբողջությամբ հաջողվեց, ինձ համար դա մեծ բան է նշանակում, քանի որ աշխատում եմ ամեն դեպքում ինքնաքննադատորեն մոտենալ կատարումներիս: Այս անգամ Կալիֆորնիա նահանգի շնորհակալագիր ստացա, և շատ ուրախ եմ: «Դիլիջանն» ամենամյա է: Բացի ԱՄՆ-ում կազմակերպվող համերգներից՝ այդ համերգաշարով հանդես ենք եկել նաև Հայաստանում: Անցած տարի «Դիլիջանի» շրջանակում Հայասատնում ութ համերգ է եղել:

Կցանկանայի մի փոքր զրուցել ժամանակակից ակադեմիական երաժշտության մասին, երաժշտագետները քիչ են անդրադառնում ժամանակակից կոմպոզիտորներին, ինչո՞վ է դա պայմանավորված:
Հոդվածներ գրվում են, բայց շատ հազվադեպ` երիտասարդ կոմպոզիտորների մասին: Երաժշտության բնագավառում ավագները կարծես լռությամբ պատժում են երիտասարդներին. առհասարակ ոչինչ չեն ասում: Օրինակ, անցյալ տարի ես միայն Հայաստանում մոտ 30 համերգ եմ ունեցել: «Դիլիջան» համերգաշարից հետո մի հոդված եմ կարդացել, որտեղ մի քանի տող էր գրված. «Արտասահմանյան երաժիշտներից մեկը դրական արտահայտվեց հայ դաշնակահար Արթուր Ավանեսովի մասին, բայց դա մեզ չի ուրախացնում»: Սա էր ամբողջը, ինչ գրվել էր այդ համերգներից հետո: Ավագ սերունդը գրեթե հետաքրքրություն չի ցուցաբերում երիտասարդների հանդեպ, սա շատ ցավալի է, որովհետև նրանց պետք է հետաքրքրի, թե ուր է գնում հայ երաժշտարվեստը: Ես ուրախ կլինեի, եթե լիներ թեկուզ քննադատություն. անգամ դա չկա:

Ամերիկյան շրջագայությունների ընթացքում մի քանի անգամ ելույթ ես ունեցել ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, վերջերս ստացած «Գրեմմիից» հետո նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Հայաստանում: Կպատմե՞ս մի փոքր ձեր համագործակցության մասին:
Հոյակապ երաժիշտ է անկախ նրանից հայ է, թե՝ ոչ, չնայած հայերեն չի խոսում: Նրա երաժշտական մեկնաբանությունները շատ յուրօրինակ են: Մանսուրյանի «Հայրենների» նրա մեկնաբանությունը դրա վառ ապացույցն է: Շատ երգեցիկ, տպավորիչ է նրա նվագը, մոտ է վոկալի:

Սակայն չէ որ մինչև «Գրեմմի» ստանալն էլ էր Քիմը հայ և հոյակապ երաժիշտ: Ցավոք, նրա մասին սկսեցին մեզ մոտ խոսել մրցանակը ստանալուց հետո միայն:

Իսկ մինչ այդ անգամ ամերիկահայ մամուլում գրում էին Քիմ Քաշքաշյան և փակագծերում ավելացնում՝ «չշփոթել Քիմ Քարդաշյանի հետ»:

Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը Կոմպոզիտորների միության անդամ չէ:
Կոմպոզիտորների միությունը մի կազմակերպություն է, որը ձևավորվել է խորհրդային շրջանում, իր սկզբունքներով, որոնք գուցե այն ժամանակ տեղին էին: Այսօր էլ աշխատում են այդ նույն սկզբունքներով, ինչ խորհրդային տարիներին: Կարիք չկա անդամագրվել մի կազմակերպության, որի հետ սկզբունքային անհամաձայնություն կա:

Միայն Կոմպոզիտորների միությունո՞ւմ է այդպես, թե՞ մնացած սետղծագործական միություններին է նաև խոսքը վերաբերում:
Մյուս միությունների մասին շատ բան չեմ կարող ասել: Գնահատական տալ առհասարակ չեմ կարող: Վերջերս առիթ ունեցա Գրողների միության գործունեությանը ականատես լինել, տպավարությունս այնպիսին է, որ Գրողների միությունը ավելի բաց կառույց է: Համենայնդեպս, Կոմպոզիտորների միությունը` այնպիսին, ինչպիսին կա, և դրա ղեկավարման մեթոդները ինձ չեն բավարարում:

Դասավանդում ես Կոնսեվատորիայում: Ինչո՞վ է քեզ ոգևորում ու ինչո՞վ հիասթափեցնում այսօրվա ուսանողը: Ուսանողներն արդեն մեկ շաբաթ է՝ դասադուլ են անում, ինչպե՞ս ես վերաբերում դրան:
Այսօր իմ աչքի առաջ կան լավ ուսանողներ, որոնք արդեն իսկ հոյակապ երաժիշտներ են, կամ այնպիսիք, ովքեր կդառնան լավ երաժիշտներ հետագայում: Ճիշտ է, որակների տարբերություն կա, դա անխուսափելի է:

Եթե ուսանողը գնա դասադուլի, ես դա կհասկանամ և կհարգեմ: 20-րդ դարի բոլոր հիմնական փոփոխությունները՝ լիներ դա հեղափոխություն կամ պարզապես բարեփոխում, ծագում էին ուսանողության շրջանում. Հայաստանում տարօրինակ կերպով հակառակն է՝ ուսանողները պասիվ են, և հատկապես պասիվ են Կոնսերվատորիայի ուսանողները:

Բնականաբար, ցավալի է, որ ուսանողը բաց է թողնում դասը, բայց եթե դա անում է նրա համար, որ ինչ-որ բան փոխի, որ ինչ-որ բան մեր կյանքում բարելավի, անգամ ոչ թե պետական մակարդակով, այլ ներբուհական, ես դրա հետ համաձայն եմ:

Հետաքրքիր էր այն փաստը, որ դասադուլի կոչ էին անում հիմնականում լավ սովորող ուսանողները, և հակառակը՝ նրանց ընդդիմանում էին այն ուսանողները, որոնք առանձնապես հետքարքրված չեն ուսումնական պրոցեսով: Եթե դասադուլ է անում լավագույն ուսանողը, այլ ոչ թե այն ուսանողը, ում համար դասադուլը դասի չգնալու պատրվակ է, ուրեմն իսկապես կա խնդիր:

Կոնսերվատորիայում առհասարակ շատ բան չեմ հասկանում: Օրինակ, այն առարկաները, որոնք պարտադիր անցնում են՝ տնտեսագիտություն, ինֆորմատիկա, բնապահպանություն: Դրանք նախարարության կողմից հաստատված են և պարտադիր…

Բուհերում ուսանողական գիտական ընկերություններ կան, ուսանողական խորհուրդներ, միգուցե առաջարկնե՞ր ներկայացվեն նախարարություն:
Կոնսերվատորիան այս առումով շատ պասիվ է, չգիտես՝ ինչու, ես էլ եմ զարմանում: Ուրիշ կոնսերվատորիաներում այդպես չէ: Մեզանում կամաց-կամաց մեծանում է վախի մթնոլորտը:

Վախենում են արտահայտվել: Ինձ շատերն են ասում. «գործ չունես, այսինչ բաները մի ասա»: Սակայն ինչու՞ չասեմ: Երբ որոշ ուսանողներ որոշեցին դասադուլ անել, նրանց անունները հայտնվեցին ռեկտորի սեղանին: Ես դա կհամեմատեի արմատական մահմեդական երկրներում տեղի ունեցող երևույթների հետ: Նույն կերպ, ինչպես ռեկտորի գլխավերևում կախված ՀՀ նախագահի նկարը: Կարծում եմ` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ավելի տեղին կլիներ այդ տեղում տեսնել հենց Կոմիտասին: Ասում են` կարգն այդպես է: Փաստորեն, կա այսպիսի օրե՞նք:

Մի ժամանակ Կոմպոզիցիայի ամբողջ ամբիոնը բողոքում էր, որ խայտառակություն է իրենց ստացած աշխատավարձով աշխատելը, և իսկապես խայտառայկություն է ամիսը 100 դոլար ստանալը: Ես ասացի. լավ, եկեք չաշխատենք, եկեք դիմենք ԶԼՄ-ներին, ասացին՝ չէ, ոնց կլինի: Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում մարդը ասում է՝ վերջ, չեմ աշխատում, որովհետև արհմիություն կա, որի գործունեությունը ղեկավարությունը չի ուղղորդում: Իսկ մեզանում սա մի փակ շրջան է, որը ոչ մի տեղից չի պատռվում: Բոլորը տեսնում են, գիտեն, բայց չեն խոսում:

Ադրբեջանում, որտեղ մինչև վերջերս խոսքի ազատության վիճակը շատ ավելի վատ էր, քան մեզ մոտ (ես չգիտեմ, թե հիմա ինչպես է), կա գրող՝ Աքրամ Այլիսլի, ով չվախեցավ և խոսեց, ասաց այն, ինչ մտածում է: Հայաստանում մտավորականները, հեղինակությունները, ժողովրդական արտիստները մեծ մասամբ լռում են:

Ո՞նց էր, որ Ռուբեն Հախվերդյանը խոսեց: Կապ չունի՝ ինչպես ասաց, կամ դա ինչքանով էր տեղին, բայց ասաց: Ի՞նչ պետք է լինի այն մարդու հետ, ով ասում է, ինչ մտածում է, սպանելո՞ւ են. բարբարոս չեն ամեն դեպքում. առավելագույնը ինչ կարող է լինել` այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ. լռություն, որով պատժում են:

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ մի օր դու էլ կորոշես թողնել Հայաստանը ու ապրել արտասահմանում, ինչպես շատ երիտասարդ կոմպոզիտորներ:
Ես առաջ կասեի՝ ոչ, բայց որքան ժամանակ է անցնում, այնքան մտածում եմ, որ հնարավոր է: Կոնսերվատորիայում հրաշալի մարդիկ կան, հրաշալի մասնագետներ, բայց նրանցից, ցավոք, գրեթե ոչինչ կախված չէ:

Ես աշխարհի շատ կոնսերվատորիաներում եմ եղել: Շատ վատ է մեր կոնսերվատորիայի վիճակը: Որպես օրնակ բերեմ թեկուզ միայն կոնսերվատորիայում ուսանողների պարապելու թեման, որը չգիտես թե ինչու հիվանդագին երանգներ ունի մեզ մոտ: Անգամ Թբիլիսիի կոնսերվատորիայում ուսանողը կարող է մտնել լսարան և պարապել, երբ ցանկանում է. մեզ մոտ պետք է ստանալ թույլատվություն. սովորական օրերի համար մի թույլատվություն, տոն օրերի՝ մեկ այլ, հանգստյան օրերի՝ մեկ ուրիշ, թույլատվություն ստանալու համար հարկավոր է ժամերով սպասել, և դեռ հարց է, կստանաս, թե՝ ոչ: Ես էլ պետք է երջանիկ լինեմ, որ ինձ թույլ են տալիս պարապել. սա աբսուրդ է: Բեռլինում կամ Ցյուրիխում ես կարող եմ մտնել լսարան և պարապել ցանկացած պահի, այն դեպքում, երբ ես կողմնակի անձ եմ:

Մի ժամանակ մեր միջանցքում անգամ հայտարարություն էին փակցրել՝ տուգանել 10 հազար դրամով, եթե ուսանողին տեսնեն առանց դասախոսի պարապելիս: Բացատրությունն էլ` իբր էլեկտրաէներգիա են խնայում:

Այդ և շատ ուրիշ պատճառներով` հենց հնարավորություն է ստեղծվում, մարդիկ գնում են. պարզապես հոգնում են համատարած անբարյացակամությունից:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
---