Ամենավճռական քայլը` մուտք քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյան, Արփինե Հովհաննիսյան.

Ամենավճռական քայլը` մուտք քաղաքականություն

PanARMENIAN.Net - Կանանց տոներին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է «Կինը և քաղաքականությունը» շարքը, որը կսկսենք ԱԺ կին պատգամավորներից: Ինչպե՞ս են իրենց զգում կանայք քաղաքականության մեջ, հավասա՞ր պայմաններում և ինչպիսի՞ մթնոլորտում են աշխատում նրանք: Կներկայացնենք քաղաքականության մեջ արած նրանց ամենավճռական քայլերն ու անելիքները:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ կանանց ուղեղը տղամարդկանց ուղեղից փոքր է: Սակայն փաստել են նաև, որ անկախ ուղեղի չափից, կանայք այն շատ ավելի արդյունավետ են օգտագործում, քան տղամարդիկ։

Կանանց ուղեղը լավագույնս օգտագործելու հարթակներից մեկն էլ երկրի Ազգային ժողովն է: Չնայած Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարեն, այնուհանդերձ, 2012-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների հետո 131 պատգամավոր ունեցող մեր խորհրդարանում կանայք 14-ն են` կազմելով նշված քվոտայի 11 տոկոսը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Հայաստանի խորհրդարան մտավ 2012-ի մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում: Որպես կին-պատգամավոր, որպես փոքրամասնություն Արփինե Հովհաննիսյանն իրեն զգում է մեծամասնության կողմից շրջապատված և հարգված: Հարցին` հե՞շտ է մեր ԱԺ-ում լինել կին պատգամավոր, Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է. «Չէի ասի, որ շատ հեշտ է, բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայ տղամարդիկ կնամեծար են և կնոջ նկատմամբ մեծ հարգանք են դրսևորում, այդքան էլ բարդ չէ: Բայց քաղաքական առումով, բավականին բարդ է»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը: Քաղաքականության մեջ իր ամենավճռական քայլը ՀՀԿ պատգամավորը մինչ այս պահը համարում է քաղաքականություն մտելը. ամեն ինչ դեռ առջևում է:

«Բոլորին ցանկանում եմ պարզ, կանացի երջանկություն: Գուցե կրկնվեմ, գուցե շատ սովորական հնչի, բայց ցանկանում եմ, որ բոլորս ունենանք երջանիկ պահեր և լինենք սիրված»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում կանայք միայն թվաբանական առումով են փոքրամասնություն: Ըստ նրա` խորհրդարանում կա առնվազն մի քանի կին պատգամավոր, որոնք իրենց ունակություններով, ինտելեկտով մի ամբողջ խորհրդարան արժեն: Քաղաքական դաշտում Նաիրա Զոհրաբյանի ամենավճռական որոշումը լրագրության ոլորտից քաղաքականություն անցնելն է: «Ինձ շատ դժվար է տրվել այդ որոշումը, և տևական ժամանակ է պահանջել մինչև այդ որոշումը կայացնելը: Վերջին տարիների ամենաբարդ որոշումը դա էր ինձ համար»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի համար մարտի 8-ի և ապրիլի 7-ի խորհուրդ գոյություն չունի, քանի որ նրա համար միայն Նոր տարին է սպասելի տոն: «Մնացածը պայմանականություններ են: Կնոջը պիտի գնահատես և հարգես ոչ միայն այդ միամսյակում: Ինչպես մարտի 8-ին, այնպես էլ մնացած օրերին կնոջը պետք է հարգել: Բացի այդ, կանայք նախ իրենք իրենց պետք է հարգեն ու գնահատեն, այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ ու լավ կլինի»,- նկատում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հ.Գ. 1990թ-ին Գերագույն խորհրդի 260 պատգամավորից կանայք 9-ին էին, առաջին գումարման ԱԺ-ում`190 պատգամավորից 12 էին կանայք, նախորդ գումարման ԱԺ-ում` 131 պատգամավորից` 12-ը:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---