Օրենք գրող կինը. հավասար պայմաննե՞ր, թե` ոչ այնքան

Հեղինե Բիշարյան, Զարուհի Փոստանջյան.

Օրենք գրող կինը. հավասար պայմաննե՞ր, թե` ոչ այնքան

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կին պատգամավորների թիվը 11-ն է: 6 խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է, որ չունի կին պատգամավոր: ՕԵԿ խմբակցությունն էլ կին է ղեկավարում է: PanARMENIAN.Net-ը կանանց տոների կապակցությամբ շարունակում է ներկայացնել քաղաքականության մեջ հայտնի կանանց: Թե ինչպիսի՞ պայմաններում են աշխատում, ո՞րն է իրենց առաքելությունը քաղաքականության մեջ, ի՞նչ են արել և ի՞նչ անելիքներ ունեն, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել են ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն 10 տարի է աշխատում է օրենսդիր դաշտում: «Չնայած մենք համարվում ենք փոքրամասնություն, բայց բոլոր այն կանայք, ովքեր ԱԺ-ում են, շատ լավ և արդյունավետ աշխատում են: Ես կարծում եմ, որ նրանց թիվը պետք է ավելանա»,- ասում է նա: ՕԵԿ պատգամավորը թվային տարբերության պատճառով տղամարդկանց հետ աշխատելուց որևէ դժվարություն չի ունենում:

Հեղինե Բիշարյանը քաղաքականության մեջ իր վճռական քայլը համարում է քաղաքական դաշտում կանանց դերի բարձրացմանն ուղված իր ջանքերը: «Ես այն կին պատգամավոներից եմ, ով առաջինն է շրջանառության մեջ դրել ու հետևողական եղել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների օրենքի նախագիծը: Դրա շրջանակներում ոչ միայն խորհրդարանում, այլ բոլոր գերատեսչություններում, համայնքներում կանանց դերը կբարձրանա, կանայք կունենան իրենց արժանի տեղը: Այդ առումով մենք դեռ անելիք ունենք»,- նկատում է նա:

Գենդերի մասին օրենքը, ինչպես Հեղինե Բիշարյանն է ասում, անցել է երկար ճանապարհ: Վեց տարիների պայքարի ընթացքում այն այսօր կյանքի է կոչվում և երրորդ ընթերցման է պատրաստվում: «Շուտով դա օրենք կլինի, որով ողջ երկրով մեկ տարբեր համակարգերում կանայք անպայման իրենց տեղը կունենան: Գենդերային խախտումներ չեն լինի: Դա մեծ առաջընթաց է կանանց կյանքում: Ես որպես ՕԵԿ անդամ և զինվոր պայքարում եմ, որպեսզի իմ երկիրը դառնա օրենքի երկիր: Ես դա իմ առաքելությունն եմ համարում: Այն ճանապարհը, որ անցնում եմ, պայքարը, որ տանում եմ, որպեսզի իմ ժողովուրդը ապրի օրենքի երկրում, դա եմ համարում գլխավոր գործը, որ ես անում եմ»,- ասում է Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը կանանց առաջին հերթին առողջություն է մաղթում. «Համբերություն, անամպ երկինք, թե ընտանիքում խաղաղություն լինի, թե հայրենիքում»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նույնիսկ անհավասար պայմանների դեպքում կարողանում է գտնել հնարավորություններ շրջանցելու անհավասարությունները:

Հավանաբար բոլորն են հիշում, մոտ երկու տարի առաջ Երևանում փոքր կրպակների ապամոնտաժման ժամանակ ինչպես էր Զարուհի Փոստանջյանը կռիվ տալիս, որպեսզի չապամոնտաժեն Փափազյան փողոցի կրպակները: Պատգամավորը ատամներով կրծում էր էլեկտրական սղոցի լարերը: «Այն ամենը, ինչ ես անում եմ, իհարկե, իմ խղճի համար եմ անում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի` ԱԺ-ում չպետք է այնպիսի օրենքներ ընդունվեն, որոնք իրականում չեն գործածվելու: «Հայտարարություններ, որոնք չեն նպաստելու հավասար պայմանների ստեղծմանը, չեմ կարծում, որ պետք է ընդունվեն ԱԺ կողմից»,- ասում է նա և նկատում, որ ԱԺ-ում կանանց համար հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ հարցեր բարձրացվում են, սակայն միայն հայտարարությունների մակարդակով, իսկ որևէ առաջընթաց տեղի չի ունենում:

Պատգամավորը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում մեր Ազգային ժողովը պատրաստվում էր օրենք ընդունել հղի կանանց աշխատավարձի վերաբերյալ. «Այնպիսի սահամանփակումներ էին ցանկանում մտցնել, որ նույնիսկ հղի կանանց գրպանն էին մտնում իրենց հասանելի վասատկը վերցնելու համար: Այնպես, որ տղամարդկանց և կանանց պայմանները հավասար չեն»:

Զարուհի Փոստանջյանը շնորհավորում է հայ կանանց միամսյակը և մաղթում հաջողություն, սեր, երջանկություն: «Եվ, իհարկե, շատ երեխաներ»,- ասում է չորս երեխաների մայրը:

Հ.Գ. Հեղինե Բիշարյանն ու Զարուհի Փոստանջյանն իրենց խմբակցություններում միակ կին պատգամավորններն են:

Մարի Թարյան
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---