Փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ

Գաբրիել Սարգսյան.

Փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների հետ վերջին հարցազրույցը: Այս անգամ մենք ներկայացնում ենք հավաքականի 4-րդ խաղատախտակի մոտ հանդես եկող Գաբրիել Սարգսյանին: Նրա հետ հարցազրույցն ավելի շատ հիշեցնում է շախմատային բլից պարտիա` արագ հարցեր ու գերարագ պատասխաններ:
Լևոն Արոնյան:
Լավ մարդ, հրաշալի և հանճարեղ շախմատիստ: Լևոնն, անկասկած, հայկական շախմատի մերօրյա հաջողությունների գրավականն է: Առանց նրա դժվար է պատկերացնել, որ հնարավոր է հավաքականն ինչ որ բանի հասնի:

Տիգրան Պետրոսյան:
Նա հայկական շախմատի հիմքն է: Մեր շախմատը կարելի է երկու մասի բաժանել` մինչև Տիգրան Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանից հետո: Մինչ նրա ելույթ ունենալը մենք ԽՍՀՄ ամենաթույլ շախմատային երկրներից էինք: Տիգրան Պետրոսյան ասելով` հասկանում ենք հենց հայկական շախմատը:

Աշխարհի թիմային չեմպիոն:
Շատ մեծ հաջողություն է մեզ համար: Լավ զգացողություններ ունեցանք, սակայն ինձ համար առաջին տեղում Օլիմպիադայում տոնած հաղթանակներն են:

Շախմատային դպրոց:
Շատ հրաշալի մտահաղացում է, ես շատ մեծ հաճույք եմ ստանում երեխաների հետ մարզումներից: Այն դրական լիցքերով շատ լավ դպրոց է: Դպրոցը ստեղծելիս ես և Լևոն Արոնյանը չէինք էլ պատկերացնում, որ այդքան հաճելի զբաղմունք կդառնա մեզ համար:

Թույլ մրցակից:
Շատ են լինում թույլ մրցակիցներ, նրանց հետ խաղում դժվար է լավ քայլեր կատարել, քանի որ դրանց մասին չեն էլ մտածում: Նման պարտիաներում հենց սկզբից հանգստանում ես, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր կլինի մրցակցին չափից շատ թերագնահատելը:

Կարևոր մրցաշար:
Ինչ որ ժամանակահատվածի աշխատանքի արդյունքի հասնելու նպատակային կետն է:

Գաբրիել Սարգսյան:
Ես փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ:

Թիմային ոգի:
Չափազանց կարևոր է, այն շատ է պետք գալիս նաև կյանքում: Երբ որևէ գաղափարի շուրջ հավաքվում են մարդիկ և պայքարում են ինչ որ բանի համար, դա էլ է թիմային ոգու դրսևորում: Լինում է նաև, որ թիմային ոգին խանգարում է, քանի որ մարդիկ միշտ չէ, որ մտածում են ինչպես դու:

Մարտավկա:
Գործնական մարտավկա ինձ չեմ զգացել, ավելի շատ եղել եմ որպես բարեկամ ու ընկեր:

Փորձ:
Փորձը կյանքում և սպորտում ամենակարևոր դերերից մեկն է խաղում: Առանց փորձի հաջողությունների հասնել դժվար է, հնարավոր է կոնկրետ պահի, սակայն հետագայում այն կկորչի:

Ոգևորություն:
Ոգևորության պատճառով հոգնածությունն այդքան չի զգացվում: Այն էլ փորձի պես անհրաժեշտ մի բան է:

Զինվոր:
Շախմատում այն խաղաքար է, իսկ կյանքում ավելի մեծ դեր է խաղում: Սակայն շախմատում զինվորը կապված է արքայի հետ, հետևաբար նաև դերն է բարձրանում:

Սարգիս Սարգսյան:
Իմ պապիկի պես մարդկանց շատ քիչ եմ տեսել: Նա բոլոր առումներով ինձ համար օրինակելի է եղել, հենց նրա շնորհիվ է, որ ես շախմատիստ եմ դարձել:

Պատանեկան շախմատային Օլիմպիադա:
Պատանեկան Օլիմպիադայի հետ են կապված իմ ամենամեծ, անմոռանալի ու հրաշալի հիշողությունները: Դրանք յուրահատուկ են ինձ համար:

Աշխատասիրություն:
Հայերին այդքան էլ բնորոշ հատկանիշ չէ: Ինձ էլ հաճախ խանգարում է եվրոպական կազմակերպվածության բացակայությունը:

«Բարսելոնա»:
Թիմ, որն ինձ կարողանում է ուրախության պահեր պարգևել: Իսկ, երբ անհաջողություն է լինում, բնականաբար տխրում եմ, բայց մտածում եմ, որ դա ժամանակավոր է:

Շախմատի տուն:
Իմ երկրորդ տունն է, այստեղ հաճախակի եմ լինում:

Միջնախաղ:
Ամենաբարդ փուլերից մեկն է և կյանքում, և շախմատում: Եթե սխալ ես սկսել` պետք է ուղղես այն: Իսկ, եթե ճիշտ ուղու վրա ես` պետք է չկորցնես:

Մանկական մատ:
Ինձ հետ չի հանդիպել, այն ավելի շատ բնորոշ է թիթիզ մարդկանց:

Խաղ համակարգչի հետ:
Շատ ձանձրալի գործ: Չեմ սիրում համակարգչի հետ խաղալ, մարդկանց հետ միշտ էլ ավելի հաճելի է մրցել:

Շախմատային երազներ:
Նման երազներ տեսնում էի փոքր տարիքում: Հաճախ էր լինում, որ որևէ խնդրի լուծում հենց երազում էի գտնում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---