Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը

Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր.

Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը

PanARMENIAN.Net - Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ ջազի վիրտուոզներ՝ Վահագն Հայրապետյանի ու Դանիիլ Կրամերի համատեղ համերգը, որին հաջորդեց «Live in Ekaterinburg» համատեղ ձայնասկավառակի շնորհանդեսը:

Համերգին ներկա գտնվողները դեռ երկար ժամանակ այն չեն մոռանա: Երկու ջազմենները ձայնասկավառակի շնորհանդեսի պատրվակով անմոռանալի ելույթ ունեցան: Ունենալով բացառիկ հնարավորություն, PanARMENIAN.Net ը երկու ջազմեններին տվեց նույն հարցերը՝ ստանալով ամենատարբեր պատասխանները, իսկ PanARMENIAN Photo-ն գնաց հետնաբեմ՝ փորձելով պարզել, թե ինչեր են այնտեղ տեղի ունենանում համերգից առաջ:

Եթե ոչ երաժշտությունը, ապա…

Վահագն Հայրապետյան Երաժշտությունը. ինձ համար: Հոբբին դարձավ իմ կյանքի գործունեության հիմքը: Երբ փոքր ժամանակ նվագում էի, չէի մտածում, որ դրանով եմ ապրելու, պահելու ընտանիքս: Բայց չէի էլ մտածում, որ ուրիշ բան պիտի անեմ: Ուղղակի այդ ժամանակ դրա մասին չես մտածում, հետո այն կամաց-կամաց դառնում է նաև քո աշխատանքը: Այնուամենայնիվ, երաժշտությունը, ջազն իմ օրվա 100 տոկոսը չի կարող զբաղեցնել, քանի որ ընտանիք ունեմ՝ արդեն 70 տոկոսը զբաղված է: Բայց օրվա մի մասն է: Օրինակ, թվում է, որ մի մատն այդքան կարևոր չի, բայց երբ վնասվում է՝ զգում ես, թե ինչքան է այն անհրաժեշտ, հասկանում ես՝ այդ մի մատով ինչեր է արվում: Այդպես լինում է: Չես կարող տարանջատել. մի օրգանիզմ է ու տոկոսների չի բաժանվում:

Դանիիլ Կրամեր Երևի թե ոչինչ, դա արդեն կյանք չի լինի: Ունեմ, իհարկե, հոբբիներ` հետաքրքրվում եմ պատմությունով` հին աշխարհի պատմությունով, նախապատմական կյանքի պատմությունով. նաև համակարգչային խաղերի մեծ սիրահար եմ: Գեյմեր: Առաջ նաև օնլայն-գեյմեր էի, բայց ժամանակը քիչ է, դրա համար էլ հիմա դարձել եմ սովորական գեյմեր: Այս հետաքրքրությունս այնքան տարեկան է, ինչքան որ գոյություն ունեն համակարգիչները: Ասեմ, որ նաև համոզմունքներով եմ գեյմեր. կյանքը տեսնում եմ, ինչպես խաղը: Դա շատ հեշտ է բացատրել՝ ինձ չի բավականացնում իրական կենցաղը, ես այն չեմ սիրում: Այդ պատճառով էլ ֆանտաստիկայի հսկայական գրադարան ունեմ:

Կենցաղում շատ բան դուրս չի գալիս: Ինչպես ասեմ... մենք չենք ապրում այն աշխարհում, որտեղ որ ապրում ենք: Սա հորինված աշխարհ է, իսկ թե որտեղ է իրականը՝ գաղափար անգամ չունեմ: Բայց մենք ապրում ենք աշխարհում, որը չկա. բարդ է բացատրել, բայց դա այդպես է: Եթե փորձեք պատկերացնել ստի այն քանակությունը, որը մեզ մանկուց շրջապատում է, ապա պարզ կդառնա, որ այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք՝ չկա: Կան մարդիկ, կան առանձին դեպքեր, որտեղ մենք անուղղակի մասնակցություն ունենք, բայց այդ դեպքում էլ մենք չգիտենք՝ դրանք իրական են, թե՝ ոչ, որովհետև մենք տեսնում ենք միայն կոնկրետ դեպքը, բայց չգիտենք ոչ պատճառը, ոչ հետևանքները... ոչինչ չգիտենք:

Բացի դրանից, ինձ չեն բավականացնում այն իրերը, որոնք մենք կարող ենք գեղեցիկ ու սովորական համարել: Ես երաժիշտ եմ, չէ. դրանք խանգարում են ինձ նվագել, իրոք խանգարում են: Չեմ կարողանում տանել տգեղ հագնված մարդկանց, ավելի շուտ՝ երբ ես նրանց տեսնում եմ՝ այն, ինչ ես նվագում եմ, փոխվում է: Եթե ունենամ ձանձրալի, իրական կենցաղ՝ կսկսեմ ձանձրալի նվագել: Ու նման բան ինձ հետ եղել է: Դրա համար էլ փախչում եմ դրանից:

Կայուն երաժշտական արժեքները

Վահագն Հայրապետյան Ամենամեծ երաժշտական արժեքը՝ չդավաճանել երաժշտությանը: Ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև եթե ծառայում ես երաժշտությանը, հետո արդեն երաժշտությունն է սկսում քեզ ծառայել: Պիտի ծառայես, որովհետև եթե օգտագործես երաժշտությունը քեզ համար կեղծ անուն ստեղծելու նպատակով, հետո պիտի դադարես… հենց դա եղավ՝ արդեն դադարում ես: Երաժշտության միջոցով դու դառնում ես աստղոտ ինչ-որ մի բան, ու հետո այդ ամեն ինչն առհամարում ու սկսում ես ուրիշ բանով զբաղվել՝ մոռանալով, որ երաժշտությամբ ես վաստակել այդ ամենը. դրա համար պիտի չդավաճանես երաժշտությանը, եթե դու երաժիշտ ես ներքուստ, որովհետև երաժիշտը ներքուստ է լինում: Երաժիշտներ կան, որ նվագում են, բայց ամբողջ կյանքում երաժիշտ չեն դառնա. դա միջից է, էլի: Երաժիշտ լինել չի կարելի սովորեցնել, նվագել՝ կարելի է: Երաժիշտ լինելը… պիտի սիրես: Մարդուն սիրել սովորեցնո՞ւմ են. ոչ: Մարդը կամ սիրել գիտի, կամ՝ ոչ:

Դանիիլ Կրամեր Իսկ ինչպիսի՞ն պիտի լինեն երաժշտական արժեքները: Մի անգամ Հենրիխ Նեյհաուզն ասել է՝ «Դուք կարող եք անել ամեն ինչ, ինչ ուզեք, միայն թե դա համոզիչ լինի»: Ես կավելացնեմ՝ «միայն թե դա մաքուր սրտով լինի»: Վերջ: Կարող են լինել հակաարժեքներ: Կա, օրինակ, մի բան, որը կոչվում է ռուսական շանսոն՝ բանտային գողալեզու, այ դա հակաարժեք է: Ի դեպ, ահռելի հետևանքներով մի ամբողջ երկրի համար: Ինչ վերաբերում է երաժշտական այլ արժեքներին... կարծում եմ՝ միակ իսկական երաժշտական արժեքը ճաշակն ու հոգին են: Էլ ի՞նչ է պահանջվում: Պրոֆեսիոնալիզմը կարելի է ձեռք բերել: Եթե այն չկա՝ ոչ ոք չի գնա լսելու, բայց եթե արդեն կա, անհրաժեշտ են միայն ճաշակ ու մաքուր հոգի:

Ջազի սահմանները

Վահագն Հայրապետյան Այնքան սահմաններ չունի, որ ոչ ազգություն է ճանաչում, ոչ հանդիսատես է ճանաչում, ոչ սեռ է ճանաչում, ոչ տարիք: Այ այդքան բարդ է ջազը:

Դանիիլ Կրամեր Եթե ուզում եք, որ լինեն՝ կլինեն: Չեք ուզում՝ չկան: Դա կախված է ձեր ցանկությունից: Կրկնում եմ, մենք չենք ապրում այն աշխարհում, որտեղ ապրում ենք: Ձեր ցանկությունից շատ բան է կախված: Ուզում եք, որ ջազը սահմաններ ունենա՝ ասեք, որ դրանք կան: Չէ՝ ասեք, որ չկան: Իսկ ինձ մեկ է, ես ուղղակի նվագում եմ: Մի համերգին պետք է, որ լինեն՝ ես, օրինակ, ասում եմ հանդիսատեսին՝ «այսօր կլինի ռեյքթայմի համերգ»: Ես գծեցի մի սահման, բայց եթե չուզեմ, կջնջեմ այն ու կասեմ՝ «Գիտեք, ես հոգնեցի: Եկեք փոխեմ թեման ու ուրիշ բան նվագեմ»: Միշտ եմ այդպես անում:

Հայկական ջազը

Վահագն Հայրապետյան Այդ բառակապակցության հետ մի քիչ համաձայն չեմ՝ «հայկական ջազ»: Ի՞նչ է նշանակում: Այն, որ ջազում սկսվում են ինչ-որ հայկական բանե՞ր կատարվել… Եթե հայ է նվագոողը, դա արդեն հայկական ջազ է: Ինձ նույնիսկ Նյու Յորքում են ասում՝ «are you playing armenian jazz»: Որովհետև քո ձեռագիրն է: Ինչո՞վ ենք մենք տարբերվում մյուս ազգերից՝ մեր արմատներով, չէ: Ամերիկացին այդ արմատները չունի, սևամորթներն՝ ունեն: Ջազն իրենցից դուրս եկավ: Մեր «Դլե յաման»-ն իրենց բլյուզն է, կամ ընդհակառակը: Դրա համար են հայերը մի քիչ ավելի մոտիկ կանգնած այդ ամենին, որովհետև գլխին «չագուչ կերած» ազգեր են: Էտ է՝ աֆրիկացիներն էլ են իրենց գլխին «չագուչ կերել», մենք էլ:

Դանիիլ Կրամեր Հայ ջազմեններին մեկ անգամ լսելն արդեն բավարար էր, որ սիրահարվեի նրանց կատարմանը, նրանց արվեստին: Հենց դա է պատճառը, որ չնայած զբաղվածությանս Հայաստան գալու հրավերները միշտ ընդունում եմ, փորձում եմ հարմարեցնել ժամանակացույցս: Ի դեպ, շատ եմ ասել, որ Կովկասի ու Բալթիայի ժողովուրդը դեռ սովետական տարիներից ձգտումների առումով ջազային էին: Չգիտեմ, ինչով է դա պայմանավորված Բալթիայի ժողովրդի մոտ, միգուցե՝ նախահակվածությամբ, բայց կովկասցիների մոտ դա կապված է բնության ռիթմի հետ: Դուք ասես իտալացիները՝ բնությունից տրված երգելու շնորհ ունեք, բնական ռիթմ, արվեստով զբաղվելու համար ունեք ամեն ինչ: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Ի դեպ, բոլորի մոտ տարբեր է, ամեն ազգ իրենն ունի: Այնքան տարբեր եք միմյանցից երաժշտական առումով, ու բոլորդ հետաքրքիր եք՝ ամեն մեկդ յուրովի: Ամեն անգամ, երբ գալիս եմ, հիանում եմ, երբ լսում եմ:

Վահագն Հայրապետյանի մասին

Դանիիլ Կրամեր Նա իսկական է, ու դրանով ամեն ինչ ասված է: Նրա երաժշտությունն է իսկական, նա իսկական մարդ է: Ինքը նորմալ է. բառի ամենալավ իմաստով: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Որովհետև չի կարող մի մարդ բոլորին հավասարապես դուր գալ: Դա էլ մի մաս է այն գաղափարից, որ մենք չենք ապրում այն աշխարհում, որտեղ ապրում ենք: Նույն մարդն է, չէ՞, բայց բոլորը նրան այնքան տարբեր են ընկալում... ասես դրանք տարբեր աշխարհներ են: Իմ ու Վահագնի երաժշտությունը չի համընկնում, ու հենց դա է ինձ շատ դուր գալիս: Եթե այն համընկներ, ու եթե նվագեին երկու համախոհներ, ապա դա շատ ձանձրալի կլիներ: Անհրաժեշտ կլիներ ամեն ինչ անգիր անել՝ անիմաստ բան կստացվեր: Ես շատ հազվադեպ եմ նվագում մարդկանց հետ, ովքեր ինձ նման են: Նման մարդիկ, գրեթե, չկան էլ: Փորձում եմ ինձ զույգ ընտրել մարդկանց, ովքեր կտրականապես ինձ նման չեն, ովքեր չեն մտածում ինձ նման, ինձ պես չեն նվագում: Դա չափազանց շատ է դուրս գալիս: Մենք մեկ-մեկ մեր երաժշտության մեջ վիճում ենք, հակադրում մեր յուրաձևությունը, մեր մտքերը, երաժշտության ընկալումը: Չէ որ նրանից, որ մենք հակադրում ենք այդ ամենը, ոչ ավելի վատ է դառնում, ոչ՝ լավ: Դա այն է, ինչ անհրաժեշտ է: Հենց դա է հայացքների, մարդկային բնավորությունների բազմազանությունը, մեր աշխարհի բազմազանությունը, որտեղ, հնարավոր է, մենք ապրում ենք: Իսկ միմյանց հասկանում ենք Վահագնի հետ, որովհետև պրոֆեսիոնալ ենք: Մենք գիտենք այդ լեզուն, գիտենք կանոնները: Դա չի նշանակում, որ միշտ համաձայնվում ենք՝ մեկ-մեկ համաձայնվում ենք, շատ ժամանակ՝ վիճում, բայց մենք գիտենք այդ լեզուն: Մենք նույն լեզվով ենք խոսում:.

Դանիիլ Կրամերի մասին

Վահագն Հայրապետյան Շատ կարևոր գործիչ է ջազի ասպարեզում: Եվ կարևոր՝ թե Ռուսաստանում, թե աշխարհով մեկ: Ու այդ տիպի մարդիկ այսօրվա դրությամբ շատ թանկ են ջազն ու ջազային արվեստը պրոպագանդելու համար: Մոտ 15 տարի համագործակցում ենք. շատ եմ եղել իր հյուրը. այս անգամ ինքն է իմը, ու շատ ուրախ եմ դրա համար: Մենք, իհարկե, ընկերություն ենք անում: Շատ ենք միասին տուրերի գնացել, ու մի օրով չէ՝ 15-20 օրով: Այդ ընթացքում ամեն օր նվագում ենք, նույն հյուրանոցում ապրում, գնացքում նույն կուպեում ենք քնում, նույն օդանավով ու մեքենայով ճանապարհ գնում… շատ կարևոր է, որ նույն մարդու հետ ի վիճակի լինես ճանապարհ գնալ ու որ քեզ հաճելի լինի, ծանր չլինի, թեթև լինի: Մեր հիմնական հակասությունները երաժշտական են, ոչ մարդկային, բայց այդ հակասություններից երկուսս էլ շատ բան ենք սովորել, որովհետև Դանիիլը, օրինակ, շատ ավելի… տեղ-տեղ շատ դասական դաշնակահար է: Ինձ այդքան դասականի մեջ խորանալու բախտ չվիճակվեց, չնայած, կուզեի. մի օր, հնարավոր է, այդպիսի համերգ էլ ունենանք: Ինքն ինձ առաջարկեց՝ «подготовь классическую программу, я тебе организую концерты по России»: Թող սա ինձ «հրոց» լինի… Ցանկացած հակասություն մարդուն օգնում է: Եթե խելացի ես մտածում, կարող ես մի բանից սովորել, անգամ քո սխալից, որովհետև միգուցե այդ պահին կողքինդ տեսնում է այն, իսկ դու՝ ոչ:

Հայ հանդիսատեսը

Վահագն Հայրապետյան Եթե դու enjoy չես լինում… այդ enjoy բառը լավն է, էլի: Եթե դու հաճույք չես ստանում քո արածից, հանդիսատեսն էլ չի ստանա: Բայց երբ սկսում ես ինքդ քո արածից… ոչ թե բավարարվել, դա ուրիշ բան է, ուղղակի հաճույք ստանալ: Ջազը հենց դա է: Ու ջազը մի հոգանոց արվեստ չի՝ երկու ու ավելին: Ու հանդիսատեսը հենց այդ էներգետիկադ է զգում այդ ժամանակ: Նա չի նայում՝ այս ակկորդը լավ նվագեցիր, վատ նվագեցիր: Դա դու պիտի իմանաս, որ ճիշտ լինի: Ինքը քո էներգետիկան է զգում. եթե կա: Շատ երաժիշտներ կան, որ ամեն ինչ շատ գրագետ, ճիշտ անում են, բայց այդ խարիզման չունեն: Հայ հանդիսատեսը տարբերվում է. տարբեր է: Լավ ու վատը չեմ ասում՝ ուղղակի տարբեր է: Նախ, ես ինձ լավ եմ զգում Հայաստանում, իմ հայ հանդիսատեսի հետ, որովհետև հարազատ են, էլի: Ջազը հասկանալու բան չկա՝ էներգետիկան է: Երաժշտությունը հասկանալու բան չի, ավելի շատ զգալու է: Ես չեմ հասկանում, որ ասում են՝ այս նկարը հասկանո՞ւմ ես: Ինքը քեզ կամ մի բան ասում է, կամ՝ ոչ: Որ ասում ես «հասկանալ», սկսում ես փակել ամեն ինչ՝ սա սրանց համար է, սա՝ նրանց. չէ: Ընթացքում կերևա՝ ով կընկալի՝ իր համար է. ջազը էլիտար արվեստ չի: Ու մի շատ սխալ ձևակերպում կա, որ պիտի ջազն անպայման կոնյակով ու սիգարով լսել. չէ: Դա այ հենց այդ փակ մտքերն են, իսկ ինքը շատ բաց երաժշտություն է նման բաների համար:

Դանիիլ Կրամեր Այս հանդիսատեսը գիտի ջազը, դրա սովորույթները: Ասեմ, որ երբեք «խաղեր չեմ տալիս» հանդիսատեսի հետ: Ես դա թողնում եմ փոփսային՝ դա իր առանձնահատկությունն է: Ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ եք մեզ բերել ցույց տալու: Բացատրում եմ՝ ես չեմ բերում ցուցադրելու, դա փոփ երաժշտությունն է անում: Իսկ ինչպես եմ շփվում հանդիսատեսի հետ՝ չեմ շփվում, միայն նվագում եմ ու ասում այն, ինչ հարկ եմ համարում, ոչ ավելին:

Հ.Գ. Դանիիլ Կրամերի երաժշտական աշխարհը

Այն փոքր է: Ես ստեղծել եմ իմ աշխարհը, որտեղ իմ ընկերներն են: Ես ֆինանսապես բավականին ապահովված եմ, որ կարողանամ ինձ թույլ տալ ստեղծել իմ սեփական աշխարհը, որտեղ, անկեղծ ասած, թողնում եմ միայն նրանց, ով ինձ հաճելի են՝ ում հետ աշխատում եմ, ընկերություն եմ անում. դրանք այն երաժիշտներն ու մարդիկ են, առանց որոնց ես չէի ուզի ապրել: Այ, Վահագնը՝ դրանցից մեկն է: Ինձ դուր է գալիս նրա հետ, հաճույքով եմ նվագում: Բայց ոչ բոլոր մարդիկ կարող են ու ոչ բոլորն են ուզում դա անել, ու ոչ բոլորն են հասկանում, թե ինչ աշխարհում են ապրում... բայց սա ընդամենն իմ անձնական կարծիքն է, ոչ ավելի:

Կրամերը՝ իմպրովիզների մասին

Միշտ: Իսկ ինչո՞ւ ես պիտի կանխատեսելի լինեմ: Ես հիմա էլ եմ հորինում: Կյանքում էլ: Մի անգամ վարպետության դասեր էի տալիս Խարկովում: Երաժշտական թեորիաներից մեկն էի մշակում ու աշակերտներիս հետ նման փորձ էի անցկացնում: Մեկ էլ տարեց մանկավարժներից մեկը, ով նստած էր դասիս, սարսափով բացականչեց՝ «Ես քսանհիգ տարի այդ կերպ եմ աշխատում աշակերտներիս հետ, հիմա ինչո՞ւ պիտի ոճս փոխեմ»: Ես չդիմացա. «Աստված իմ, ահավոր է․ քսանհինգ տարի շարունակ անել նույն բանը»: Նա շատ վիրավորվեց...

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
---