Նորայր Մեսրոպյան.«Արարատ-73». Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի 3 հունիսի 2013 PanARMENIAN.Net - Դժվար է գտնել մի հայի, որը լսած չլինի «Արարատի» մասին: 40 տարիների ընթացքում այս թիմին շարունակել են սիրել, հպարտանալ 1973 թվականին մեծ հաղթանակները կերտած ֆուտբոլիստներով: Հենց նրանք են, որ ֆուտբոլը Հայաստանում և ԽՍՀՄ-ում բարձրացրին մի նոր մակարդակի վրա ու հավերժացան «Արարատ-73» անունով: Մենք էլ մտովի տեղափոխվում ենք հեռավոր 1973 թվական ու խոսում թիմի անփոխարինելի ձախ պաշտպան Նորայր Մեսրոպյանի հետ: «Արարատի» յուրահատկությունը նրա միասնականության մեջ էր «Արարատի» յուրահատկությունը կայանում է նրանում, որ շատ միասնական է: Բոլոր տղաներն էլ համախմբված են: 1971 թվականից մենք արդեն զգում էինք, որ ուժեղ ենք մյուս թիմերից: Մենք առաջատար չունենք, բոլորս հավասար ենք ու օգնում ենք իրար: Դժվար է գտնել ավելի համախմբված թիմ, քան «Արարատն» է, և դրանով ամեն ինչ ասված է: Պատահական չէ նաև, որ «Արարատի» մի քանի խաղացողներ հանդես են գալիս ԽՍՀՄ հավաքականներում և մշտապես ընդգրկվում են լավագույն 33 խաղացողների մեջ: Ցանկացած թիմի հետ էլ հեշտ չի խաղալ, բայց, հատկապես, Լվովի «Կարպատների» հետ հանդիպումները դժվար են ստացվում, քանի որ նրանք շատ կոպիտ են խաղում: Հայաստանում սիրում են ասել, որ Թբիլիսիի ու Բաքվի թիմերին հաղթեք, մյուսների հետ ինչ ուզում եք արեք: Սակայն բոլորի հետ էլ դժվար է, քանի որ մենք պայքարում ենք միայն հաղթանակի համար:
Մեր հաղթանակներից հետո մարդիկ իրենց պլանները գերակատարում են Եթե ֆուտբոլիստը դուրս է գալիս խաղադաշտ, պետք է անի ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Գավաթի եզրափակչում էլ մենք հենց այդպիսի տրամադրվածությամբ էինք գործում: Պարտության եզրին լինելով` ուժ գտանք ու պայքարեցինք մինչև վերջ: Առաջին կեսից հետո Նիկիտա Սիմոնյանը մեզ այնպես տրամադրեց, որ չէինք կարող այդ խաղում չհաղթել: Նյարդային հանդիպում էր նրանով, որ գավաթի ճակատագիրն էր որոշվում, ու մի քիչ լարված էինք խաղում: Մենք չհանձնվեցինք, ու այդ հաղթանակն անչափ ուրախացրեց մեզ: Յուրաքանչյուր ոք ձգտում է իր աշխատանքում գագաթնակետին հասնել, իսկ մեզ դա հաջողվել է: Մեր հաղթանակներից հետո մարդիկ իրենց պլանները գերակատարում են: Հայերենը խաղադաշտում շատ է օգնում մեզ Մի քանի տարի է, որ մոտ 9 խաղացողներ մշտապես միասին ենք խաղում, մենք գիտենք, թե մյուսներն ինչպես են սիրում գործել խաղադաշտում: Մենք չափից շատ համախմբված ենք ու բոլորս իրար շատ լավ հասկանում ենք: Առանց նայելու էլ գիտենք, թե տվյալ պահին մեր թիմակիցներից ով որ դիրքում կարող է լինել: Մեզ շատ է օգնում նաև մեր լեզուն, երբ խաղադաշտում մենք հայերենով ինչ որ բան ենք պայմանավորվում, ոչ ոք մեզ չի հասկանում: Մենք անչափ հավատում ենք մեր ուժերին, վստահ ենք մեզ վրա ու խաղից առաջ դեռ համոզված ենք լինում, որ արտագնա խաղերում անպայման հաղթելու ենք: Երբ մտնում ենք դաշտ ու տեսնում, թե ժողովուրդն ինչպես է երկրպագում մեզ, անգամ վնասվածքի գնով անում ենք ամեն ինչ, որ նրանք չհիասթափվեն: Ու մեզ կրկնակի ուրախություն է պատճառում այն, որ այդքան մարդկանց երջանկացնում ենք: Մենք բոլոր մրցակիցներին ճանաչում ենք, գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն ու ինչ դիրքերում են նրանք խաղում: Ու մենք նախապես որոշում ենք, թե ինչպիսի մարտավարությամբ ենք խաղալու նրանց դեմ: Իհարկե, խաղի ընթացքում փոփոխություններ կատարվում են: Ես գիտեմ, թե մրցակցի հարձակվողներին ինչպես հսկեմ Ես ձախ պաշտպան եմ, ու ինձ համար հատկապես անհարմար է Թբիլիսի «Դինամոյի» հարձակվող Վլադիմիր Գուցաևին հսկելը, նա շատ արագ է: Բայց ես միշտ տարածություն եմ պահում նրա հետ պայքարում, որպեսզի չկարողանա ինձ շրջանցել: Գուցաևն էլ մի անգամ խոստովանել է, որ մրցակցի պաշտպաններից նրա դեմ միայն ես կոպիտ խաղ չեմ ցույց տվել: Ես գիտեմ, թե ում ինչպես հսկեմ: Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի ամբողջ աշխարհում: Մեր ցույց տված խաղն է գրավել աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերին: Մենք զարմանում ենք, որ անգամ Սուդանում ու Ալժիրում մեզ երկրպագուներ են դիմավորում:
Սիմոնյանի շնորհիվ մրցավարները չեն կարողանում մեր դեմ որևէ բան անել Երբ Նիկիտա Սիմոնյանը եկավ, մեր թիմն արդեն կայացած էր: Մենք 1971 թվականին ավելի լավ էինք խաղում: Նա ճանաչված մարզիչ է, իսկ դա նշանակում է, որ դատավորները չեն կարողանում մեր դեմ որևէ բան անել: Թիմի մարզչական շտաբում ֆուտբոլի մեծ գիտակներ են աշխատում, և մենք շատ լավ ենք իրար հասկանում: Պելեն գոլեր է խփում, բայց Բեքենբաուերն էլ չի թողնում գրավել դարպասը Ես շատ եմ սիրում Ֆրանց Բեքենբաուերի խաղը: Բոլորը Պելեին են սիրում, որովհետև նա գոլեր է խփում: Բայց Բեքենբաուրեն էլ չի թողնում, որ իրենց դարպասը գրավեն: Ես էլ որպես պաշտպան իր խաղաոճն եմ նախընտրում: Սխալ է ֆուտբոլիստների միջև ընդհանուր բաներ որոնել, որովհետև անհնար է Պելեին և Յաշինին համեմատել: Իմ կարիերայի ընթացքում ընդամենը մեկ դեղին քարտ եմ ստացել Շատ է պատահել, որ վնասվածքով եմ հանդես եկել: Ոտքի վնասվածքով խաղալուց հետո այն 3 ամիս գիպսի մեջ է մնացել: Եղել է նաև, որ դեմքի լուրջ վնասվածքով եմ դուրս եկել խաղադաշտ, բայց երբեք չեմ թուլացել: Ես չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են, առանց փոխարինման ես հանդես եմ եկել 122 խաղում: Ես սիրում եմ նաև գրոհներին միանալ: «Արարատի» ձախ եզրում խաղում ենք ես, Արկադի Անդրեասյանը և Նիկոլայ Ղազարյանը, ու մենք հիանալի գրոհներ ենք կազմակերպում: Իմ կարիերայի ընթացքում երբեք կարմիր քարտ չեմ ստացել: Դա ռեկորդ է պաշտպանի համար, իսկ դեղին քարտ ընդամենը մեկ անգամ եմ ստացել: Երբեք կոպիտ չեմ խաղացել, բայց կոպիտ պայքար մղել եմ: Իմ տեխնիկայի հաշվին էի գնդակ խլում: Դասախոսներն ու միլիցիոներները միշտ օգնում են մեզ «Արարատի» խաղացող լինելը մեծ առավելություն է տալիս մեզ, հատկապես` սովորելու ընթացքում: Ժողինստիտուտում ընդունելության քննություն էր, և ես խաղից նոր էի վերադարձել: Քննական հանձնաժողովն ինձ շատ օգնեց, թույլ տվեց, որ արտագրեմ: Սակայն ավարտելուց հետո արագ դուրս եկա, ու ինձ վրա մի քիչ զայրացան, ասելով. «Կիմանան, որ արտագրել ես, գոնե մի քիչ սպասեիր»: Դասախոսներն իսկապես շատ են օգնում, ինչի համար շնորհակալ ենք բոլորից: Իսկ մեքենայով խախտում անելու դեպքում` միլիցիոներները մեզ կանգնեցնելուց հետո «չեստ» են տալիս, գովում ու բաց թողնում: Բայց խախտումները երբեք չեն գրանցում: Մեզ շատ է սիրում նաև ժողովուրդը: Երբ հանդիպումից հետո վերադառնում եմ, բոլոր հարևանները հավաքվում են ու ինձ դիմավորում: Իսկ պարտություններից հետո փորձում եմ աննկատ տուն մտնել, որպեսզի ոչ ոք չնկատի ինձ: Հայրս մեծ երկրպագու է, ու միշտ սեղան է գցում ու նշում մեր հաղթանակները:
Ամենաշատը 150 ռուբլի պարգևավճար ենք ստացել Մարզիկները սովորաբար այդքան էլ չեն սիրում խոսել դրամական պարգևների մասին, բայց ես անկեղծ կլինեմ` մեր պարագայում գումարային պարգևավճարը կախված է ստադիոնի մարդաշատությունից: 70 հազարի դեպքում ստանում ենք մոտ 100-150 ռուբլի: Դրանից շատ երբեք չենք ստացել: Իսկ ամենաքիչը 30-40 ռուբլի է եղել: Առանձին աշխատավարձ էլ ենք ստանում: Մենք գրանցված ենք տարբեր տեղերում` Կամազի գործարանից մինչև տարբեր հանքեր: Նշվում ենք որպես ֆուտբոլի հրահանգիչ: 40 տարի անց` 2013-ին, ֆուտբոլն ավելի կզարգանա ողջ աշխարհում Ուզում եմ պատկերացնել, որ 40 տարի անց` 2013-ին, «Արարատն» ավելի կհզորանա, ֆուտբոլն ավելի կզարգանա ողջ աշխարհում: Արարատցիները հանդես կգան «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբներում և ԽՍՀՄ հավաքականում, որը կկարողանա դառնալ Եվրոպայի կամ էլ աշխարհի չեմպիոն, Բրազիլիան էլ երկրորդը կլինի: Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |